Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Բարեկամության այգի. ինչպես է Ռուբեն Վարդանյանի գաղափարը փոխում քաղաքը

Նոյեմբեր 02,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրու Բարեկամության այգու վերականգնման ու զարգացման ծրագիրը, որը մեկնարկել էր դեռևս 2018 թվականին՝ բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ և իրականացվում էր նրա IDeA հիմնադրամի կողմից, այսուհետև շարունակելու է «Ազնավուր» հիմնադրամը: Այս մասին հայտնի դարձավ անցած ամիս՝ «Ազնավուր» և IDeA հիմնադրամների համատեղ հաղորդագրությունից: Չնայած այգին դեռ շարունակելու է զարգանալ, հայեցակարգով նախատեսված մի շարք ենթակառուցվածքներ դեռ պիտի ավելանան, բայց այն արդեն դարձել է գյումրեցիների սիրված վայրերից մեկը: Եվ քանի որ այգու համար սկսվում է նոր փուլ, «Առավոտը» որոշեց անդրադառնալ այգու ստեղծման պատմությանը: Քչերը գիտեն, որ այս ծրագրի ոչ միայն նախաձեռնողը, այլև խոշոր նվիրատուն Ռուբեն Վարդանյանն է, որի ներդրումը նշանակալի է՝ մոտ 5,4 մլն ԱՄՆ դոլար։

Այգու ստեղծման պատմությունը ներկայացնելու համար մենք զրուցել ենք Բարեկամության այգու ծրագրի արդեն նախկին ղեկավար, IDeA հիմնադրամի նախկին տնօրեն Ելենա Մուրադյանի հետ:

 Գաղափարից իրականություն

«Գյումրին Ռուբեն Վարդանյանի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ «Հայաստան 2020» նախաձեռնության՝ զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացման 5 ռազմավարական ուղղություններից մեկն է: Նա միշտ ասում էր, որ Հայաստանի հյուսիսային այս կետում պետք է այնպիսի սոցիալական-հանրային ծրագիր իրականացվի, որն ինքնին կատալիզատոր կդառնա նոր բիզնես ծրագրերի համար: Դեռ այգու ծրագիրն ամբողջությամբ չի ավարտվել, բայց արդեն կարող եմ ասել, որ այն իսկապես կատալիզատոր է դարձել: Երբ այգին սկսեց կառուցվել, դիմացը մեծ առևտրային կենտրոն բացվեց, շրջակայքում փոքր բիզնեսներ հիմնվեցին, տարբեր հաստատությունների համար տեղանքը գրավիչ դարձավ, անգամ՝ բնակարանների գներն սկսեցին այս հատվածում բարձրանալ», – պատմում է Ելենա Մուրադյանը:

Բարեկամության այգու ստեղծման գաղափարը ծնվել է Կումայրիի վերականգնման ծրագրի իրականացումից հետո, որը մշակել էր «Գյումրի փրոջեքթ հոփ» հիմնադրամը՝ Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ: Ծրագիրը հետագայում իրականացվեց Կարեն Կարապետյանի կառավարության կողմից ՝ 2017 թվականին:

«Երբ Կումայրիի վերականգնման ծրագիրը սկսեց աշխատել, զբոսաշրջիկների հոսքը շատացավ, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ պետք է գտնել հանրային նշանակության և Գյումրիին անհրաժեշտ այն խոշոր սոցիալական ծրագիրը, որը կաշխատի հօգուտ քաղաքի զարգացման: Մենք բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ունեցանք գյումրեցիների հետ, և այդ քննարկումներից հասկացանք, որ ճիշտ կլինի ստեղծել կանաչապատ սոցիալական տարածք, որը կդառնա հանգստի, ժամանցի, փոքր բիզնեսի կազմակերպման, միջոցառումների անցկացման վայր և կծառայի յուրաքանչյուր բնակչի՝ անկախ տարիքից»,- մանրամասնում է Ելենա Մուրադյանը:

Ինչո՞ւ ընտրվեց հենց տնակներով «բնակեցված» Բարեկամության այգու տարածքը

Այգու ստեղծման գաղափարը ներկայացվում է տեղական իշխանություններին: Համայնքապետարանը տարբեր տարածքներ է առաջարկում ծրագրի իրականացման համար, այդ թվում նաև՝ Բարեկամության այգու ներկայիս տարածքը:

«Առաջարկված բոլոր տարածքներում, բացի Բարեկամության այգու տարածքից, հնարավոր կլիներ ծրագիրը շատ արագ և ավելի քիչ ներդրումով իրականացնել: Բայց Ռուբեն Վարդանյանն ընտրեց հենց այդ՝ ամենաբարդ տարածքը: Մի քանի պատճառով: Առաջինը՝ խորհրդային տարիներին այն եղել էր այգի, անգամ ժամանակին «Անտառի սադ» է կոչվել՝ ծառաշատ լինելու պատճառով, և նրա համար կարևոր էր, որ այդ հատվածը շարունակեր մնալ որպես այգի: Երկրորդը՝ այդ այգին երկրաշարժից հետո ստեղծված բնակելի թաղամասերը կապում էր քաղաքի կենտրոնի հետ, և երրորդ ու, միգուցե, ամենակարևորը՝ ծրագիրը նաև սոցիալական լուրջ խնդիր էր լուծում այդ տարածքում տեղակայված տնակների բնակիչների համար: Նա միշտ ասում էր, եթե Գյումրիում ծրագիր իրականացնես ու քաղաքի ամենացավոտ խնդրից չսկսես, հաջողության չես հասնի»,-պատմում է Ելենա Մուրադյանը:

Այգու տարածքը մինչև ծրագրի մեկնարկը

Ընդ որում, հենց տնակների առկայության պատճառով շատ ներդրողներ խուսափում էին այդ հատվածում որևէ ծրագրի իրականացումից, մինչդեռ Ռուբեն Վարդանյանը որոշում է սկսել հենց սոցիալական խնդրի լուծումից: Ու 2018 թվականին տնակների բնակիչների բնակարանային խնդրի լուծմամբ էլ մեկնարկում է Բարեկամության այգու վերակառուցման բավականին հավակնոտ ու խոշորամասշտաբ ծրագիրը:

«Համայնքապետարանի հետ համատեղ մենք բոլոր քսան տնակների բնակիչների հետ առանձին-առանձին աշխատեցինք, և նրանց հետ միասին էլ ընտրեցինք իրենց ապագա բնակարանները: Ռուբեն Վարդանյանի համար կարևոր էր, որ բնակիչներն իրենց ցանկությամբ և իրենց միջավայրում ընտրեն բնակարանները, որոնք ձեռք բերվեցին նրանց համար: Այդ բնակարանային ապահովության ջանքերին միացավ «Ազնավուր» հիմնադրամը, որն այսօր ստանձնել է ծրագրի շարունակությունը, ինչպես նաև Fund for Armenian Relief-ը (FAR): Ընդ որում՝ մենք նրանց չէինք էլ դիմել. նրանք իմացել էին այդ մասին և իրենց նախաձեռնությամբ միացել»,-հիշում է Ելենա Մուրադյանը:

Ելենա Մուրադյանը նշում է, որ այդ սոցիալական բաղադրիչի հաջող իրականացման մասին է վկայում այն, որ տնակների նախկին բնակիչներից ոմանք անձամբ ներգրավված էին այգու վերակառուցման աշխատանքներում. «Նրանցից մեկը մեզ օգնեց այգու ջրամատակարարման ինժեներական համակարգի հարցում: Այդ ընտանիքներից ոմանց այնուհետև աշխատանքի հնարավորություն առաջարկվեց այգում: Այսինքն, իրականում նաև լայն ներառականություն ունեցանք»:

Այգու հայեցակարգը ստեղծվեց անթրոպոլոգիական հետազոտությունից

Այգու հայեցակարգի վրա աշխատել է երիտասարդ ճարտարապետների խումբ, որոնք քաղաքային զբոսայգիների ստեղծման փորձ ունեին:

«Որոշեցինք, որ սկսում ենք ոչ թե ճարտարապետական հայեցակարգից, այլ՝ անթրոպոլոգիական հետազոտությունից, քանի որ ուզում էինք հասկանալ, թե բնակիչներն ինչպես են հիշում այգին, ինչ կուզեին ունենալ: Ճարտարապետների հետ զուգահեռ սկսեցին նաև աշխատել սոցիոլոգները: Սկզբում ծնվեց այգու մոդելը՝ մարզական, մանկական գոտիներ, սահադաշտ, վերնիսաժ, իսկ հետո, արդեն, ըստ այդ պահանջների, մշակվեց բուն ճարտարապետական հայեցակարգը: Դրա հաստատումից հետո բազմաշերտ հանրային լսումներ անցկացրեցինք, այդ թվում՝ մեծ հանրային լսում, որպեսզի Գյումրիի բնակիչները ծանոթանան, իմանան՝ ինչ է լինելու իրենց քաղաքում»,- պատմում է Ելենա Մուրադյանը:

Քանի որ խորհրդային շրջանում այգին ծառաշատ է եղել, և 90-ականների ծանր տարիներին ծառերի մեծ մասը հատվել էր, Ռուբեն Վարդանյանը հատուկ նշանակություն է տալիս կանաչ տարածքների «վերադարձին»: «Բոլոր ծառատունկերն անցկացվել են բնակիչների մասնակցությամբ ու ներգրավվածությամբ: Վարդանյանը շատ էր կարևորում, որ բնակիչների համար այգին դառնա իրենցը, որտեղ անգամ ունենան իրենց ծառը, այսինքն, առաջանա հանրային հոգածության զգացողություն: Ու, իմ կարծիքով, այդպես էլ ստացվել է: Գիտեք, հիմա, երբ մարդիկ մտնում են այգի, ակամա հանգցնում են ծխախոտը, որ օդը մաքուր մնա և փնտրում են մոտակա աղբամանը՝ մնացորդը նետելու համար, որ հանկարծ այն չընկնի գետնին», -ասում է Ելենա Մուրադյանը:

Ծառատունկ

Հանրային–մասնավոր համագործակցության մոդելի ձեւավորում

2021 թվականին ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչի իրականացման համար ներգրավվում է նաև Համաշխարհային բանկը՝ ՀՀ կառավարության և համայնքի աջակցությամբ: Ու այսպիսով սկիզբ է դրվում հանրային-մասնավոր համագործակցությանը: Հետո միանում է GIZ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող սահադաշտի բաղադրիչի մասով: «Այսինքն, մենք վստահաբար կարող ենք ասել, որ այգու վերակառուցման ծրագիրը նաև հանրային-մասնավոր փոխգործակցության արդյունավետ օրինակ է»,-նշում է Ելենա Մուրադյանը:

Ինչ հնարավորություններ կան արդեն եւ ծրագրի ավարտին ինչպիսին է լինելու այգին

Այս պահին այգում հնարավոր է ամբողջությամբ օգտվել մարզական բաղադրիչից՝ առկա են մարզասարքեր, ստեղծված են բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի հնարավորություններ, սքեյթ- պարկ: «Մյուս հատվածը կարուսելներն են, ինչը երեխաների համար է շատ կարևոր, քանի որ Գյումրիում զվարճանքի նման վայր չկար: Իհարկե, գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը հաճույքով են օգտվում սահադաշտից, որը գործում է ձմռան ամիսներին: Գործում են Վերնիսաժի տաղավարները, որոնք թույլ են տալիս տեղացի վերապետների արտադրանքը ներկայացնել և վաճառել: Բացի այդ, տարածքը օգտագործվում է որպես նախընտրելի փառատոնային վայր: Հիմա եթե քաղաքում պետք է միջոցառումներ անցկացվեն, առաջինը դիտարկվում է հենց այգու հատվածը»,-ասում է Ելենա Մուրադյանը:

Այգու կարուսելները

Դեռ պետք է մի շարք կարևոր բաղադրիչներ ավելացվեն՝ սննդի համար նախատեսված գոտին, մանկական խաղահրապարակի մյուս կեսը, համայնքային կենտրոնը, այգեգործական դպրոցը և այլն: Սակայն ներդրումների մեծ մասը՝ ընդհանուր առմամբ մոտ 7,5 մլն դոլար, արդեն արված է, քանի որ հանրային ենթակառուցվածքների բաղադրիչն ամենածախսատարն է: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 12,2 մլն դոլար է, ինչը Գյումրիի համար բավականին խոշորամասշտաբ ներդրում է:

Այգու մարզական գոտին

Սահադաշտը

Ժամանց

Ինչո՞ւ էր Ռուբեն Վարդանյանի համար կարեւոր այս ծրագիրը, որը նրանից պահանջում էր միայն ներդրումներ եւ զրո եկամուտ

«Ինչպես Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերի մեծ մասը, այս ծրագիրը ևս բիզնեսի կամ փողի մասին չէր: Այն պետք է հստակ սոցիալական ազդեցություն ունենար, ու դա նրա համար ամենակարևորն էր: Եվ, ինչպես նշեցի, ծրագիրն արդեն իսկ ունի այդ ազդեցությունը՝ դեռ ամբողջությամբ չավարտված:

Բարեկամության այգու վերակառուցման նախաձեռնությանն ընթացքում միացել են տարբեր գործընկերներ, բայց դա Ռուբեն Վարդանյանի անձնական գաղափարն էր: Նրա ջանքերի ու նվիրվածության շնորհիվ է այդ ծրագիրն իրականացվում: Նա նաև ծրագրի ամենախոշոր նվիրատուն է:

Ռուբեն Վարդանյանը՝ Բարեկամության այգու աշխատանքներին ծանոթանալիս, 2022թ. մայիս

Ռուբեն Վարդանյանը մի տեսակ հատուկ «թուլություն» ուներ քաղաքներում հանրային տարածքների ստեղծման հարցում, և սա նրա միակ այսպիսի ծրագիրը չէ: Դիլիջանում էլ նա սկսել էր քաղաքային այգու վերակառուցման ծրագիրը՝ տարբեր սեփականատերերից ձեռք բերելով նախկին քաղաքային այգու կտրտված բոլոր տարածքները, դրանք միավորելով և ստեղծելով այգի: Եվ այնտեղ էլ քիչ գումար չի ներդրել՝ ավելի քան 4 մլն դոլար:

Կարծում եմ, եթե չլիներ Ռուբեն Վարդանյանի տեսլականը, թե՛ Գյումրիում, թե՛, առավել ևս Դիլիջանում, հիմա այլ պատկեր կլիներ: Նրա գաղափարները, նրա նախաձեռնությունները միայն դրական փոփոխությունների, զարգացման ու ապագայի մասին են: Նա ուզում էր ավելի լավը դարձնել Հայաստանը, ու չէր սպասում, որ դա անեն ուրիշները, սկսում էր հենց ինքը»,- եզրափակում է Ելենա Մուրադյանը:

Գլխավոր լուսանկարում՝ Ելենա Մուրադյանը` Ռուբեն Վարդանյանի հետ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել