«Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին վարչապետի ելույթի ժամանակ ձեռքերով ինչ-որ բաներ էր ցույց տալիս, թե իբր պատրաստվում է կոշիկ նետել դեպի ամբիոն։ Խնդրում եմ՝ փոխանցեք Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ եթե իրեն չհավաքի, և նման բան կրկնվի, դահլիճի այս մասից տարբեր չափսերի ու բրենդերի 64 կոշիկ կսլանան իր ուղղությամբ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին սպառնաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանին, ամեն դեպքում եկեք այնպես անենք, որ թռչող կոշիկների երեկո ԱԺ-ում տեղի չունենա»։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դարձյալ պնդել էր, թե չկա տեսական հնարավորություն, որ մարդը տասը տարի երկրի ղեկավար լինի և միլիոնատեր դառնա եւ հարցրել՝ ինքը արդեն ութ տարի է վարչապետ է, ինչո՞ւ ինքն էլ միլիոնատեր չէ. «Այսինքն՝ դուք խելոք եք, մենք ոչ էնքա՞ն»:
Կարդացեք նաև
Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց. «Այո»։ Փաշինյանն ամբիոնից ասաց. «Ասում է «հա», հեսա կտենանք՝ ով է խելոքը, այդ տենց տմբտմբացրեք գլուխներդ, վերջին կոշիկն էլ ձեռներիցդ առնելու ենք, տենց խելոք եք»:
Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե կուղարկի կոշիկը վարչապետին, ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց. «Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք, կախած վիճակում»:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































