Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամսից ավելի էր՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին ցուցաբերվող արտաիրավական օժանդակության թեման արծ

Մայիս 23,2001 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԶԱՅՐԱՆՈՒՄ, ՊԱՐՈՆԱՅՔ Մեկ ամսից ավելի էր՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին ցուցաբերվող արտաիրավական օժանդակության թեման արծարծվում էր մամուլի հրապարակումներում, քաղաքական գործիչները ակնարկում էին դրա մասին, իսկ հասարակությունն առավել քան համոզված պնդումներ էր անում։ Վերջապես այն բանից հետո, երբ ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմինների հանդիպումները պարբերական դարձան, իսկ խորհրդարանում էլ հնչեց ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի համատեղ հայտարարությունը՝ մտահոգիչ թեման տեղափոխվեց քաղաքական հարթություն։ Կանխատեսելի էր, որ ոճրագործների պահպանությունը իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման եւ ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրելու պահանջը որոշ քաղաքական ուժերի շրջանակում անհանգստությունների պատճառ էր դառնալու։ Վերջին հաշվով, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հանգամանքից ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, թե հնչած նախաձեռնությանը ինչպես կարձագանքեն իշխանություններն ու քաղաքական ուժերը։ Հանձնաժողովը, հակառակ ոմանց պնդումների, ստեղծվելու դեպքում, ունի գործառույթներ, որոնք նախատեսված են նաեւ ՀՀ Սահմանադրությամբ։ Սակայն անդրադառնանք խնդրի քաղաքական կողմին։ Արտաքուստ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի պահանջը խիստ օրինաչափ է. քաղաքական ուժերը եւ հասարակությունը կասկածներ ունեն, ընդ որում՝ գործադիր իշխանության խիստ որոշակի կառույցներից (ՆԳՆ, ԱԱՆ) եւ փորձում են լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու միջոցով կանխել ահաբեկիչներին ցուցաբերվող անօրինական աջակցությունը, վերջին հաշվով՝ նպաստել դատավարության բնականոն ընթացքին։ Սակայն տրամաբանական այս հարցադրումը, որի պաշտպանությունը կարող էր իշխանություններին ու որոշ քաղաքական ուժերի հնարավորություն ընձեռել ձերբազատվելու հասարակության մեղադրանքներից, արժանացավ վերջիններիս հակազդեցությանը։ Անշուշտ, վաղ է ենթադրություններ անելը, մանավանդ որ արտահերթ նիստը ինչ-որ իմաստով կողմնորոշիչ է լինելու եւ հասարակությունն էլ կիմանա, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժերն են կրծքով պաշտպանում մեր երկրի իրավապահ համակարգը՝ ցեխ շպրտելով «սրբազան» այդ գերատեսչությունների գործունեության օրինականությունը կասկածի տակ դնողների վրա։ Թեեւ նիստը տակավին տեղի չի ունեցել եւ դժվար է հստակ կանխորոշել խորհրդարանական ուժերի եւ նրանց հովանավորների տեսակետները, սակայն արդեն ոմանք ջղաձիգ շարժումներով «բացահայտվում» են։ Թերեւս ամենածիծաղելի վիճակում հայտնվել են վարչապետ Ա. Մարգարյանն ու նրա հավատարիմ զինակիցը՝ Տ. Թորոսյանը։ Նրանցից առաջինը վարչապետի պաշտոնը պահելու համար ամեն ջանք գործադրում է, տիրոջը հասկացնում է, որ էն գլխից միայն ու միայն նախագահին պաշտպանելու մասին է մտածել եւ նույնիսկ կարող է ներողություն խնդրել 2000թ. մարտի 3-ի հայտարարության համար եւ չհասկանալու տալ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովի նշանակությունը։ Նրան եւ Թորոսյանին կարելի է հասկանալ. անզուգական «Քաջ Նազարի» ամենափայլուն տարբերակը նույնիսկ այս պարոններին ոչինչ խոստանալ չէր կարող։ Սակայն իրական Քաջ Նազարի պարծենկոտությունը ոչինչ չարժե փոխխոսնակի համեմատ։ Նրան թվացել է, որ «Միասնությունը» «Միասնությունից» ինչ-որ բան է պահանջում։ Նույնիսկ Քոչարյան Ռոբերտը՝ առանց Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելու, այսպիսի ջանասիրությամբ պատասխանատվություն չէր ստանձնի ԱԱՆ-ի կամ ՆԳՆ-ի գործունեության համար։ Սակայն հանրապետականների պարագայում ամեն ինչ հասկանալի է՝ մի կերպ ձգտում են երկարաձգել Մարգարյանի վարչապետությունը, որի ամեն մի օրը գաղափարի ու նահատակ ընկերոջ հիշատակի ուրացում է։ Այ, երկրի իրական տերերի մտահոգությունները՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առթիվ, խորքային պատճառներ ունեն։ Եվ որպեսզի Հայկ Հարությունյանն ու Կառլոս Պետրոսյանը հանկարծ չանհանգստանան ու իրենց գերատեսչությունների միակ գործառույթը շարունակեն համարել ընդդիմության բերան փակելը, նրանց փոխարեն ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի հայտարարությանը պատասխանեց Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարն այս անգամ անտեսեց նույնիսկ ավելորդ դիվանագիտական ժեստերը։ Զույգ նախարարները, անշուշտ, իրենց երջանիկ կզգան Ս. Սարգսյանի պես պաշտպան ու խոսնակ ունենալու համար եւ անպայման վարձահատույց կլինեն։ Ս. Սարգսյանն էլ, որ «Հոկտեմբերի 27»-ի»շուրջ ասված ցանկացած խոսք՝ իներցիայի ուժով, իրեն հասցեագրված մեղադրանք է համարում (1999թ. հոկտեմբերի 27-ին նա էր ԱԱ նախարարը), հասկացնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա։ Չնայած շատ լուրջ էր ՀԺԿ-ի ու «Հայաստան» խմբի հայտարարությունը, այլապես Ս. Սարգսյանն անձամբ չէր արձագանքի դրան՝ փաստաթուղթը համարելով հիվանդ մտքի արդյունք։ Հավանաբար, առողջ մտածողության կարեւոր նախապայման է գլխավոր դատախազի առանձնասենյակում տեղի ունեցած դուետը, Արծրուն Մարգարյանի ինքնասպանություն գործելու անսպառ ցանկության հիմնավորումը, կամ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունն ու անվտանգության մարմինների «անմեղսունակությունը»։ Պաշտպանության նախարարի հրապարակային արձագանքի մյուս պատճառը վերահսկելի խմբակցություններին ու լրատվամիջոցներին կողմնորոշելն էր։ Չլինի հանկարծ, որ Վ. Այվազյանը ոգեւորվի արդար դատավարության գաղափարով, կամ «Օրինաց երկիրը» էս հարցում էլ «պոպուլիստական» դիրքորոշում որդեգրի։ Տեսե՛ք, տղերք, սա է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որը կարճ է, սակայն հստակ, այնքան, որ հաջորդ մի քանի օրերին առատ նյութ հանդիսացավ իշխանամետ թերթերից մեկի մի քանի խմբագրականների համար։ Բա Դաշնակցության խանդավառությո՜ւնը, որն ընդամենը մի քանի տարի առաջ Խթը էր անիծում, իսկ հիմա դարձել է խիստ «պետականամետ»։ Խեղճերը կրակն են ընկել խորհրդարանական մեծամասնության տգիտության ձեռը, նրանց ծերունական բարձունքից այլեւս անտանելի են դարձել մանկապարտեզային խաղերը։ Ու ընդհանրապես ամոթ է զառամյալ այս կուսակցության մասին որեւէ թթու խոսք ասելը։ Աղվան Վարդանյանը ի՞նչ անի, որ դատարանում իր շահերը պաշտպանելու համար փաստաբան էր պետք, իսկ Հայաստանում Ռ. Սահակյանից բացի կարգին իրավաբան չէր մնացել։ Ոչինչ, որ նա ամիսներ առաջ պաշտպանում էր Ալիկ Հարությունյանի շահերը։ Վերջին հաշվով, շատ էլ դժվար է գծել ՀՅԴ-ի ու Ալիկ Հարությունյանի շահերի սահմանագիծը։ Դաշնակները, որ շարունակում են քննադատել նախկիններին՝ անտեսելով դրանցից վատ ներկաների գործունեությունը, ձեռի հետ էլ ահաբեկչություն են գովազդում։ Մեկ էլ տեսար՝ հասարակությունը վարժվեց, «Հոկտեմբերի 27»-ը դարձավ սովորական, ահաբեկիչները՝ ապստամբ, իսկ արդար դատավարություն պահանջողներն էլ՝ անկայունության ջատագովներ։ Ուշադիր հետեւեք իշխանամետ լրատվամիջոցներին։ Մոտավորապես այս զարգացումն է. ասում են համատեղ հայտարարությունը՝ Ժնեւյան բանակցություններից առաջ, անկայունություն է սերմանում քաղաքական դաշտում։ Սրանից էլ լավ ինքնախոստովանությո՞ւն. գրեթե ասում են, որ Ղարաբաղի հարցում ձախողվել ենք։ Բայց կարեւոր մեկ այլ բան էլ ժողովուրդն է հասկանում. եթե իսկապես Ն. Հունանյանին եւ մյուս ոճրագործներին անօրինական օժանդակություն չի ցուցաբերվում, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կամ նրա գործունեությունը ներքաղաքական լարվածության պատճառ դառնա կամ Ժնեւում թուլացնի նախագահի դիրքերը։ Ակներեւ է, որ եթե ոճրագործների պահպանությունը իրականացնող իրավապահների գործունեության օրինականությունը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկը տապալվի, ապա հասարակական միջավայրում խորանալու են կասկածամտության միտումները, ավելին՝ գուցե ոճրագործները ձախողված կամ անարդյունք նիստի փաստը ընկալեն որպես իրենց հասցեագրված անուղղակի աջակցություն։ Իսկ գուցե դա՞ է ոմանց նպատակը։ Առայժմ պնդումներ չանենք, սակայն արձանագրենք, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից «ազդված» նախաքննությունից ապստամբների կերպար կերտող դատավարությունից հոգնած քաղաքական ուժերի «հիվանդ միտքը» հերթական էվոլյուցիան կարող է ապրել։ Իսկ այդ ժամանակ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտման ամենակարճ ճանապարհը կլինի օրվա իշխանություններից ազատվելը։ Փորձեք համոզել հակառակը, որ հասարակությունը հատկապես «Հոկտեմբերի 27»-ով չպայմանավորի ձեր անսահմանափակ իշխանությունը։ Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031