Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆԸ Մեր տարբերությունները բացատրվում են կլիմայական պայմաններո՞վ «Էտո պիլո պի օչեն գլուպո»,- ասաց Տարմո Տամեկը՝ Էստոնիայի Թերթերի միության գործադիր տնօրենը, երբ մենք առաջարկեցինք, որ իրենց մամուլի տարածման գործակալությունը տրոհվի առանձին կրպակների: 90-ականների սկզբին ազդեցիկ Թերթերի միությանը Արեւմուտքի աջակցությամբ հաջողվեց տիրանալ նախկին «Սոյուզպեչատին», այնուհետեւ բիզնեսն անցավ տեղական մի գործարարի, որն ի վերջո այն վաճառեց արդեն հայտնի ֆիննական «Ռաուտոկիրիին», վերջինս այստեղ էլ սկսում է մենաշնորհության դիրք գրավել: Էստոնացիները շատ զարմացան, իմանալով, որ մեզ մոտ, փաստորեն, չկա բաժանորդագրության, եւ մեր փոստը չի հասցնում թերթերը մինչեւ ընթերցողների բնակարաններ: «Եթե այդպես լիներ, մեզանում ոչ մի թերթ չէր մնա»,- խոստովանեցին նրանք, որովհետեւ էստոնական թերթերի 90 տոկոսը վաճառում են բաժանորդագրությամբ: Թերթերի տեղափոխմամբ զբաղվում է ոչ միայն պետական փոստը (որը դրա համար բյուջեից տարեկան մեկ մլն աջակցություն է ստանում՝ հատկապես գյուղական վայրերում մամուլ հասցնելու համար), այլեւ երկու մասնավոր ընկերություններ՝ խոշոր քաղաքներում: Պատկերացրեք, որ Տալինում առավոտյան ժամը վեցից ութը, իրար հրելով, ընթերցողների տներ են վազում երեք տիպի փոստատարներ: Թերթերի տպաքանակներն այստեղ, մերի համեմատ, ֆանտաստիկ են. 1,4 մլն բնակչություն ունեցող երկրում լավագույն օրաթերթերը լույս են տեսնում 60 հազար տպաքանակով (Հայաստանում առավելագույնը՝ հինգ հազար): ԶԼՄ-ների գովազդային շուկայում տպագիր մամուլը նույնպես առաջնահերթ դիրք է գրավում՝ 50 տոկոս, հեռուստատեսության 25 տոկոսի դիմաց: Այդ ընթերցասիրությունը մեր էստոնացի գործընկերներից մեկը բացատրեց կլիմայական պայմաններով: Նրա կարծիքով, հյուսիսային ժողովուրդներն ավելի հանդարտ են, համբերություն ունեն հանգիստ նստելու, կարդալու, մտածելու կարդացածի մասին, մինչդեռ էքսպանսիվ հարավային ժողովուրդները շտապում են կլանել հրատապ հեռուստատեսային ինֆորմացիան: (Հյուսիսային ժողովրդի հանդարտության մասին մի անեկդոտ: Երկու էստոնացի գնում են մեքենայով, մեկը պատուհանից նայում է ճանապարհի եզրին եւ ասում. «Սա Ուրմասի ձեռքն է»: Հարյուր մետր անց. «Սա Ուրմասի Ոտքն է»: Եւս հարյուր մետր անց. «Սա Ուրմասի գլուխն է»: Երեք հարյուր մետր անց երկրորդ էստոնացին. «Հավանաբար, Ուրմասի մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է»:) Բայց իրականում, իհարկե, կլիման ոչ մի կապ չունի: Այստեղ գործում է իրավական, տնտեսական եւ հոգեբանական խնդիրների մի ամբողջ շղթա, որի մանրամասն վերլուծությունը, կարծում եմ, կտա մեր պատվիրակության անդամ Կարեն Զաքարյանը՝ «Գոլոս Արմենիի» թերթում: Իմ կողմից կարող եմ միայն ասել, որ հնարավոր չէ ծաղկեցնել մեկ առանձին վերցրած բնագավառ, երբ մնացած բոլոր ոլորտներում կատարյալ անապատ է: Թույլ զարգացած շուկայի պայմաններում կարող է լինել թույլ զարգացած մասնավոր մամուլ: Երբ մենք հերթական անգամ հարցրինք, թե ինչու էստոնացիների մոտ անցումը դեպի ազատ շուկա ստացվում է, իսկ հայաստանցիների մոտ՝ ոչ, մեր զրուցակիցներից մեկը՝ BNS լրատվական գործակալության տնօրեն Գեորգի Շաբադը (հայտնի Անատոլի Շաբադի որդին) հարցով պատասխանեց. «Քանի՞ հայաստանցի բիզնեսմեն ձեզ ընկերական զրույցների ժամանակ գլուխ է գովում, թե ինչպես է խուսափում հարկերից: Դրանցից քանի՞ն են ձեզ պաշտոնապես հայտնում իրենց բիզնեսի իրական շրջանառությունը»: Էստոնական մամուլի գրեթե 470 տոկոսը երկու խոշոր ընկերությունների ձեռքում է, որոնցից մեկը շվեդական է, մյուսը՝ նորվեգական: Արեւմտյան կապիտալի մուտքը, ընդհանրապես, ոչ մեկի կողմից չի ընկալվում որպես «դավաճանություն» կամ «ազգային հարստությունների վաճառք», հակառակը՝ դա համարվում է նոր աշխատատեղեր եւ տնտեսական բարգավաճում բերող նորմալ գործընթաց: Նորվեգացին եւ շվեդը, բնականաբար, ունեն նաեւ տպարաններ, կառուցել եւ կահավորել են իրենց թերթերի, հեռուստա եւ ռադիոընկերությունների համար գերժամանակակից շենքեր, օֆիսներ եւ այլն: Հետեւաբար, ամենահայտնի թերթերը թուղթ գնելու եւ տպագրական ծախսեր հոգալու խնդիր չունեն՝ իրենց «Վրեժը» իրենց տերն ու հիմնադիրն է, թուղթը՝ ընտիր, տպագրությունը՝ անթերի եւ, իհարկե, գունավոր: Խմբագրություններին մնում է՝ կենտրոնանալ ստեղծագործական խնդիրների վրա եւ փող աշխատել իրենց հիմնադիրների համար: Այդ ամենով հանդերձ, հիմնական օրաթերթերը աշխատում են վնասով: Օրինակ, անցած տարվա դրությամբ, 60 հազար տպաքանակով լույս տեսնող «Պոստիմես» օրաթերթի հովանավորները ստիպված էին փակել 2 մլն դոլար ծախս: Բայց համբերատար սպասում են, վստահ լինելով, որ« վաղ թե ուշ, այդ բիզնեսից օգուտներ կստանան (գուցե արդեն ստանում են, բայց՝ ոչ նյութական): Կա նաեւ եկամտաբեր օրաթերթ՝ «Օհտուլեհտ», որը տպվում է հիշյալ նորվեգացիների եւ շվեդների համատեղ ուժերով: Բայց դա տաբլոիդ է՝ կենտրոնացած մասնավոր կյանքի եւ սկանդալների վրա՝ տպաքանակը՝ 64 հազար: Վերջում բացատրեմ տաբլոիդի եւ «դեղին մամուլի» տարբերությունների մասին: «Դեղին մամուլը», ինչ-որ մեկից լսելով, գրում է՝ «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Լեոնիդ Հակոբյանը շքեղ ամառանոց է կառուցում»: Տաբլոիդը «դեպքի վայր» է ուղարկում իր լրագրողին, որը լուսանկարում եւ նկարագրում է այդ ամառանոցը: Բացի դրանից, կան, իհարկե, լուրջ թերթեր, որոնք նկարագրում են, թե ինչպես է Լեոնիդ Հակոբյանը գիշեր-ցերեկ տանջվում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ունենան նման ամառանոցներ: Բայց լուրջերին թողնենք իրենց գործին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Տալին Հ. Գ. Շնորհակալ եմ USAID, «Պրոմեդիա», «Իռեքս» կազմակերպություններին, Եվրոպական ժուռնալիստիկայի կենտրոնին եւ անձամբ Իրինա Պետրոսյանին՝ այս չափազանց օգտակար շրջագայությունը կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել