Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 09,2000 00:00

«ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ, ՈՐ ՊԻՏԻ ԳՆԱՄ, ՊԱՏՄԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ» «Առավոտի» հարցազրույցը Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանի հետ – Որքա՞ն ժամանակ է, որ ԱՄՆ-ում եք։ – Արդեն տասը տարի։ Եվ փախել եմ ոչ թե անկախ Հայաստանից, այլ կոմունիստական Հայաստանից, երբեւէ չմտածելով, թե Հայաստանը կարող է դառնալ անկախ։ Կոմունիստական շրջանում ԿԳԲ-ի բեռն անընդհատ եղել է իմ ուսերին, եւ երբ Սովետական Միությունն, այսպես ասեմ, խռխռացնում էր, ես մտածում էի՝ այսօր է, որ հաշվեհարդար կտեսնեն այն մարդկանց նկատմամբ, որոնք լավ հարաբերություններ չեն ունեցել Սովետական Միության հետ։ Եվ լքեցի հայրենիքը։ 91-ից ես ունեցա իմ հեռուստաժամը եւ զգացի, որ հայությանը պետք է ճշմարտությունն ասող հեռուստաժամ։ – Եվ ո՞րն է այդ ճշմարտությունը։ – Իմ հեռուստաժամը միշտ ձգտել է լինել հայոց պետականության շահերը ներկայացնողը։ Ես այն մարդկանցից եմ, որոնք առաջին հակադաշնակցական ցույցը կազմակերպեցին։ Դա 91-ի հոկտեմբերի 24-ին էր։ Այդ ժամանակ դաշնակցությունն ամեն ինչ անում էր, որ Հայաստանի կառավարությունը՝ հանձին Լեւոն Տեր-Պետրոսյանի, անպայման պարտություն կրեր։ Նրանց համար մեկ էր՝ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, թե ով էր։ Նրանց համար կարեւոր էր, որ Հայաստանի կառավարությունը պարտություն կրի։ – Կարո՞ղ եք փաստարկել։ – 1990թ. «Ասպարեզ» թերթը գրեց մի հոդված, ուր ասվում էր, թե անկախություն հայերին կարող էր տալ միայն ու միայն դաշնակցությունը։ Եվ տարակուսանք էր հայտնում, չէր կարողանում ընդունել, թե ինչպես կարող է ոմն Լեւոն Տեր-Պետրոսյան, ըստ իրենց, գալ եւ դառնալ Հայաստանի ղեկավար։ Բացի այդ, կար հիմնական դրույթը, որ դաշնակցությունը աշխատել է ԿԳԲ-ի հետ, եւ վախենում էր, որ Սովետական Միության փլուզումով ամեն ինչ կարող է փլվել իր գլխին։ Սա իրենց լիդերների խոսքն էր։ Փայլուն ապացույցն այն բանի, որ դաշնակցությունը չէր ուզում Հայաստանի անկախացումը՝ Սան Ֆրանցիսկոյի ցույցն էր, երբ Գորբաչովը եկել էր Սան Ֆրանցիսկո եւ բոլոր հայերը «Անկախ Հայաստան», «Ղարաբաղ», «Միացում» կոչերով իրենց կամքն էին հայտնում, իսկ դաշնակցությունը ուղղակի փայտիկներով ծեծում էր ցուցարարներին եւ հրմշտոց հրահրում՝ ասելով, որ ընդհակառակը, պետք է Սովետական Միության կազմի մեջ մնանք։ Հարց է ծագում. ազգային կուսակցությունը, որը 100 տարի ամբողջ աշխարհին փորձում էր համոզել, որ ինքը ուզում է անկախություն, հիմա, անկախության պահին ինչո՞ւ է խանգարում դրան։ Միայն մեկ դեպքում կարող էր խանգարել. խանդ կար, որ ինքը չէր առաջինը։ Ու նաեւ՝ վախենում էր այն դեպքերից, որոնց ականատեսը եղանք, որ իր դեմքը կբացվի։ Չէր կարող չբացվել։ Դաշնակցությունը մինչ այդ ներկայացվում էր որպես հակասովետական, բայց իրականում 1923 թվականից, ըստ դաշնակցության լիդերներից մեկի՝ Քաջազնունու, դաշնակցությունն իբրեւ կուսակցություն վերանում է, դառնում տեռորիստական կուսակցություն եւ սկսում է ծառայել համաշխարհային տարբեր կենտրոնների, միջազգային ատյանների։ Նրանք կարողացան հասնել իրենց ուզածին։ Կարողացան խանգարել, կարողացան ժողովրդի մեջ սերմանել այն մտայնությունը, որ մեր առաջին կառավարությունը ոտից գլուխ անբարոյական էր։ Ճիշտ է, չէի ասի, թե դա փայլուն մի կառավարություն էր, որն իդեալական մաքրությամբ կարողացավ ծառայել ժողովրդին, բայց ամեն ինչը սեւացնել, ամեն ինչը տեսնել գորշ՝ դրա իրավունքը մենք չունեինք։ Պետք է լինեինք կառավարության կողքին, որ կարողանայինք պետականությունն ամրացնել, դատապարտելով բոլոր այն վատ կողմերը, որ կային կառավարության մեջ։ – Դառնանք մեր օրերին։ Անկախության հանրաքվեից ինը տարի է անցել։ «Ինչպե՞ս տեսաք սա Հայաստանը»։ – Ավելի շատ է կոռուպցիան, բացասական երեւույթները, անբարոյականությունը։ Այսօր Հայաստանը նման է փլուզված մի երկրի, ինչին ձեռք ես տալիս՝ փլուզվում է, բայց դաշնակցությունը եւ երբեմնի ընդդիմադիր կուսակցությունները այսօր լուռ ու մունջ տանում են այդ ամենը, ասես ծրագրված դրան էին սպասում, որ Հայաստանը հասնի այդ վիճակին։ Տպավորությունն այն է, որ եթե այսօր գնանք եւ ճշմարտությունը պատմենք արտասահմանում, հայերին, որոնք երկար տարիներ չեն եղել Հայաստանում, նրանք կմտածեն, թե մենք հայրենասեր չենք, մենք ուղղակի զրպարտում ենք։ Ես այսօր մտածում եմ. վաղը պետք է գնամ Լոս Անջելես, ի՞նչ պետք է ասեմ հեռուստադիտողին, երբ առավոտից երեկո քարոզում եմ՝ սիրենք մեր հայրենիքը, մեր հայրենիքն է մեր հոգեւոր սնունդը, մեր ապագան… Սարսափում եմ, որ պիտի գնամ, պատմեմ ճշմարտությունը։ Դրանով մենք մեր հայրենակիցներին տասնյակ տարիներով ետ կպահենք հայրենիքից։ Բայց եւ չի կարելի, ինչպե՞ս կարելի է չասել ճշմարտությունը, խաբել ինքներս մեզ։ Ինչպե՞ս չասենք, որ ամեն ինչ մաֆիայի ձեռքին է։ Ինչպե՞ս պիտի կառավարվի երկիրը, որի պառլամենտի անդամները մայրենի այբուբենը մինչեւ վերջ չգիտեն։ Ովքե՞ր են մեկնում արտասահման՝ պաշտոնական այցերով։ Երկար թեւերով այդ պիջակներով, ոչ նստել գիտեն, ոչ կանգնել գիտեն, ոչ խոսել գիտեն… Նրանց պահվածքից գետինն ենք մտնում, տեղացիները մեզ ասում են՝ գոնե հուշեք իրենց պահելու ձեւը։ – Ձեր հեռուստաժամը քաղաքական որեւէ ուժի հարո՞ւմ է։ – Ոչ։ Ինքս կուսակցական չեմ, կուսակցություններն ինձ համար անընդունելի են։ Մանավանդ այն կուսակցությունները, որոնք էությամբ բռնապետական են, ուզում են ամեն գնով իրենց եսը առաջ տանել։ Մեր ավանդական կուսակցություններից վաղուց արդեն սարդոստայնի եւ նավթալինի հոտ է գալիս։ Հեռուստաժամս այսպես է. այսօրվա ղեկավարին, որի հասցեին այսօր լավ խոսք ենք ասում՝ վաղը կարող ենք քննադատել, եթե նա սխալ թույլ տա։ Եվ այսօրվա քննադատվողը եթե հայրենիքի համար լավ գործ անի, վաղը ես ամենաբարձր գնահատականը կտամ։ Իմ կուսակցությունը ճշմարտությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել