Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում սկսել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկումը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:
Թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրել Հաշվեքննիչ պալատի զարգացման իր տեսլականը։
Կարդացեք նաև
«Ազգային ժողովի առաջարկներն ու պատգամավորների բարձրացրած հարցերը տեղեկատվության կարևոր աղբյուր են, իսկ հաշվեքննության թեմաների վերջնական ընտրությունը պետք է կատարվի անկախ և հիմնավորված մասնագիտական գնահատմամբ»,- ելույթում ընդգծել է զեկուցողը։ Նրա խոսքով պալատից նաև ակնկալվում է խարդախության ռիսկերի բացահայտմանն ուղղված առավել ակտիվ աշխատանք։
Կարեն Առուստամյանը խոսել է նաև հաշվեքննության գործընթացի թվայնացման կարևորությունից։ Թեկնածուն համոզմունք է հայտնել, որ երկրորդ անգամ ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել պալատի առաքելությանը՝ մասնագիտական պահանջկոտությամբ և կառուցողական համագործակցությամբ։
Կարեն Առուստամյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին։
Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 29-ին։
Վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։
ԱԺ



















































