«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Մինչ պաշտոնական Երևանը հետևողականորեն խոսում է խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, Բաքուն շարունակում է պետական մակարդակով առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը:
Այսօր Կովկասի մուսուլմանների վարչության և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ պատրաստած «Իրևանի ղազիյաթի պատմությունը» գրքի շնորհանդեսն է կայացել՝ ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով: Ղազիյաթը իսլամական կրոնական միավոր է, որը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիների թեմերին:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը շնորհանդեսի արարողությունից ծավալուն հոդված է հրապարակել՝ թվարկելով մասնակիցների ցանկը, որոնց թվում նաև Միլի Մեջլիսի պատգամավորներ են եղել:
Կարդացեք նաև
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն արարողության ժամանակ ասել է, որ վարչությունն աջակցում է «Հայաստանից արտաքսված հայրենակիցների՝ իրենց պատմական բնակության վայրեր վերադառնալու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան» և ընդգծել, թե «գիրքը փաստագրական նյութեր է ներառում»։
«Գրքի աղբյուրագիտական հիմքում Կովկասի մահմեդականների վարչության արխիվում պահվող փաստաթղթերն են: Մեր արխիվային փաստաթղթերից բացի՝ գրքի պատրաստման ընթացքում օգտագործվել են նաև Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի պետական արխիվներից ստացված աղբյուրներ ու պատմական նյութեր»,- հայտարարել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հերթին մեղադրել են Հայ առաքելական եկեղեցուն պատմական կեղծարարությունների և ապատեղեկատվության տարածման մեջ և հավելել, թե «ադրբեջանցիների հոգևոր իրավունքները հիմնված են իրական պատմական փաստերի վրա»։
Փաշազադեն էլ հավելել է, թե իրենց հրատարակած գիրքն ու վարչության գործունեությունը նպատակ ունեն միջազգային հարթակներում տարածել «Արևմտյան Ադրբեջանի մասին պատմական ճշմարտությունը», ինչպես նաև նպաստել Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների կրոնական և հոգևոր իրավունքների վերականգնմանը։
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ գիրքը նպատակ ունի հիմնավորել ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու պահանջը։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին էլ հայտարարել է, որ գրքում ներկայացված՝ «Իրևանի տարածաշրջանում կազիության ինստիտուտի գործունեությանն ու զարգացմանը վերաբերող պատմական աղբյուրներն ու արխիվային փաստաթղթերը հաստատում են Իրևանի նահանգի պատկանելությունը ադրբեջանական հողերին»:
Հայերին մեղադրել են մշակութային ժառանգության ոչնչացման մեջ
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կառավարման խորհրդի նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, թե վերջին երկու հարյուր տարվա ընթացքում հակառակորդների «ագրեսիային և օկուպացիային» են ենթարկվել ոչ միայն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերը», իսկ բնակչությունը՝ «էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանության», այլև տարածաշրջանի մշակութային ժառանգությունը ենթարկվել է «հայկական վանդալիզմի»՝ ավերվել, ոչնչացվել կամ «հայացվել» է:
«Քանի որ Ադրբեջանը պատմականորեն աչքի է ընկել ազգային և կրոնական բազմազանությամբ ու հանդուրժողականությամբ, ռուսական նվաճումից հետո տարբեր երկրներից այստեղ զանգվածաբար վերաբնակեցված հայերն առաջին հերթին զավթել են մեր նախնիներին պատկանող կրոնական տաճարները։ Վերականգնման պատրվակով դրանք վերածել են հայկական գրիգորյան եկեղեցիների, ապա ամբողջ աշխարհում սկսել տարածել կեղծ պնդումներ, թե իրենք այդ վայրերի բնիկ բնակիչներն են», – ասել է պատգամավորը:
Ալեքբելիիին ավելի հեռուն է գնացել ու պնդել, որ հայերը «Ադրբեջանի պատմական հողերում էթնիկ զտումներ են իրականացրել, փորձել ենվերացնել ադրբեջանական հետքերը, երկրի երեսից ջնջել իրենց մզկիթները, անգամ գերեզմանոցները»:
«Հայկական պետությունն ու հայերը մինչև օրս չեն ենթարկվել որևէ միջազգային ճնշման և նախազգուշացում չեն ստացել ադրբեջանական ժողովրդի և պետության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ընդհակառակը՝ նրանց միշտ աջակցել են և շարունակում են աջակցել նաև այսօր։ Հենց այդ պատճառով Հայաստանն ամեն կերպ փորձում է օրակարգից դուրս մղել 1987–1991 թվականներին՝ ղարաբաղյան հակամարտության առաջին փուլում, իրենց բնակավայրերից վտարված փախստականների վերադարձի արդար պահանջը»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



















































