Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքում են, որ ուսումնական պրակտիկայի հ

Մայիս 17,2001 00:00

Ուսանողը չպետք է վճարի պրակտիկայի համար Հատկապես բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքում են, որ ուսումնական պրակտիկայի համար ստիպված են լինում վճարել 300-500 դրամ։ Ուսանողները վրդովված էին. «Հերիք չէ այդքան վարձ ենք տալիս, դեռ պետք է առանձին գումար հավաքենք, որ մեզ պրակտիկայի տանեն»։ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության գլխավոր մասնագետ Ռաֆիկ Ղազարյանից տեղեկացանք, որ մասնավոր ուսումնական հաստատությունները իրավունք չունեն ուսանողներից հավելյալ գումար գանձել՝ ուսումնական պրակտիկայի համար։ «Մասնավոր բուհերը պայմանագրեր են կնքում հիվանդանոցների կամ այն հիմնարկությունների հետ, որտեղ պետք է ուղարկեն իրենց ուսանողներին։ Պայմանագրում պարտադիր նշվում է ուսանողների քանակը եւ պրակտիկայի տեսակը։ Տվյալ հաստատությունը պարտավոր է որոշակի գումար վճարել այդ հիմնարկությանը, սակայն ոչ մի դեպքում առանձին գումար չպետք է գանձվի ուսանողներից, քանզի պրակտիկայի վճարումները կատարվում են ուսանողի վարձավճարի հաշվին»,- ասաց պրն Ղազարյանը։ Այս խնդրի շուրջ զրուցեցինք մի քանի մասնավոր բուհերի ռեկտորների հետ։ Երեւանի «Հայբուսակ» ինստիտուտի ռեկտոր Անահիտ Հարությունյանի խոսքերով, նման գործելակերպը իրենց ինստիտուտում բացառվում է եւ ընդհանրապես ցանկացած բուհի համար դա անթույլատրելի է։ «Ամեն տարի օգոստոսին մենք համապատասխան պայմանագիր ենք կնքում 13 կլինիկական բազաների հետ։ Պայմանագրում հաշվի են առնվում ուսանողների թվաքանակը եւ հաճախումների ժամանակահատվածը, որի դիմաց ինստիտուտի բյուջեից հատկացվում է որոշակի գումար։ Որեւէ այլ լրացուցիչ գումար պրակտիկայի անցկացման համար ուսանողներից չի գանձվում։ Դեռ ավելին, մեր ինստիտուտը պրակտիկա անցկացնելու դիմաց, աշխատավարձից բացի, դասախոսին հավելյալ վճարում է»,- ասաց տիկին Հարությունյանը։ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը նման գործելակերպը անօրինական որակեց. «Ոչ մի բուհ իրավունք չունի առանձին գումար գանձել ուսանողից, քանզի պրակտիկայի գումարները օրենքով պետք է փոխանցվեն միայն վարձավճարներից։ Մենք կարող ենք միայն վարձակալել տվյալ հիմնարկությունը՝ պրակտիկա անցկացնելու համար։ Այլ հարց է, եթե մասնավոր բուհը իր ուսանողի հետ կնքած պայմանագրում նշում է, որ բուհը պետք է վարձավճարից զատ գումար գանձի պրակտիկայի կամ մեկ այլ բանի համար»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ. Գ. Պետական ուսումնական հաստատություններում եւս պրակտիկայի համար գումարն է հատկացվում հաստատության բյուջեից, իսկ ուսանողներից այդ նպատակով գումար հավաքելը օրինական չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել