Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 09,2000 00:00

ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱՆ ՎՏԱՐՎԱ՞Ծ Է ԼՂՀ-ԻՑ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձից երեք օր անց, ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության մի քանի պատգամավորների հետ միասին Ղարաբաղ էր մեկնել նաեւ բուլղար լրագրող Ցվետանա Պասկալեւան։ Վերջիններս Ստեփանակերտ էին մեկնել ԼՂՀ-ում ստեղծված լարված իրավիճակին ծանոթանալու եւ արդեն ձերբակալված Սամվել Բաբայանին տեսակցելու նպատակով։ Ավելորդ է հիշեցնել, թե Հայաստանից մեկնած պատվիրակությանն ինչպես էին վռնդել Ղարաբաղից, քանի որ այս տհաճ միջադեպի մանրամասնություններին լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել։ Իսկ, թե ինչպե՞ս է պատահել, որ Ղարաբաղի իշխանությունները, ԼՂՀ-ում սկսված ռեպրեսիաների իներցիայով, փորձել են առգրավել Ցվետանա Պասկալեւայի ավտոմեքենան եւ բնակարանը՝ պատմեց ինքը, որ շուրջ մեկ տասնամյակ իր մասնագիտական կարողություններն ի սպաս է դրել այս երկրի եւ ժողովրդի ազատագրական շարժումը լուսաբանելու եւ միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Այսօր, ըստ էության, Ցվետանա Պասկալեւան, ճակատագրի հեգնանքով, հայտնվել է «պերսոնա նոն գրադա» կարգավիճակում։ Եվ, եթե ժամանակին Ղարաբաղում վերջինիս ընդունում էին իբրեւ բարեկամի, այսօր ԼՂՀ իշխանությունների համար նա անցանկալի անձ է դարձել։ Ինքը՝ տիկին Պասկալեւան, իրավիճակի այսօրինակ շրջադարձը բացատրում է Սամվել Բաբայանի նկատմամբ իր ունեցած որոշակի վերաբերմունքով։ Բայց նախ անդրադառնալով իր վտարմանը, տիկին Պասկալեւան պատմեց, որ Հայաստանից Ղարաբաղ մեկնած վերոհիշյալ պատվիրակությանը, իշխանությունների հրահանգով, դեպի Հայաստանի սահման էին ուղեկցում հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները։ «Իշխանությունները վախենում էին, թե մենք ճանապարհի կեսից ետ կդառնանք Ստեփանակերտ»։ Մեկնելուց առաջ Ց.Պասկալեւայի ավտոմեքենան կանգնեցնում է ավտոտեսուչն ու հայտարարում, թե մեքենան պետք է տարվի տուգանային հրապարակ, որովհետեւ այն հայտնվել է ԼՂՀ դատախազության ցուցակում։ «Ես գիտեի, որ կամ Սամվել Բաբայանի մտերիմների ցուցակում, բայց թե ի՞նչ ցուցակում էր հայտնվել իմ ավտոմեքենան՝ տեղյակ չէի»,- պատմում է տիկին Պասկալեւան։ Պարզվում է, որ կա էլի մի ցուցակ, որտեղ գրանցված են Ղարաբաղի պետհամարանիշներով այն բոլոր ավտոմեքենաները, որոնք ներկրել է Սամվել Բաբայանը։ Ավտոտեսուչին մի կերպ բացատրել են, որ ավտոմեքենան մաքսազերծվել է ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանում, որովհետեւ այն ներկրել է ոչ թե Սամվել Բաբայանը, այլ «Լադա սերվիզը», որի տնօրենը ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանն էր։ Ավտոմեքենան այլեւս առգրավելու պատճառ չկար, ուստի Ց.Պասկալեւային հնարավորություն էր տրվել Հայաստան վերադառնալ սեփական ավտոմեքենայով։ Այս միջադեպն, իր ողջ անհեթեթությամբ հանդերձ, այնքան չէր վիրավորել Ց.Պասկալեւային, որքան այն, թե ովքեր էին իրեն ուղեկցում դեպի ԼՂՀ սահմանը։ «Կատարվածի ամբողջ պարադոքսն այն էր, որ Ղարաբաղից ինձ վտարում էին այն տղաների միջոցով, որոնցից մի քանիսին ես լավ ճանաչում էի դեռ պատերազմի տարիներից, որոնց ես տեսել եմ ռազմի դաշտում։ Դրանք այն տղաներն էին, ում ես իմ վավերագրական ֆիլմերում փառաբանել էի, ում կողքին էի եղել Աղդամի գործողությունների ժամանակ։ Նրանք այսօր կույր գործիք եւ մարիոնետներ են դարձել այն իշխանությունների ձեռքին, ովքեր, թերեւս, ընդհանուր ոչինչ չունեն Ղարաբաղի ժողովրդի, հաղթանակների հետ, եւ որոնց համար ոչ մի արժեք գոյություն չունի։ Այդ զինվորներից մեկն անգամ արցունքը թաքցնելով արդարացավ, թե հրաման է կատարում։ Ինձ պատերազմի ժամանակ նույնիսկ ադրբեջանցին չէր կարողացել հեռացնել Ղարաբաղից, իսկ այսօր դա անում են ԼՂՀ իշխանությունները՝ մեր տղաների ձեռքերով»,- փոքր-ինչ հուզված տոնով շարունակում էր Ց.Պասկալեւան։ Իհարկե, նա դեռ չգիտեր, որ թիկունքից մի նոր հարված է ստանալու։ Մայիսի 7-ին ծանոթները զանգում են Ղարաբաղից եւ տեղյակ պահում, որ Ստեփանակերտի նրա բնակարանն առգրավվել է, կողպեքը՝ փոխվել։ «Սա այն դեպքում, երբ մինչ օրս պաշտոնապես ոչ ոք ինձ այդ մասին տեղյակ չի պահել եւ չի դիմել իրերս հավաքելու համար։ Անկեղծ ասած, ինքս ինձ համար այդ հարցը լուծել եմ՝ այդ բնակարանն ինձ պետք չէ։ ԼՂՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված այդ բնակարանն ինձ հատկացվել էր Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ, որը տեղյակ էր, որ պատերազմից ի վեր Ղարաբաղում իմ միակ կացարանը զինվորական հոսպիտալի մի փոքրիկ հիվանդասենյակն է եղել։ 95 թվին, մի առիթով, երբ հավաքվել էին Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը, Վ.Սարգսյանն ու Ս.Բաբայանը, ես առիթ ունեցա շնորհակալություն հայտնելու Ղարաբաղի իշխանություններին, որ ինձ հնարավորություն են տվել իմ բնակարանն ունենալ Ղարաբաղում։ Ես այդ բնակարանն ընդունել էի իբրեւ շնորհակալության նշան՝ այն բանի համար, որ մշտապես եղել եմ Ղարաբաղի կողքին եւ աշխատել եմ իմ նպաստը բերել այդ ժողովրդի ազատագրական շարժումն ըստ արժանվույն ներկայացնելու համար։ Եթե Ղարաբաղի իշխանությունները կարծում են, որ ինձ բնակարանից զրկելով հեռու կպահեն Ղարաբաղից՝ սխալվում են։ Ղարաբաղն իմ ճակատագիրն է, թեեւ ես հասկանում եմ, որ բոլոր դեպքերում ես մնում եմ իբրեւ Ղարաբաղի բարեկամ եւ ոչ ավելին։ Ես արտասահմանցի եմ եւ երբեք չեմ կարող ընդունվել որպես այդ երամի անդամ։ Բայց միաժամանակ ես չեմ կարող դավաճանել իմ սկզբունքներին, իմ զինակիցներին եւ Ղարաբաղի իշխանությունների օրինակով չեմ կարող պատմությունից ջնջել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեն հայ ժողովրդի տարած հաղթանակների եւ Ղարաբաղի կայացման գործում։ Թերեւս այդ է պատճառը, որ Ղարաբաղի իշխանությունների համար ես անցանկալի մարդ եմ դարձել։ Միայն թե ուզում եմ հասկանալ՝ նրանք ե՞րբ էին կեղծում՝ երբ սիրալիրորեն ժպտում եւ իբրեւ բարեկամ սպասո՞ւմ էին ինձ, թե՞ հիմա, երբ վտարում են Ղարաբաղից։ Ես նրանց խղճում եմ»,- եզրափակեց Ցվետանա Պասկալեւան։ Այսուհանդերձ, տիկին Պասկալեւան հույս հայտնեց, թե իր ժամանակը դեռ նորից կգա եւ ավելացրեց, թե միեւնույնն է ինքը մտադիր է մեկնել Ղարաբաղ եւ ներկա լինել սեպտեմբերին սկսվող դատավարությանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել