Օլիմպիադայի մասնակիցները մրցաշարից առաջ ասում են այս աղոթքը. «Աստված իմ, թող հաղթեմ, բայց եթե չկարողանամ հաղթել, օգնիր ինձ համարձակ լինել այս փորձության մեջ»։
Առաջնորդի համար շատ կարևոր է հետևողականությունը։ Աշխատանքը լավ կատարել հետևողականորեն, ոչ թե ժամանակ առ ժամանակ։
Հետևողականությունը կստեղծի բարոյական հեղինակություն։ Մեկ կամ երկու լավ արարք կարող է կատարել յուրաքանչյուր ոք, սակայն լավ արարքի կրկնությունը բերում է լավ հեղինակություն։ Հետևողականությունը թիմի անդամներին ներշնչում է անվտանգության, ապահովության զգացում։ Ամենալավ, դրական խոսքն այն է, երբ մարդուն ասում են, որ իր վրա կարելի է հույս դնել։ Հետևողականությունը նպաստում է անձի զարգացմանը, անձնային աճին։ Դժվար է գնահատել մարդուն, երբ բացակայում է հետևողականությունը։ Վստահությունը, որ մենք ձեռք ենք բերում, ցույց է տալիս, թե ինչքան բան ենք արել և ինչքան ենք առաջ գնացել։ Այն ձեզ դարձնում է պահանջված։ Լինելով նախաձեռնող և մասնակցող՝ առաջնորդը երբեք հետ չի ընկնի։
Հետևողականությունը ցույց է տալիս, թե դուք ինչ եք սպասում մյուսներից։ Երբ դուք հետևողական ցուցադրում եք ձեր արժեքների և աշխատանքային էթիկայի նկատմամբ նվիրվածությունը, թիմի անդամները գիտեն, թե ինչ եք ակնկալում իրենցից, որովհետև տեսնում են դա ամեն օր։ Հետևողականությունը միշտ ուժեղացնում է ակնկալիքները։
Կարդացեք նաև
Հետևողականությունն օգնում է ձեր առաքելությանը։ Երբ ղեկավարը ներկայացնում է իր տեսլականը, սակայն իրական կյանքում, աշխատանքում թիմի անդամները տեսնում են հակառակ գործողություններ, արարքներ, դա հանգեցնում է նրան, որ մարդիկ չեն ցանկանում կատարել աշխատանքը։
Բարոյական հեղինակության հասնելու համար շատ կարևոր է առաջնորդի բանիմաց, կոմպետենտ լինելը, քաջությունը, հետևողականությունը։ Շատ կարևոր է նաև մեկ հանգամանք ևս՝ քաջ և ներքուստ ուժեղ լինելը։ Այն արդյունք է ճիշտ մտադրությունների, արժեքների, համոզմունքների, գործողությունների, հարաբերությունների և արձագանքների։ Դա չի նշանակում, որ պետք է լինել կատարյալ։ Բնական է, բոլորս էլ սխալական ենք։ Սակայն ամենակարևորը մենք պետք է ունենանք ճիշտ մտադրություններ և հոգևոր ձգտումներ։ Մենք տեսնում ենք առաջնորդին հրապարակային գործունեության ընթացքում, սակայն ով է նա, երբ միայնակ է մնում։
Ամբողջականություն։ Արժեհամակարգի և գործերի, արարքների համաձայնություն։ Ամբողջական առաջնորդները ճիշտ են գործում, անգամ երբ դա դժվար է և իրենց իսկ համար ոչ լավ տարբերակ։ Բնական, նույնական։ Մարկ Բատերսոնը (Վաշինգտոն, քահանա) նույնականացումը համարում է առաջնորդության հիմքը։ Մարդիկ չեն ուզում հետևել այն առաջնորդին, ով ձևանում է այնպիսին, ինչպիսին չի հանդիսանում։ Մարդկանց պետք չէ կատարելություն, նրանց պետք է ազնվություն, անկեղծություն։
Շատ կարևոր է նաև համեստությունը։ Համեստ մարդը չի խուսափում ինքնաքննադատությունից։ Նա չի ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել։ Նա պատրաստակամ է օգնել այլ անձանց։ Բարոյական հեղինակության համար կարևոր է նաև սերը։ Առաջնորդը պետք է հոգ տանի մարդկանց մասին, հարգի և գնահատի այլ անձանց։ Եթե այդպես չանի, մարդիկ դա կզգան և հետ կքաշվեն՝ կտրելով կապը առաջնորդի հետ։ Արժեքավոր մարդիկ գնահատում են մարդկանց։
Ամալյա Հարությունյան
«Առավոտ» օրաթերթ
31.10.2026



















































