Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 28,2000 00:00

Կառավարության քթի տակ Արդեն մի քանի օր է, ինչ Հանրապետության հրապարակում, շատրվանների դիմաց կտորից գույնզգույն ծածկեր են տեղադրված, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ ու ավտոմեքենաներ են շարված… Առաջին տպավորությամբ անմիջապես մտածում ես՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են մարդիկ հավաքված։ Փոքր-ինչ մոտենալով՝ տեսնում ենք տաղավարներ հիշեցնող ծածկերի վրա պարսկերենով գրված ինչ-որ նախադասություններ, բառեր։ Մի տաղավարում ավտոմեքենաների պահեստամասեր են շարք-շարք դրված, մյուսում՝ ավտոբուսների կամ ավտոմեքենաների դռներ, թափքեր, մեկ ուրիշում՝ պարսկական հեծանիվներ։ Իրանցիներ են հավաքված, որոնք սպասարկում են, զրուցում միմյանց հետ, ծխում… ՀՀ Կառավարության շենքի, պատկերասրահի եւ, ի վերջո, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի քթի տակ, մեջտեղում՝ ցուցահանդես- տոնավաճառ է։ Միայն Հայաստանը թույլ կտար նման երեւույթ։ Բնականաբար, բոլոր բացօթյա միջոցառումների թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը։ Զանգահարեցի Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Արտավազդ Թորոսյանին։ Պրն Թորոսյանը ծանոթ էր հարցին եւ բանակցային ամբողջ գործընթացին։ Նա նշեց, որ մտադրություն կա Հայաստանում պարսկական ավտոմեքենաների համատեղ արտադրություն կազմակերպել եւ համատեղ ձեռնարկություն ստեղծել՝ իրանցիները կտրամադրեն մեքենաներ, կշահագործվեն Հայաստանում եւ եկամուտներից կունենան իրենց մասնաբաժինը։ Պրն Թորոսյանն ասաց նաեւ, որ իրանական կողմը քաղաքապետարանին որոշ մեքենաներ է տրամադրելու ժամանակավոր շահագործման՝ առանց վարձակալական վճարումների։ Սա էլ թերեւս փորձարկելու նպատակով՝ արդյոք պարսկական ավտոմեքենաները եւ միկրոավտոբուսները հայաստանյան ասֆալտի վրայով ինչպե՞ս են քշվում… Ըստ մշակույթի վարչության պետի, իրանցիները վերոհիշյալ համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո որոշ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ պետք է տրամադրեն՝ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների ընթացքում բնակչությանը սպասարկելու համար։ Ինչեւէ, խնդիրն այն է, թե ինչո՞ւ այդ տեսարանը կազմակերպվեց հենց Հանրապետության հրապարակում։ Ա. Թորոսյանի ասելով, մի քանի տարբերակ է քննարկվել։ «Շահումյանի անվան հրապարակում «ցուցահանդեսը» կխանգարեր տրանսպորտային երթեւեկությանը։ Առաջարկվել էր՝ Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակայքը, բայց այդտեղ էլ պատմական կապ կարող էր լինել, որը թեեւ անհեթեթ էր, բայց հարմար չէր։ Հանրապետության հրապարակը հարմար էր այնքանով, որ ժողովրդին մոտիկ էր, տրանսպորտի փող՝ 100 դրամ չէին ծախսի գալու-տեսնելու համար…»։ Իհարկե, Հանրապետության հրապարակ հասնելու համար էլ են տրանսպորտին 100 դրամ տալիս… Ի դեպ, պրն Թորոսյանի հետ զրույցից պարզվեց, որ ՀՀ վարչապետի ու նախարարների մտքով այս հարցերն ընդհանրապես չեն անցել, ավելին՝ բացմանը կառավարությունից ներկաներ եղել են։ Դեռ մի քանի օր էլ այդ «տոնավաճառը» հրապարակում կմնա։ Ա. Թորոսյանի կարծիքով, հայերը պարսկական այդ ավտոմեքենաները, ավտոբուսները տեսնելով՝ «թասիբի կընկնեն արտադրության առումով»։ Իսկ հետաքրքիր է, հայերին կթողնե՞ն Թեհրանի կենտրոնական հրապարակում կամ կառավարության շենքի առջեւ նման ցուցահանդես կազմակերպել։ Օրինակ, Իրանի «Մեջլիսի» (Ազգային ժողովի) կամ կառավարության վարչական շենքերից որեւէ մեկի դիմաց չի թույլատրվի նման բան։ Նույնիսկ 100մ շառավղով արգելվում է պատահական մեքենաների մուտքը, այն էլ առանց անցաթղթերի, բացի նշված շենքերին հարակից թաղերի բնակիչներից։ Անգամ թույլ չեն տա լուսանկարել երկրի նախագահի, վարչապետի կամ կրոնական առաջնորդի նստավայրը։ Սա՝ ի գիտություն մեր պետական այրերի, եւ այս խնդրում մեղավորը ոչ թե իրանական կողմն է, այլ հայկական։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել