Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես

Մարտ 07,2001 00:00

«ՍԱ ՄԻՏՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՐՔԵՐԻ ԹՈՒԼԱՑՄԱՆԸ» Այսպես մեկնաբանեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այն իրողությունը, որ նախագահական ընտրություններից 3 տարի անց միայն ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձավ այն տվյալներին, որոնք կասկածելի են դարձնում Ռոբերտ Քոչարյանի ընտրության օրինականությունը։ ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում Հայաստանում 2000 թ. մարդու իրավունքների վիճակը նախորդ տարիների համեմատ գնահատվել է ակնհայտորեն բացասաբար։ Անդրադառնալով այս փաստին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ամենեւին կարիք չեմ տեսնում, որ Պետքարտուղարությունը մեզ ներկայացնի մեր երկրի վիճակը։ Մենք ինքներս էլ շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է երկիրը։ Իսկապես շատ լուրջ անելիքներ կան եւ առաջին հերթին՝ քաղաքական համակարգի առողջացման ուղղությամբ, որ իր մեջ ներառում է նախեւառաջ ժողովրդավարական գործընթացների խորացումը եւ, իհարկե, իշխանության թեւերի իրական տարանջատումը, գերլիազորություններ ունեցող նախագահի կարգավիճակի փոփոխությունը։ Եվ, իհարկե, այս ամենը որպես հիմք պետք է ունենա ընտրական ժամանակակից եւ գործող համակարգը»։ Վերոթվարկյալ բոլոր հարցերում Պետքարտուղարության 2000 թ. զեկույցում, հիշեցնենք, որ արձանագրվել էին բացթողումներ։ Մասնավորապես, որ ՀՀ նախագահի ընդարձակ լիազորությունները հավասարակշռված չեն օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից։ Ու նաեւ, որ չեն իրականացվել սահմանադրական փոփոխությունների, դատաիրավական համակարգի բարելավման եւ նման այլ նախընտրական խոստումները։ Տեղին համարելով եւ համաձայնելով զեկույցում նշված մի շարք բացասական արձանագրումների հետ, պրն Ռուստամյանն այսուհանդերձ նշեց. «Մի շարք դեպքերում կատարվել են շատ բացարձակ մատնանշումներ, կոնկրետ թվեր են հրապարակվել, որոնք նախ եւ առաջ, կարծում եմ, կարիք ունեն ապացուցվելու»։ Նկատի ուներ զեկույցում պարունակվող մասնավորապես այն պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի օգտին կեղծվել է նվազագույնը 100 հազար ձայն։ Իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ընդհանրապես անվանվել էր մարտահրավեր՝ միջազգային ժողովրդավարական նորմերին։ «Որ եղել են կեղծիքներ եւ դրանց մասին խոսվել է՝ ակնհայտ է։ Որեւէ մեկը դրա շուրջ չի վիճում,- ասաց Արմեն Ռուստամյանը։- Բայց որքա՞ն էին այդ կեղծիքները եւ իսկապես ազդե՞լ են ընտրությունների արդյունքի վրա՝ հիմք չունենք պատասխանելու, քանի որ պարտվող կողմը 1998-ին, այո՛, մատնանշելով եղած որոշակի կեղծիքները, այնուամենայնիվ, չվիճարկեց եւ ընդունեց ընտրությունների արդյունքները»։ Մեր զրուցակիցն անդրադարձավ զեկույցում մեջբերված մեկ այլ որոշակի թվի եւս, որ վերաբերում է 1999-ին ազատազրկման վայրերում արձանագրված 54 մահվան դեպքերին. «Նորից ասում եմ՝ այո՛, կան դեպքեր, եւ դրանց մասին բազմիցս խոսել ենք, որ դժբախտաբար մինչ օրս խոշտանգումներ են տեղի ունենում եւ կան մահվան դեպքեր։ Բայց դա 54 է, թե ինչքան՝ այս խնդիրը ճշտելու եւ ապացուցելու հարց կա»։ Այսուհանդերձ, որպես ամենակարեւոր խնդիր Արմեն Ռուստամյանն առանձնացրեց, թե ինչու են հենց այժմ անդրադառնում, որ Քոչարյանի ստացած ձայների քանակն ուռճացված է. «Սա պատահական չէ եւ, կարծում եմ, սա առաջին հերթին կարող է առնչվել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։ Մասնավորապես, սա կարող է միտված լինել բանակցություններում հայկական կողմի դիրքերը էապես թուլացնելուն։ Դժբախտաբար, այս առումով պատմությունը կրկնվում է՝ մեր երկրում եղած ներքին խնդիրները դրսում միշտ օգտագործվում են Հայաստանին հարվածելու, խոցելու համար։ Ամեն պարագայում, մեզ համար սա շատ մտահոգիչ է եւ պետք է հասնել նրան, որ չտանք այդպիսի հնարավորություն»։ ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների գծով օգնականը նշել էր, թե նման զեկույցները հիմք են դիտում այլ պետությունների հետ աշխատանքը կազմակերպելու համար։ Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը զեկույցին անդրադարձավ այս տեսանկյունից եւս. «Սա նույնպես նշանակում է, որ ամեն անգամ նման գնահատականներ տալով ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում, ի վերջո, ոչ հավասարը հավասարի պես խոսել տվյալ երկրի հետ, որը նույնպես շատ մտահոգիչ եւ անընդունելի է մեզ համար։ Սա նշանակում է, որ մեր անկախությունն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում փորձ է արվում անընդհատ փչացնել, թուլացնել։ Եվ սա բարենպաստ վիճակ է ստեղծում գերտերությունների համար, որ նրանք վերեւից՝ բարձրից միշտ խոսեն մեզ հետ։ Այս առումով, այս ամենը հնարավորություն է տալիս գործընկերության սկզբունքի խախտման եւ, կարծում եմ, հենց այս նպատակներն էլ հետապնդում է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել