ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են երկու կողմերն էլ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, հաղորդում է «Московский комсомолец»-ը։
«Ես բազմիցս քննադատել եմ Հայաստանի նկատմամբ մեր գործողությունները կամ անգործությունը, հատկապես՝ 2020 թվականի իրադարձությունների առնչությամբ, և մինչ օրս կարծում եմ, որ մենք չօգտագործեցինք բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստին և պատմական հողերից հայ բնակչության համատարած ելքին, -նշել է պատգամավորը։- Ինձ համար սա անձնական ողբերգություն է թեկուզ այն պատճառով, որ իմ ընկերներն ու գործընկերները, որոնք, ըստ էության, գերեվարվել են, այսօր բանտերում են և դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից»։ Այնուամենայնիվ, սա հիմք չէ համարելու, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարապես կրում են և՛ հայկական, և՛ ռուսական կողմերը։ Որովհետև Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայիս քաղաքական ուղեգիծը որդեգրել է ոչ պատահաբար և ոչ էլ 2020 թվականի իրադարձությունների ազդեցության տակ։ «Սա մի քաղաքական գործչի գիտակցված ուղին է, որն իր ամբողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային ավելի մոտ որևէ տեղ տեղափոխվելու, ամեն դեպքում՝ Հայաստանի կողմնորոշումը փոխելու, հայկական ամբողջ անցյալից հրաժարվելու ցանկության վրա»,- նշել է Զատուլինը։
Այս ամենի միակ դրական կողմը, պատգամավորի կարծիքով, այն է, որ այսօր Ռուսաստանում բոլոր մակարդակներում՝ թե՛ փորձագիտական, թե՛ պաշտոնական, լիակատար որոշակիություն և հստակություն է ձևավորվել Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների և դրանցից բխող՝ Ռուսաստանի Դաշնության գործողությունների հարցում։
«Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանի Դաշնությանը, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի, օգտվելով արտոնյալ տնտեսական կապերից, ֆինանսավորեն Հայաստանի անցումը մի ճամբարից մյուսը,- ընդգծել է քաղաքական գործիչը։- Բայց եթե նախկինում՝ մինչև Ուկրաինային և հատուկ ռազմական գործողությանն առնչվող բոլոր իրադարձությունները, մենք կարող էինք համարել, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը նույնը չեն, ապա այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ն մեր հակառակորդն է, թշնամին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ News.am-ի կայքում։



















































