Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 19-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը տարածք տրամադրելու վերաբերյալ «Շիրազ» բազմազավ

Ապրիլ 25,2001 00:00

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՀԱԶԱՆԳ Ապրիլի 19-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը տարածք տրամադրելու վերաբերյալ «Շիրազ» բազմազավակների բարեգործական կազմակերպության հայցը մերժեց։ «Եթե վճռաբեկում էլ նույն վճիռը կայացնեն, մենք բազմազավակների հետ շարժվելու ենք դեպի Էջմիածին, Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ։ Եթե նա նույնպես այս հարցում մեզ չաջակցի, բացահայտ կհրաժարվենք քրիստոնեությունից եւ կընդունենք հեթանոսական կրոն»,- ասաց «Շիրազ» կազմակերպության նախագահ Վիգեն Ղազարյանը։ Բանն այն է, որ «Շիրազ» կազմակերպությունը 7 տարի շարունակ (1994թ.) տնօրինել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող մի տարածք (որը նրան տրամադրել էր քաղաքապետարանը), եւ այժմ իրենցից պահանջվում է դուրս գալ այդ տարածքից՝ այն տրամադրելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԶԱԳՍ-ի տնօրինությանը։ Մինչդեռ նշենք, որ հիշյալ ԶԱԳՍ-ը 1993 թ. հրաժարվել էր այդ տարածքից, քանի որ այն կիսակառույց էր եւ բազմաթիվ աշխատանքներ կար անելու։ «Հիշյալ տարածքը կազմում էր 510 քմ, որից մեզ հատկացրին միայն 320 քմ, իսկ 191-ը մնաց ազատ,- պատմում է Վ. Ղազարյանը։- Բազմաթիվ շինարարական աշխատանքներ կատարեցինք։ Բազմազավակ մայրերի, երեխաների ձեռքով տարիներ շարունակ մաքրեցինք այդ կիսակառույցը աղբից, կեղտից, փլատակներից, կարգի ենք բերել մեր անձնական միջոցներով։ Այդ տարածքից, որտեղ շուրջ երեք տարի սովորել են բազմազավակ ընտանիքների երեխաներ, այժմ ուզում են մեզ վտարել»։ Ըստ Վ. Ղազարյանի, թեեւ շուրջ 8 տարի տնօրինում են այդ տարածքը, բայց նախագիծ են ստացել ընդամենը մի քանի ամիս առաջ. «Մենք երբ 1994-ին տարածքը ստացանք, տեսանք, որ չեն նշել, թե տարածքի որ կողմից պետք է տնօրինենք։ Մենք բազմիցս նամակ ենք հղել քաղաքապետին, թաղապետին, բնակվարչությանը, անգամ կառավարություն եւ ՀՀ նախագահին։ Խնդրեցինք մեզ հատկացնել կոնկրետ տարածքի հատակագիծը եւ կոնկրետ որոշում՝ թե այդ 510 քմ տարածքը որ կողմից մենք պետք է տնօրինենք։ Բայց ոչինչ չստացվեց»։ Վ. Ղազարյանի տվյալներով, կան որոշ անճշտություններ՝ կապված 320 քմ տարածքի չափագրման, գրանցումների եւ այլնի հետ։ «Որոշ գրասենյակների աշխատողների անգրագիտության պատճառով սխալ գրվեց օրդերը։ Օրդերում գրված է հասցեն՝ «Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամաս, 71, 72 շենքերին կից։ Դա այդպես չէ։ Իրականում դա կից է միայն 72 շենքին։ Չափագրման մեջ նույնպես թույլ տրվեց սխալ, որը մենք հայտնաբերեցինք։ Նկուղը, որը կազմում է 488 քմ, գրել էին 600 քմ, որի համար առաջին անգամ ավելորդ գումար մուծեցինք»,- տեղեկացրեց պրն Ղազարյանը։ Խնդրի ամբողջ բարդությունը, ըստ Վ. Ղազարյանի, այն է, որ պահանջողները ոչ թե 191 քմ ազատ տարածքն են ուզում, այլ իրենց զբաղեցրած տարածքը, որը գտնվում է ավելի լուսավոր եւ հարմարավետ կողմում։ Գործը հանձնվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան։ Դատարանը (դատավոր՝ Համլետ Ասատրյան), առանց խորամուխ լինելու փաստերի, ինչպես Վ. Ղազարյանն է ասում՝ «էության մեջ», որոշում է կայացնում վտարել «Հովհաննես Շիրազ» անունը կրող կազմակերպությանը եւ այդ տարածքը տալ ԶԱԳՍ-ին։ Ապրիլի 19-ին վերաքննիչ դատարանը նույնպես նմանատիպ որոշում կայացրեց՝ տարածքի անօրինական տեր ճանաչելով Շահումյանի ԶԱԳՍ-ը։ «Այս անարդարացի վճռի դեմ որոշել ենք նստացույց անել։ Լեժանկաներն ու խմելու ջրի ամաններն արդեն պատրաստ են»,- տեղեկացրեց պրն Ղազարյանը։ Նա հայտնեց, որ նախքան նստացույցը պետք է բողոքարկեն նաեւ վճռաբեկ դատարան եւ, եթե այնտեղ էլ նույն վճիռը կայացվի, ապա իրենք կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից. «Մենք քաղաքական ապաստան ենք խնդրելու չորս պետությունից՝ Գերմանիա, Անգլիա, Ամերիկա եւ Ֆրանսիա»։ Ըստ Վ. Ղազարյանի, այդպես վարվելով իրենք չեն փորձում հայրենիքին դավաճանել, ընդհակառակը՝ «մենք սիրում ենք մեր հայրենիքը, ուզում ենք այստեղ մնալ, բայց այսօր կառավարությունը չի ուզում նույնիսկ մի փոքրիկ հարց լուծել։ Մեր նստացույցը կտեւի այնքան, մինչեւ կամ կհեռանանք Հայաստանից, կամ այդ տարածքը կտան մեզ»,- վերջացրեց նա։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել