Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԻՆՏԵԼԻԳԵՆՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ Ոչ շատ առաջ կար մի մեծ երկիր՝ Սովետական Միություն, եւ այդ երկրին բնորոշ բառ՝ ինտելիգենցիա, որը Հայաստանի Հանրապետությունում ընդամենը թարգմանվեց՝ մտավորականություն։ Եվ որը, ըստ էության, մեծ իմաստով այստեղ գոյություն չունի։ Քանի որ ինտելիգենցիան զբաղմունք չէ, այլ խավ է, կենսաձեւ։ Հետեւելով 50-70թթ. հատկապես գրական մամուլին, առավել նկատելի է դառնում, որ բոլոր ստեղծագործական միությունների հարյուրավոր անդամների արձագանքներն ու էմոցիաները կապված էին Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Քիչ անհատ արվեստագետներ կային, որոնք ընդվզում էին կամ գոնե չէին լղոզվում մասսաներին եւ երկրպագում իշխանություններին։ Երբ շվեդական ակադեմիան 58թ. նախաձեռնեց Բ. Պաստեռնակին «Դոկտոր Ժիվագոյի» համար Նոբելյան մրցանակի ներկայացնել՝ «թե՛ ժամանակակից լիրիկայի եւ թե՛ ռուս արձակագիրների մեծ տրադիցիաների ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար», «Լիտերատուրնայա գազետան» գրեց. «Գեղարվեստական տեսակետից խղճուկ, չարամիտ, սոցիալիզմի հանդեպ ատելությամբ համակված երկին մրցանակ տալը քաղաքական, թշնամական ակտ է՝ ուղղված Սովետական Միության դեմ (…)։ … Անփառունակ վախճան է սպասում ե՛ւ հարություն առած Հուդային՝ դոկտոր Ժիվագոյին, ե՛ւ նրա հեղինակին, որի վարձատրությունը կլինի ժողովրդի արհամարհանքը»։ Հայաստանում «Գրական թերթը», բնականաբար, անմիջապես արձագանքեց «Սովետահայ գրողները ցասումով դատապարտեցին Բ. Պաստեռնակի հակաժողովրդական արարքները» վերնագրով հոդվածով։ Սերո Խանզադյանը զարմացել էր. «Ինչպե՞ս կարելի է ժխտել, վարկաբեկել մի ռեւոլյուցիա, որն ազատություն բերեց ոչ միայն Ռուսաստանի բանվորներին ու գյուղացիներին, այլեւ ցարիզմի լծի տակ տառապող բոլոր ժողովուրդներին։ Զրպարտություն է Պաստեռնակի այն պնդումը, թե ռեւոլյուցիան ոչնչացրեց ինտելիգենցիային։ Կույր պետք է լինել չտեսնելու համար, թե ինչպիսի ինտելիգենցիա է աճել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ սովետական բոլոր ռեսպուբլիկաներում»։ Հիշեցնենք, որ այս ելույթներին կրքոտ միացել են Հր. Քոչարը, Գ. Աբովը, Ս. Կապուտիկյանը, Գ. Բորյանը եւ այլք։ Սովետահայ գրողների այս շքախումբը համաձայնություն է տալիս ՌՍՖՍՌ Գրողների միության Մոսկվայի բաժանմունքի վարչության նախագահության որոշմանը՝ Պաստեռնակին սովետական գրողի կոչումից զրկելու, Սովետական գրողների միության անդամների շարքերից նրան վտարելու մասին։ Սովետահայ գրողները չփորձեցին հրաժարվել իրենց «խրոխտ» ճառերից անգամ այն բանից հետո, երբ Պաստեռնակը Ն. Խրուշչովին, որը որոշել էր վտարել վերջինիս ՍՍՌՄ-ից, գրեց. «… Հայրենիքիս սահմաններից մեկնելը ինձ համար հավասարազոր է մահվան, ուստիեւ ես խնդրում եմ իմ նկատմամբ չձեռնարկել այդ ծայրահեղ միջոցը։ Ձեռքս սրտիս դրած ասում եմ, որ մի որոշ բան արել եմ սովետական գրականության համար եւ դեռ կարող եմ օգտակար լինել նրան»։ Եվ միայն 40 տարի անց այդ սովետական գրողներից մեկը՝ Սիլվա Կապուտիկյանը, ինքն իրեն ամոթանք տվեց Պաստեռնակի դեմ իր ելույթի եւ Ստալինյան մրցանակ ստանալու առթիվ նրան իր մեծ հայր անվանելու համար։ Այսպիսի ինտելիգենցիա էր աճել։ «Ընկերներ։ Այն ո՞ր օրվանից է, որ կոմունիստը պետք է իր անձնական շահերով առաջնորդվի» տողերով ստանում էին ամառանոցներ, բնակարաններ, ուղեգրեր, թոշակներ, պարգեւներ… մինչեւ օրս։ Նույնպես հեշտությամբ կարող են հարձակվել իրենցից առավել տաղանդավոր գրողի վրա, դատափետել, իշխանություններին բանաստեղծություններ ձոնել, փակ ծրարներով ամսական գումարներ ստանալ։ Սովոր են անձնական խնդիրներին հասարակական հնչեղություն տալ եւ փափուկ տեղավորվել բոլոր ժամանակներում։ Սովետահայ արվեստագետին միշտ հետաքրքրել է ինքը, իր փոքրիկ նեղ միջավայրը եւ այն կուլտուրայի դաշտը, ուր գտնվում է այդ միջավայրը։ Չկար լայնախոհություն, չկային գաղափարներ։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո ռուս գրողը, գիտնականը իր գրապահարանից հանեց գրականություն եւ գիտական հոդվածներ, որոնց տպագրությունը ժամանակին արգելվել էր։ Դրանք տպագրվեցին ոչ մեծ տպաքանակներով եւ ընթերցողի հետ կապն այդպիսիով չխզվեց, մինչեւ չստեղծվեց նորը։ Հայաստանում, պարզվեց, ոչ ոք նման գրականություն, աշխատություն չուներ. ամեն ինչ նրանց թույլատրվել է, այսինքն՝ հաշտ էին ու կիսում էին այդ տարիների ողջ գաղափարախոսությունն ու իրականությունը։ Եվ այդպիսով քանի տարիներ հայ ընթերցողը ոչինչ չստացավ, մինչեւ Ռուսաստանից գրականություն չներթափանցեց Հայաստան։ Հետո, տարիներ անց եւ հիմա, ստեղծվեց մի գրականություն, որում հեղինակների մեծ մասը կարծես լուսնից իջած լինի ու վերապրած չլինի այս մեծ տեղաշարժերը։ Սա հատկապես երեւում էր գրականություն ստեղծողների շրջանում։ Ամբողջ աշխարհում քիչ գրողներն են իրենց ապրուստը հայթայթում գրական աշխատանքով։ Այս մասին մեր գրողները, կարծես, չգիտեին կամ չեն ուզում այդպես լինի։ Նրանք ուզում են նույնը շարունակվի՝ գումարներ տրվեն իրենց գրքերը տպագրելու համար, որ ստեղծագործական միությունը հոգ տանի իրենց մասին՝ կերակրի, ապահովի ամեն ինչով։ Մի քանիսն են միայն, որ այսօր անկախ են նեղ գրական միջավայրից, միությունից ու պայմանականություններից, եւ նրանց գրական գործը վերածվել է իսկապես անձնական հոգեւոր աշխատանքի։ Այդ քչերը սկսեցին գումար վաստակել այլ բնագավառներում եւ չկեղծել գրականության, առհասարակ՝ արվեստի մեջ։ Նրանք իրենց անհատի ազատությունը չփոխեցին գավառական, ոչ քաղաքակիրթ կրքերի, անձնավորված գաղափարների ու բոլոր իշխանություններին հաճո չլինելու կենսաձեւի հետ։ Ավագ սերնդի մտավորական մարդկանց մի մասը փակվեց ինքն իր մեջ, լուրջ ստեղծագործելով, չվաճառելով իր ազատությունը, դրանով գիտակցելով նաեւ նվաճած անկախության գինը։ Մնացածը գորգերի պես փռվեցին մանր ու մեծ չինովնիկների, իշխանությունների ոտքերի տակ։ Երկու-երեք անգամ դա անելուց հետո հանկարծ զարմացան, ինչո՞ւ չեն երկրպագում առաջվա պես։ Այդ ընթացքում իշխանությունները նրանց շարունակում էին կերակրել «բիրիքով» մեդալ պարգեւատրումներով, ծրարներով։ Իսկ ընթերցողն այլեւս չի հավատում նրանց ու նրանց ստեղծագործությանը։ Ընթերցողը, հանդիսատեսը գիտի, որ այսօր մշակույթով զբաղվողը, գործիչը դարձել է իշխանություններին զվարճացնող, նրանց սեղանները զարդարող, ծաղկեցնող պարտադիր ատրիբուտ։ Անկախությունից հետո մի հարց էր հուզում շատերին. «Անկախությունից հետո մենք արդյոք կկարողանա՞նք գտնել ֆինանսներ, որպեսզի մշակույթը պահպանվի նույն մակարդակի վրա»։ Հարցի պատասխանը երկու կողմ ունի՝ տնտեսական եւ գաղափարական։ Առաջինի պարագայում նորմալ պետությունը պետք է պետական հովանավորման քաղաքականություն մշակի՝ մշակույթ անունը կրող ամեն տեսակի երեւույթների միջից կարեւորը ընտրելու առումով։ Հարցի գաղափարական կողմն ավելի դաժան է. մշակույթը չեն պահպանում, մշակույթը տվյալ ժողովրդի աշխարհընկալումն է։ Եթե հայերի աշխարհընկալման համար ոչ մի դեր չի կատարում արվեստի ինչ-որ մի տեսակ կամ արվեստագետ, ստեղծագործություն, ուրեմն՝ պետք չէ։ Առայժմ հայ ժողովուրդը կարողանում է հարսանիքի ու թաղումի, ավտոմեքենաների, կալվածքների, բենզալցակայանների, մեդալների միջոցով իր աշխարհընկալումը բավարարել։ Ուրեմն դա է իր մշակույթը։ Քանի դեռ հայը քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը հանդուրժում է տեսնել Խոսրով Մելիքիչի ձեռքերում, քանի դեռ քրիստոնեություն ենք տոնում աշխարհին ցույց տալու համար, արյան գնով գրաված տարածքները օկուպացված ենք անվանում… Ոչինչ չի փոխվել ու դեռ երկար չի փոխվի։ Այն ժամանակ Ստալինին էին հայր անվանում, Պաստեռնակին քարկոծում, այսօր՝ մեկ ուրիշի։ Այդ պատճառով էլ 21-րդ դարում ունեինք բնապահպանության նախարար՝ հանձին Մուրադ Մուրադյանի, երբ վերջինիս քարտուղարուհին նախարարին ասել էր, որ «ֆաքսը եկել է», պրն նախարարը պատասխանել էր՝ «սուրճ տվեք, թող մի քիչ սպասի, հեսա կընդունեմ»։ Զավեշտ է, բայց իրականություն։ Պրովինցիալիզմի իր պրիմիտիվ, բայց հավերժական դրսեւորումներով։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել