«ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Արդեն հիշատակել էինք «Հայաստան» խմբի դժգոհության մասին, որ չնայած ԱԺ-ում իրենք մեծությամբ երկրորդն են, սակայն անտեսվում են, ասենք, զանազան ներկայացուցչական պատվիրակություններում։ Որպես «Միասնության» համար նախազգուշացում՝ «Հայաստանը» միացավ ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքի գործողությունը դադարեցնելու նպատակով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը։ Սակայն մեծամասնության ներկայացուցիչները թերեւս շատ արագ հետեւություն արեցին եւ արդեն վճռական քվեարկության ժամանակ «Հայաստանը» խառը քվեարկեց։ «Հայաստանի» ղեկավար Մյասնիկ Մալխասյանը համաձայն չէր մեր մեկնաբանություններին եւ հիշեցրեց, որ ԲԷՑ-երի վերաբերյալ նախորդ քվեարկության ժամանակ էլ էր իրենց խումբն ազատ քվեարկել. «Մոտավորապես 50/50-ի քվեարկություն էր կատարվել»։ Նաեւ նշեց, թե «Հայաստանը» երբեք պաշտոններ ստանալու խնդիրներ չի արծարծել։ Թեեւ շատերն էին ակամա ականջալուր դարձել Գալուստ Սահակյանի հետ նրա բարձրաձայն բանավեճին, որի ընթացքում անընդհատ հնչում էր այն պահանջը, թե Հովհաննես Հովհաննիսյանի տեղը պիտի հատկացվի «Հայաստանին»։ Այս մասին մեր հիշեցմանն ի պատասխան Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Ես բոլորովին էլ խնդիրն այդպես չեմ դրել։ Ես պարզապես ասել եմ, թե Եվրախորհրդի պահանջն է, որ Ստրասբուրգում մեր պատվիրակության մեջ համաչափորեն ներկայացված լինեն քաղաքական կուսակցությունները եւ խմբերը։ Ես էլ ընդամենն ասում էի, թե հստակեցրեք, ճշտեք սկզբունքները։ Արդյոք մնո՞ւմ են ըստ մեծության տեղ հատկացնելու նախկին սկզբունքները, որոնք հաստատել էր Կարեն Դեմիրճյանը։ Թե՞ դրանք փոփոխության են ենթարկվել եւ Ստրասբուրգում մեր պատվիրակության հիմնական կազմում «Հայաստանն» իր տեղը չի ունենալու»։ Ա. Ի.

















































