Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ԿԸՆՏՐՎԻ ԻՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ»

Մարտ 24,2001 00:00
Albert Bazeyan

Առայժմ գրանցում չունեցող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը ասաց, որ իրենք խնդիր չեն դրել Հանրապետական կուսակցության շարքերից մարդիկ անդամագրել «Հանրապետություն» կուսակցությանը։

Նրանք, ովքեր կձգտեն դառնալ «Հանրապետության» անդամ, լուրջ ուսումնասիրության կենթարկվեն. «Մենք շատ նախանձախնդիր ենք լինելու եւ ուշադիր այն մարդկանց հանդեպ, ովքեր արդեն մի քանի կուսակցություն են փոխել։ Այդպիսի մարդիկ տեղ չեն ունենա մեր կուսակցության մեջ»։ Այնուամենայնիվ, շատերն են ակնկալում, որ ե՛ւ ՀՀԿ-ից, ե՛ւ ԵԿՄ-ից որոշ թվով մարդիկ կձգտեն անդամակցել։ Այն երեւացող, նաեւ քողարկվող խմորումները, որ տեղի են ունենում այսօր ՀՀԿ-ում եւ ԵԿՄ-ում, ինչ-որ կերպ կարո՞ղ են կապված լինել նորաստեղծ կուսակցության հետ։ Ըստ Ալբերտ Բազեյանի՝ անշուշտ. «Որովհետեւ ՀՀԿ-ից միայն շարքային անդամներ դուրս չեկան, այլ չորս հոգի ՀՀԿ ղեկավար մարմնից դուրս եկան եւ ընդգրկվեցին մեր կուսակցության նախաձեռնող խմբում եւ այսօր կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ են։ Ինչ վերաբերում է երկրապահներին. եթե հիշում եք, ԵԿՄ-ի եւ ՀՀԿ-ի միավորման գործընթացը միանշանակ չընդունվեց երկրապահների կողմից։ Ոչ բոլորն էին կողմ այդ տարբերակով գնալուն։

Այն ժամանակ խնդիր կար երկրապահի քաղաքական էլիտայի միջոցով ստեղծել նոր կուսակցություն։ Եվ բոլորը չէ, որ ընդգրկվեցին ՀՀԿ-ի մեջ։ Այդ հատվածը այժմ հակում ունի ընդգրկվել «Հանրապետություն» կուսակցության մեջ»։ Մեր դիտարկմամբ, Վազգեն Սարգսյանի ծրագրերի իրականացման հետ կապված, երկու կուսակցությունները՝ նորաստեղծ «Հանրապետությունը» եւ ՀՀԿ-ն, որոշ տարաձայնություններ են ունենալու։ Ալբերտ Բազեյանի գնահատմամբ՝ այսօր ՀՀԿ-ն չի հրաժարվում Վազգեն Սարգսյանի գաղափարախոսությունից եւ քաղաքական ծրագրերից, սակայն, ծրագրերն ու գաղափարախոսությունը հռչակելը մի բան է, դրանք իրականացնելը՝ բոլորովին այլ։ Ըստ Բազեյանի, ՀՀԿ-ն այսօր լիարժեք ունի այդ հնարավորությունները որպես գործադիր իշխանության պատասխանատվությունը ստանձնած կուսակցություն. «Բայց չի իրագործում, որովհետեւ ՀՀԿ ղեկավարը նշանակվել է վարչապետ նախագահ Քոչարյանի կողմից, ընդունելով բոլոր այն պայմանները, որ առաջարկել է ՀՀ նախագահը»։ Ալբերտ Բազեյանը վստահ է, որ Անդրանիկ Մարգարյանը որեւէ հակադրության չի գնա նախագահ Քոչարյանի դեմ, քանի որ «անմիջապես կհետեւի վարչապետի պաշտոնանկությունը»։

Եթե հիմնադրման նախնական փուլում Ալբերտ Բազեյանը եւ իր կուսակիցները հայտարարում էին, թե նորաստեղծ կուսակցությունը կառուցողական է լինելու, այսօր ասում են նաեւ, որ կուսակցությունը ընդդիմադիր է «օրվա իշխանությանը, եւ չենք ընդունում այն գործելակերպը, որը որդեգրել է իշխանությունը»։ Պարոն Բազեյանը ասաց նաեւ, որ իրենք պատասխանատվություն են կրում ներկա իշխանության համար, քանի որ 1998-ին աջակցել են Ռ. Քոչարյանի ընտրությանը. «Հուսալով, որ երկրում կիրականացվեն լուրջ բարեփոխումներ, հատկապես իրավական ոլորտում։ Բայց, ցավոք, այժմ սահմանադրական նորմերը շարունակվում են ոտնահարվել, չի ապահովվում օրենքի գերակայություն»։ Բայցեւայնպես, «Հանրապետություն» կուսակցությունը իշխանափոխության խնդիր այսօր դեռ չի դնում. «Առաջին խնդիրը պետք է լինի ստեղծել կայուն քաղաքական ուժ, քաղաքական համակարգ, որը ունակ կլինի ստանձնել երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն»։

Ինչո՞ւ Ալբերտ Բազեյանին առաջարկվեց քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում գրել։ Չմոռանանք, որ պրն Բազեյանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց տեղի ունեցավ «Հհոկտեմբերի 27»-ը։ Հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցավ ԵԿՄ համագումարը, որի ժամանակ Ալբերտ Բազեյանը հասցեագրել է «մեղադրանքներ ՀՀ նախագահին, ասել եմ, որ նախագահական ընտրություններից հետո նրան չհաջողվեց դառնալ երկրի կայունացման երաշխավորը, ընդհակառակը, նախագահը դարձավ հակամարտող կողմ եւ երկրում հակամարտության ոգին ավելի սրվեց։ Ես լուրջ մեղադրանքներ եմ հասցեագրել մեր երկրի ԱԱ մարմիններին, որ նրանց վատ աշխատանքի կամ թողտվության արդյունքում է տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ը։ Ես այդպիսի մեղադրանքներ հասցրել եմ եւ այսօր էլ մնում եմ նույն մտքին։ Հավանաբար իմ այդ մոտեցումը դուր չի եկել ներկա իշխանությանը»։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Եթե ընդունենք, որ այսօր կուսակցության լիդերը Ալբերտ Բազեյանն է, այդ դեպքում ի՞նչ դեր եւ նշանակություն ունի Արամ Սարգսյանը կուսակցությունում. «Միանշանակ ձեւակերպել չարժե, որ կուսակցության լիդերը Ալբերտ Բազեյանն է։ Քաղաքական խորհրդի բոլոր անդամները հավասար կարգավիճակում են։ Համագումարում կուսակցության իրական ղեկավար կընտրվի։ Այս պահին ընտրությունը ընկել է ինձ վրա»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031