«Դե, դե, ուրեմն եթե գնաց այդ ուղղությամբ խոսակցությունը, պատասխանեք այդ հարցին․ ինչո՞ւ է, որ դուք Ղարաբաղից լինելով՝ Երևանում երկու սենյականոց բնակարան ունեք, մյուս 100 000-ը չունի։ Ի՞նչն է դրա պատճառը։ Կառավարական դաչան, ինչպես ասում եք, իմը չի, ՀՀ-ինն է։ Այդ կառավարական դաչայում ժամանակին ձեր ղեկավարներն են ապրել, որոնց ժամանակ անտուններ են եղել, նրանցից առաջ էլ են ապրողներ եղել։ Բա ինչո՞ւ դուք, ղարաբաղցի լինելով, Երևանում ունեք երկու սենյականոց տուն, ուրիշները… նույնիսկ մարդիկ կան, որոնց անունը չեմ տալիս, շենքեր ունեն Երևանում։ Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն։ Տասնյակ շենքեր ունեն, տասնյակ հյուրանոցներ ունեն։ Տվե՛ք, թող ապրեն։ Եվ ՀՀ-ն իր գույքով վճարելու կարիք չունի, 800 միլիարդ դրամ հատկացում է արված։ 800 միլիարդ դրամ հատկացում է արված, թող մարդիկ գնան այդ հատկացումներից օգտվեն»,- կառավարության հետ հարցուպատասխանի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հարց էր ուղղել արցախցիների՝ բնակարանային բարձր վարձերի մասին և առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ բնակվելու տեղ չունեցող արցախցիներից որոշներին տեղավորել կառավարական ամառանոցներում։
«Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին, որովհետև… իսկ ձեզ ինչո՞ւ է թվում՝ Հայաստանում մարդ չկա՞ ուրիշ, որ տուն չունի։ Բա ինչո՞ւ են, ինչպես դուք եք անվանում, Ղարաբաղի ներկայացուցչություն տեղափոխվում։ Թող ձեր տուն տեղափոխվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Այսինքն, հիմա ով բնակվարձի խնդիր ունի, կարող է որտեղ ուզենա գնա մտնի՞։ Սա՞ է ձեր տրամաբանությունը։ Երբ որ մարդիկ գան ձեր տուն մտնեն, դե ոստիկանություն չկանչեք հանկարծ և հանկարծ չբողոքարկեք»։
Ինչ վերաբերվում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանում երկու պետություն, երկու կառավարություն չի կարող լինել։ Հայաստանում ձեր անունով նշված կառույցը, նա միանշանակ պետք է անցնի Հայաստանի Հանրապետության տնօրինությանը։ Այստեղ սեթևեթելու բան չկա։ Եվ էլի եմ ասում՝ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պետության մեջ երկրորդ պետություն կամ երկրորդ կառավարություն, երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են։ Ասում եմ հստակ, որ լինի ծայրահեղ հասկանալի»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































