«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում նշեց, որ իր համար արդեն ինտելեկտուալ վիրավորում է ԱԺ նիստերին հետևելը․ «Առավելապես քպականներին, որոնք խոսում են բարեկրթության մասին, բայց հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ իրենք կապ չունեն բարեկրթության հետ ու անելու էին այն, ինչ հիմա անում են։
Սա շոուի էլեմենտներ է պարունակում։ Նման կերպ նրանք ԱԺ-ում փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել շատ կարևոր իրադարձություններից, որպեսզի ժողովուրդը թմբիրի մեջ չհասկանա, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ քպականների վարած քաղաքականությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով Բայրամովի, Ալիևի, Հաջիևի արած հայտարարություններին՝ պարոն Մալխասյանը եզրակացրեց, թե որքան սին են խաղաղության մասին հայտարարությունները։
«Ալիևը հասկացնում է հայերին, որ որպես այդպիսին խաղաղությունը գոյություն չունի, դուք կապիտուլացվել եք, ձեր իշխանությունները կզել են, հետևաբար, մենք ամեն ինչ ստանալու ենք ձեզանից այն պայմաններով, ինչ մենք ենք թելադրում։ Դա լինի TRIPP, որը իրենք ներկայացնում են միջանցքի տրամաբանություն, և Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ TRIPP-ի մուտքն ու ելքը իրենք են վերահսկելու։
Կարդացեք նաև
Եթե Հայաստանի իշխանությունները քաղաքական և բարոյական պատասխանատվություն ունենան, պետք է պաշտոնապես պատասխանեն Բայրամովի այս հայտարարությանը։ Եթե Բայրամովը սուտ է խոսում, ապա պետք է խարազանել Բայրամովին քաղաքականապես ու ասել, որ նա կատարյալ ստախոս է։ Իսկ եթե ճիշտ է խոսում, ապա ստացվում է, որ կատարյալ ստախոսը Հայաստանի իշխանություններն են, որոնք մեզ վստահեցնում էին, որ TRIPP-ը հայկական սուվերենության տակ գտնվող ճանապարհ է, ոչ մի միջազգային տրամաբանություն չկա։
Եթե պաշտոնական Երևանը Բայրամովին կոշտ պատասխան չի տալիս այդ հայտարարության հետ կապված, որ իրենք են վերահսկելու Սյունիքի, Մեղրիի 40 կմ հատվածի մուտքն ու ելքը արևելքից արևմուտք, սա խայտառակություն է, աշխարհաքաղաքական խայտառակություն։ Սովորաբար, եթե ակնառու սուտ է հնչում, կողմերը շատ արագ են պատասխանում այդ հայտարարությանը։ Բայց Բայրամովի հայտարարության հետ կապված նման պատասխան չի եղել, ինչը ենթադրել է տալիս, որ սրանք մտածում են՝ ինչպես տակից դուրս գան։
Ինչ վերաբերում է արդեն Հաջիևի ստորացմանը, Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների, անցյալը խմբագրելու, Հայոց ցեղասպանությունը մասնակի մոռանալու, դրա միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին, Փաշինյան Նիկոլը անգամ հասել էր նրան, որ սկսել էր հայերին մեղադրել Թուրքիայում կատարված ցեղասպանության մեջ, ռուսներին մեղադրել։ Ու հանկարծ այս ամեն ինչի մեջ Ալիևը ծլում է ու հայտարարում, որ այսպես կոչված Խոջալուի ցեղասպանություն է եղել, և դրա համար պետք է պատասխան տան։ Մշակութային ժառանգության հետ կապված խնդիրներ է բարձրաձայնում այն դեպքում, երբ նույն Հաջիևը մշակութային ցեղասպանության դրսևորում է ցույց տալիս։ Նախ, իրենք ֆիզիկապես հայերին հանել են Արցախից, հայրենազրկել են, երկրորդ փուլում արդեն Դադիվանքը ներկայացնում են որպես ինչ-որ անհասկանալի աղվանական մշակութային ժառանգություն։ Մինչդեռ, դրա հայկական լինելը որևէ կերպ չի վիճարկվում։
Հաջիևի այս լկտի պահվածքը միանշանակ պետք է Երևանի կողմից խիստ դատապարտման ենթարկվեր։ Սակայն մենք ԱԺ-ում խաղաղությունը խնամելու ինչ-որ նվնվոցներ ենք լսում։ Սա խաղաղություն չէ։ Սա ստրկացում է՝ բարոյական, ֆիզիկական գաղութացումից առաջ»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։
Հիշեցնենք, որ ասուլիսում պատասխանելով Կարս–Դիլուջու երկաթուղու, Նախիջևանում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների և լրագրողի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես միասնական տրանսպորտային ցանցի գործունեությանը վերաբերող հարցին՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող ավտոճանապարհի աշխատանքներն ավարտված են մոտ 95 տոկոսով, իսկ երկաթուղու աշխատանքները՝ մոտ 75 տոկոսով։ Այնուհետև նա անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող մոտ 42 կմ հատվածին՝ նշելով, որ այն TRIPP ծրագրի մաս է, իսկ դրա շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։
«TRIPP-ի վերաբերյալ բանակցություններ են ընթանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն ամերիկացի գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են աշխատանքների ընթացքի մասին։ Կրկնեմ՝ խոսքը Հայաստանի տարածքում գտնվող հաղորդակցությունների մասին է, սակայն դրա մուտքն ու ելքը Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանի սահմանը և միայն այդ ձևով է այդ ճանապարհը՝ միջանցքը գործելու»,- ասել է Բայրամովը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































