Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վստահ ենք՝ ալիևյան Սահմանադրությունը հանրության շրջանում որևիցե աջակցություն չի ստանալու»․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Նոյեմբեր 02,2026 12:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, որպեսզի կողմ քվեարկեն նոր Սահմանադրությանը։

«Ինչ վերաբերում է ալիևյան Սահմանադրությանը, մենք վստահ ենք, որ այն հանրության շրջանում որևիցե աջակցություն չի ստանալու։ Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ նախաստորագրված «խաղաղության պայմանագրում» չկա կետ Սահմանադրության փոփոխության պահանջի մասին։

«Մենք վստահ ենք՝ ալիևյան Սահմանադրությունը հանրության կողմից աջակցություն չի ստանալու։ Հենց սա ենք մենք փորձում հասցնել ժողովրդին, որ Ադրբեջանն իր ուզածը փաստացի ստանում է առաջնահերթությամբ, իսկ հայ ժողովրդի ուզածը՝ խաղաղությունը, որը ամրագրված է փաստաթղթերով, հետաձգվում է անորոշ ժամանակներով»,- ասաց նա։

Հարցին՝ կա՞ մի առաջարկ, որը Փաշինյանը կարող է անել «Ուժեղ Հայաստանին», որից հետո իրենք կաջակցեն, որպեսզի իշխանության հեղինակած նոր Սահմանադրության նախագիծը հասցվի հանրաքվեի, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հայ ժողովրդին ու ՀՀ-ին խոստացել է խաղաղություն և պետք է կատարի այդ խոստումը։ Եթե խոսում ենք երաշխիքների ու առաջարկների մասին, առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Թող ստորագրված խաղաղության պայմանագիրը բերվի ԱԺ, եթե ԹՐԻՓՓ-ի հետ միասին բերվեր, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ կքվեարկեր»։

Աբրահամյանը հավելեց՝ այնպես չէ, որ «Ուժեղ Հայաստանը» դեմ է ԹՐԻՓՓ-ին։ Բայց պետք է հասկանալ ընդհանուր ժամանակագրական հարցերը․ ԹՐԻՓՓ-ը և խաղաղության գործընթացը մեկնարկել են զուգահեռ, և իրականության մեջ, ժողովրդի մոտ էլ ԹՐԻՓՓ-ը նույնականացվում է խաղաղության պայմանագրի հետ։

«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընտրություններն անցնել են, և այն խոստումներով, որով ՔՊ-ն եկել է իշխանության, խաղաղությունն էր։ Այսօր կառավարության ղեկավարը և ԱԳ նախարարը ներկայացնում են, որ եթե մենք չփոխենք Սահմանադրությունը․․․ Սա հերթական զիջումն է Ադրբեջանին, հերթական նախապայմանն է։ Մենք գտնում ենք, որ այս երկու գործընթացները այսինքն՝ ԹՐԻՓՓ-ը և խաղաղության պայմանագիրը պետք է միասին բերեն խորհրդարան»,- հավելեց նա։

Members of Strong Armenia Faction Arega Hovsepyan and Tigran Abrahamyan hold parliamentary briefings following the regular sessions of the National Assembly in Yerevan, Armenia

Ինչ վերաբերում է երաշխավորներին՝ նա նշեց․ «Մենք ասել ենք, որ երաշխավորները պետք է լինեն մեկից ավելին։ Նույն ԱՄՆ մասով՝ ԱՄՆ-ն համաձայնագրում ներկայացված է որպես վկա։ Մենք գտնում ենք, որ հնարավորություն կարող է լինել, որպեսզի գերտերությունները ներկայացվեն որպես երաշխավորներ»։

Հարցին, թե կոնկրետ որ երկրները կարող են լինել երաշխավորներ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Երբ նայում ենք տարածաշրջանի գերտերություններին, նույն Իրանին, իրենք մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականություն իրենց համար կարմիր գիծ է։ Նաև նույն ԱՄՆ օրինակը բերեցինք, այսինքն՝ խոսքը միջազգային գերտերությունների մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ ասաց․ «Երբ մենք խոսում ենք խաղաղության նախաստորագրված պայմանագրի մասին, այնտեղ ԱՄՆ-ն միայն վկա է։ Մենք հենց այստեղ ենք խոսում մի քանի երաշխավորների մասին՝ խաղաղության համար։ Իսկ ԹՐԻՓՓ-ի մասին, երբ խոսում ենք, ասում ենք, որ ԹՐԻՓՓ-ի համար չկա ավելի լավ երաշխիք, քան խաղաղության պայմանագիրը։ Եվ այն խաղաղության պայմանագիրը, որն ունի մի քանի երաշխավորներ։ Հետևաբար, ասում ենք՝ բերեք մեզ խաղաղության պայմանագիրը՝ մի քանի երաշխավորներով։ Եվ դրանից ավելի լավ երաշխիք չի կարող լինել ԹՐԻՓՓ-ի համար»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30