Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 09,2000 00:00

Մեկ՝ պանդոկապետ, մեկ՝ «սպիտակ ագռավ» Ընդհանրապես, թերեւս բնական է, որ նույն անձնավորությանը լրատվամիջոցը կարող է մեկ հրեշտակի թեւերով, մեկ սատանայի կերպարանքով ներկայացնել։ Գուցե տարիների ընթացքում փոխվե՞լ է այդ մարդը։ Գուցե փոխվե՞լ է լրատվամիջոցը (իսկ ավելի ստույգ՝ նրա հովանավորները)։ Ցավոք, մեր իրականությունն ապացույց է, որ գնահատականները փոխվելու պատճառը մեծ մասամբ քաղաքական նպատակահարմարության փոփոխությունն է լինում։ Մեկը, ասենք, կարող է ապուշ որակվել, երբ քննադատում է իշխանություններին։ Եվ նույն թերթը նրա ունակությունների մասին դրվատանքով կգրի, երբ տվյալ անձը նախագահի հետ արդեն միակամ է։ Այս ամենն, իրոք, երեւի բնական է։ Միայն երբեմն, այնուամենայնիվ, մի փոքր զարմանում ես, երբ տրամագծորեն հակադիր մեկնակետերից են ներկայացվում ու փոխբացառող գնահատականների արժանանում նույն մարդու կենսագրության նույն փաստերը։ Ասենք, օրերս թերթերից մեկն անդրադարձել էր գործարար Արկադի Վարդանյանին։ Սա առիթ տվեց հիշելու նույն թերթում նույն գործարարի վերաբերյալ 1994-ի ապրիլի մի հրապարակում։ Այն ստորագրել էր Զորի Բալայանը։ 2000-ի սեպտեմբերի հրապարակման հեղինակը նախընտրել է կեղծանունով հանդես գալ։ Մի քանի հատվածներ համեմատենք այդ հոդվածներից։ Կեղծանունը նշում է, որ Արկադի Վարդանյանը 1983-ին դատապարտվել է խուլիգանության համար, բայց գլուխը պրծացրել է 200 ռուբլի տուգանքով։ Բացի այդ, նա մեղադրվել է նաեւ շանտաժի միջոցով շորթման մեջ եւ դրա համար ազատազրկում կրել։ Այս ամենն ուղեկցվում է այսօրինակ հարցադրումներով, թե երեւի մեզանում ինչ-որ բան այն չէ, եթե երեկվա շորթողը քարոզներ է կարդում, բողոքում օրինականության պակասից։ Զորի Բալայանը ներկայացնում է, որ հայտնի լրագրող (Արմենպրեսի երբեմնի գլխավոր խմբագիր), թարգմանիչ ու Հրատպետկոմի գրքերի տարածման եւ քարոզչության բաժնի ղեկավար Արկադի Վարդանյանը նախնական կալանքի խցում հայտնվել էր այն պատճառով, որ ղեկավարությանն ուղերձ էր հղել գրահրատարակչության ոլորտում տիրող սպեկուլյացիայի եւ խարդախության բարքերի մասին։ Հետո Արկադի Վարդանյանը փողոցում էր հայտնվել ու քանի որ նրան անգամ բազմատպաքանակ թերթ չէին ընդունել անկուսակցական լինելու պատճառով՝ գործ էր գտել «Երկրորդական ռեսուրսներ» ձեռնարկությունում։ Բացատրենք՝ թղթի թափոնի ընդունմամբ էր զբաղվել, որի մասին հեգնանքով է հիշատակում Կեղծանունը, թե այսպես սկսեց գործարար մարդու կարիերան։ Զորի Բալայանն անդրադառնում է նաեւ Արկադի Վարդանյանի ազատազրկման պատմությանը։ Ըստ այդմ նա լրագրողական հետաքննություն էր անցկացրել, որը նրա համար ճակատագրական էր դարձել։ Փաստեր էր հավաքել տեխնիկումի մի կաշառակեր տնօրենի մասին եւ լրագրողական սկզբունքները պահպանելով՝ նաեւ այդ տնօրենի հակափաստարկներն էր ցանկացել պարզել։ Երկրորդ հանդիպման ժամանակ, երբ ըստ պայմանավորվածության՝ տնօրենը պիտի իրեն արդարացնող փաստաթղթերը ներկայացներ՝ Արկադի Վարդանյանին ձերբակալել եւ հետո վերոհիշյալ մեղադրանքն էին ներկայացրել։ Հետաքրքիր է նաեւ, թե այս երկու հրապարակումներում ինչպես է բնորոշվում Մոսկվայի «Սերեբրյաննի վեկ» ռեստորանը, որ տարիներ անց բացել էր «Իմպերիալ» ֆիրմայի նախագահ Արկադի Վարդանյանը։ Ըստ Կեղծանունի՝ սա մի պանդոկ է «կուպեցական» անվանումով, իսկ նրա տնօրենը՝ պանդոկապան։ Ըստ Զորի Բալայանի՝ «Արծաթե դար» անվանումը պոետական է։ Ընդ որում, այս ռեստորանն ունիկալ երեւույթ է. Արկադի Վարդանյանը վերականգնել էր պատմական ավերված հուշարձանը՝ մասնագետ նկարիչ-վերականգնողների միջոցով։ Եզրափակենք։ Թերթի գրեթե մեկ էջ զբաղեցնող իր հրապարակման մեջ Զորի Բալայանն ամենաբարձր գնահատանքի խոսքերն է ասել Արկադի Վարդանյանի հասցեին՝ գրագետ, կիրթ, իր մեջ երազանք կրող… մի խոսքով՝ «սպիտակ ագռավ» (իրականությանը նրան հակադրող այս գնահատականը կրկնվում է բազմիցս)։ Կեղծանունը նույն մարդու առնչությամբ գրում է, թե մեր երկրում քաղաքականությունն այնքան է կեղտի մեջ թաղված, որ աղքատացած մարդիկ մոսկովյան հյուրին «ուռա»-ներով դիմավորեցին, մոռանալով նրա քրեական անցյալը։ Կամ, որ Արկադի Վարդանյանի համար վտանգավոր կլիներ Մոսկվա վերադառնալը եւ այլն։ Իրարամերժ դիմանկարներ են։ Ո՞ր մեկին պիտի հավատա ընթերցողը։ Բացահայտ ստորագրվածի՞ն, թե կեղծանվան ներքո թաքնվածին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել