Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2000 00:00

«ԴԵՌ ԻՆՉՔԱՆ ՊԻՏԻ ԴՈՄԻԿՈՒՄ ԱՊՐԵՆՔ» Երեկ Գյումրիում տեղի ունեցավ Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի բացումը։ Բացման արարողությանը, որքան էլ զարմանալի էր, իր մասնակցությունն էր բերել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (որի օգնությունը, ինչպես պարզվեց վերջում, ոչ թե գումարային էր, այլ բարոյական)։ Վերջինիս ուղեկցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը եւ այլ պատվարժան անձինք: «Մենք պարտավոր ենք արժանվույնս գնահատել այն մարդուն, ով իր սիրտը դրեց այս գործում։ Կփորձենք մյուս տարիներին եւս մի շարք միջոցառումներ ունենալ»,- ասաց ՀՀ նախագահը։ Ավերիչ երկրաշարժի հետեւանքով փլուզված Օյունջյանների դպրոցը, որը դարձել էր անօգտագործելի, ամբողջովին հիմնանորոգվեց շնորհիվ Հայ օգնության ֆոնդի։ Դպրոցի կառուցման համար նախատեսված գումարը, որը կազմում էր շուրջ 800 հազար ԱՄՆ դոլար, որպես նվիրատվություն տրամադրել էր նյույորքաբնակ ազգային բարերար, բժիշկ Ջոն (Հովհաննես) Օյունջյանը։ Հարց է առաջանում. իսկ ի՞նչ էր արել Ռ. Քոչարյանը որպես ազգի նախագահ եւ ինչո՞վ էր պայմանավորված նրա՝ նման մեծ շքախմբով Գյումրի հասնելը։ (Անշուշտ, մեր նախագահը շատ է սիրում ուրիշի դափնիների վրա իր վարկը բարձրացնել- Հ. Մ.)։ Իսկ դրսում, երբ հավաքված մարդիկ փորձում էին ճեղքել փակված օղակը՝ նախագահին մոտենալու համար, վերջինս, չլսելու տալով իրեն ուղղված ձայները, մեքենա նստեց։ Նրա հետեւից լսելի եղավ մեկի բարձր ձայնը. «Եկել ես, փոխանակ մի օգնություն ցույց տաս, փախնո՞ւմ ես, ինչքան պտի դոմիկների մեջ մնանք, ինչքան…»։ Ինչ վերաբերում է դպրոցի նախապատմությանը, տեղեկացանք, որ նախքան կրթահամալիրի նորոգումը, դպրոցական սերունդը կրթվում ու դաստիարակվում էր մի կերպ հարմարեցված տնակային պայմաններում՝ զուրկ ամեն տեսակի հարմարություններից։ Այսուհետեւ դպրոցի մոտ 600 աշակերտ իրենց ուսումնական գործընթացը կշարունակեն նոր, բարեկարգված մասնաշենքում. «Ես այլեւս 600 զավակ ունեմ,- ուրախությամբ ասաց Ջ. Օյունջյանը,- ես չէի կարող մենակ գլուխ բերել այս գործը, եթե իմ թիկունքին չկանգնեին Սիմոն-Եզնիկ Բալյանը (ՀՕՖ-ի գործադիր տնօրեն) եւ ՀՕՖ-ի հայաստանյան կազմակերպությունը»։ ԱՄՆ-ից եւս մեծ պատվիրակություն էր եկել։ Ըստ տեղեկությունների, նրանց մեծ մասը Ջ. Օյունջյանի բարեկամներն էին, համակիրները եւ ազգականները։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել