Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգվածային լրատվամիջոցների մասին» գործող օրենքը ընդամենը իր մի հոդվածով (27) ապահովում է լրագրողնե

Մայիս 12,2001 00:00

Ինչը ինչու չի կարելի «Զանգվածային լրատվամիջոցների մասին» գործող օրենքը ընդամենը իր մի հոդվածով (27) ապահովում է լրագրողների ներկա լինելը դատարաններում։ Ըստ այդ հոդվածի, լրագրողը կարող է ներկա գտնվել դատական նիստերին, լուսանկարել, տեսաձայնագրություններ անել։ Լրագրողը գնում է դատարան եւ հենց այդտեղ էլ սկսվում է բախումը դատավորների հետ։ Վերջիններս ձգտում են իրենց հարաբերությունները լրագրողների հետ չփչացնել, բայց միեւնույն ժամանակ նրանք չեն կարող հարմարվել լրատվամիջոցների «ցանկություններին», որոնք դեռեւս իրավական կարգավորում չունեն։ Լրագրողը դատարանից կամ դատավորից ցանկանում է, ասենք, տվյալ դատական (դռնբաց) նիստի արձանագրությունը, քանզի ոչ մի տեղ չի գրված, թե նա տվյալ դատավարության մասին գրելու համար ամիսներով-տարիներով պետք է գամված մնա դատարանների փոշոտ աթոռներին։ Սակայն չկա այնպիսի նորմ, որով նա ստանա պահանջածը։ Դատարանը կամ դատավորը սովորաբար մերժում են լրագրողին։ Լրագրողը հնարավոր է հետեւի գործի քննությանն ամբողջությամբ։ Բայց, ասենք, վճիռը կայացնելու օրը ներկա չգտնվի (օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով)։ Չկա մի տեղ սահմանված, որ դատարանը պարտավոր է լրագրողին տրամադրել վճիռը։ Դատական փաստաթղթերի մատչելիությունը դարձել է լուրջ պրոբլեմ իրավական թեմաներով զբաղվող լրագրողների համար։ ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն՝ «նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակումն առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, գտնվում է արդարադատության դեմ հանցանքների գլխում»։ Մեզանում այն տպավորությունն է, որ գոյություն ունեցող «արդարադատության դեմ առկա հանցանքների» գլխում ինչպես հետաքննական գաղտնիքն է, այնպես էլ դատաքննական ձեւավորվող գաղտնիքը։ Դատարանում ներկա գտնվելը, ձայնագրելն ու տեսագրելը դեռ չի նշանակում գործի նյութերի ամբողջական ծանոթացում, դեռ չի նշանակում, թե հրապարակայնությունն ապահովված է։ Միեւնույն ժամանակ ԶԼՄ գործող օրենքի ո՞ր հոդվածում է գրված, որ մենք իրավունք չունենք հրապարակել դատավորի հատուկ կարծիքը, որտե՞ղ է գրված, որ մենք իրավունք չունենք հրապարակել դատաբժշկական-դատահոգեբանական փորձագիտության եզրակացությունը, որտե՞ղ է գրված, որ «քրեական գործով մեղադրյալների անունները չի կարելի հրապարակել այնքան ժամանակ, քանի դեռ դա չեն պահանջում հասարակական շահերը» (ինչպես, ասենք, Շվեդիայում), որտե՞ղ է նշված, թե լրագրողական առանձին դիտարկումը (տեղեկատվական բնույթի) ոտնձգություն է արդարադատությունն իրականացնող մարմնի դեմ։ Ավելին, վիրավորանք է դատարանին։ ԶԼՄ նախատեսվելիք օրենքն էլ ոչինչ չի տա մեզ՝ լրագրողներիս, քանզի այն կոմերցիոն բնույթի է։ Այնտեղ եւս չեն սահմանված դատամատչելիության սահմանները, հետեւաբար, դատավորներ-լրագրողներ հարաբերությունները կմնան չկարգավորված։ Ավստրիայի օրենսդրությամբ արգելվում է հրապարակել կասկածյալների անունները։ Ըստ Գերմանիայի Սահմանադրության 5 հոդվածի, մամուլի ազատությունը ներառում է նաեւ դատարաններում ներկա լինելու իրավունքը։ Այսինքն, երկրի հիմնական օրենքը սահմանադրական նորմ է նախատեսել մամուլի համար։ Գերմանացի իմ գործընկերներից մեկն ասում է, թե դատական նիստերի արձանագրությունների բառացի մեջբերումները իրենց երկրում իրավախախտում են համարվում։ Ամբաստանյալին լուսանկարելու փոխարեն ուրվանկարներ են արվում։ Իսպանիայի Սահմանադրությամբ (120 հոդված) «դատաքննությունները, բացառությամբ օրենքներով նախատեսված դեպքերի, պետք է լինեն հրապարակային»։ Այստեղ, թերեւս, մինչեւ դատական նիստերը (միջոցառումները) վկաների ցուցմունքները հրապարակման ենթակա չեն։ Նախանձելի է Նորվեգիայի օրինակը եւս (հարցն այն չէ, թե որքանով է այն մեզ համար ընդունելի, այլ այն, որ ամրագրված նորմեր կան), արգելվում է, օրինակ, մեղադրյալին դատարանի ճանապարհին, դատարանից դուրս բերելիս, դատարանի դահլիճում լուսանկարելն անգամ։ Ֆրանսիայի օրենսդրությամբ լրագրողն իրավունք չունի հրապարակել տուժածի անունը կամ որեւէ այլ տեղեկություն, որը ճանաչել կտա նրան (մինչ դատաքննության ավարտը, տուժածի անվտանգության շահերից ելնելով)։ Լրագրողը միշտ չէ, որ կարող է վստահել կողմերին, ամբաստանյալի պաշտպանին, մեղադրողին, հայցվորին, նրա ներկայացուցչին, տուժողին, պատասխանողին, միշտ չէ, որ այդ կողմերից հնարավոր կլինի ստանալ դատարաններում շրջանառության մեջ դրվող փաստաթղթերը, դատարանների հետ նրանք էլ հույս չեն կապում, քանզի վերջին շրջանում, ֆինանսական պատճառներով, անգամ դատավճիռները ձեռք բերելն է դարձել նոր տարվա «լիմոնադի» պես մի բան։ Հետեւաբար, դատարաններում առաջիկայում լրագրողներիս գործունեությունը կդառնա խիստ կասկածելի։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել