Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաքաղաքական մեկնաբանություն

Օգոստոս 30,2001 00:00

Գրաքաղաքական մեկնաբանություն Քաղլուսավորության կայանը ենթարկվում է հովհարային անջատումների։ Հովհարները ներմուծվել են եղբայրական Ճապոնիայից։ Եղբայրության կայենաբելյան ակունքը հարկավոր է ախտահանել։ Այդ ընթացքին խոչընդոտում է «Զանզիբար» բար-ռեստորանը։ Խոսքը փոխում են, որովհետեւ փոխվում է քաղաքական իրադրությունը։ Որովհետեւ խոԶքի ազատություն է… տակից դուրս պլստալու համար, մի սուտը մեկ ուրիշով կարկատելու համար։ Որովհետեւ խոսողն անմեղ էր, նրա խոսքն էր մեղավոր, քանզի գրավոր ու տպագիր լինելու պարագայում թղթի մեջ ոսկոր չկար, որովհետեւ լեզվի տակի փղոսկրը նվեր էին ստացել։ Որովհետեւ խոսքը ցուցմունք չէ, որ չփոխեն, քանի որ չէին հասցնում գրավոր խոսքը փոխել քարե դարի ոչ երանելի ժամանակներում։ Որովհետեւ կոմունիստական թանկագին ժառանգություն է՝ մի գլխքարտուղից մյուսը, մինչեւ մեր խոսքառատ օրերը։ Ոչ ծափերը, ոչ սուլոցները, ոչ աջը, ոչ ձախը ոչինչ չեն փոխելու. նորանոր դերակատարները նույն դերն են խաղալու։ Մի ժամանակ ԽՍՀՀ էինք։ Հետո՝ դարձանք ՀՀ։ Շուտով կդառնանք ԱՍՀՀ (Արտասահմանցիներին սեփականաշնորհված Հայաստանի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի թուրքախառն զորքերին միջանցքներ տրամադրելով հանդերձ։ Այդ իրադարձությունների առթիվ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա թատերայնացված ներկայացում՝ «Ավարայրի ճակատամարտը»։ Ներկայացմանը մասնակցելու համար հրավիրված են ՄԱԿՆԱՏՕ-ի արտիստավորված զինվորականներ, ինչպես եւ ՌԴ-ի Հայաստանում բազայավորված արվեստախառն ուժեր։ Գլխավոր դերում՝ Հրաչյա Կապուրյանը։ Բեմադրիչներ՝ Աբրահամ Խորենյանը եւ Շահավետ Վահյանը։ Սցենարը՝ Պատմության թանգարանի մի խումբ զործազուրկների։ Նկարչական ձեւավորումը՝ Վան Գոգյանի։ Երաժշտական ձեւավորումը՝ Արմեն ֆօն Կարայանի։ Քաղաքացիների մուտքը՝ փլավատոմսերով եւ աղուհացով։ Արտասահման փախած հայերի մուտքն ազատ է։ Մինչեւ վերջին 16 տարին զոհված ննջեցյալ թոշակառուների մուտքը խստիվ արգելվում է։ Ազատ մամուլը հարկավոր է ոչ թե ձերբակալել, այլ բերանակալել։ Բերանակալված մամուլը հարկավոր է կերակրել։ Ձվաբոզբաշը հարկավոր է ներմուծել Կուրիլյան կղզիներից։ Կուրիլյան կղզիները հարկավոր է մամլել ու կցել Հյուսիսային բեւեռին։ Հյուսիսային բեւեռը հարկավոր է դատապարտել ջեռուցման։ Ջեռուցման հնոցները հարկավոր է լցնել չվաճառված թերթերի կապոցներով ու լրագողությամբ։ Եվ Հայաստան աշխարհում կտիրի հավերժական գարունը։ Սույն անմեկնաբանությունը թույլատրվում է արտատպել երեք օրինակով. մեկը՝ մեկնողին, մյուսը՝ մեկնվողին, երրորդը՝ մեկնակետադրողին։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել