Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 4-ին կկայանա քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների հանդիսավոր փակումը։

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Նոյեմբերի 4-ին կկայանա քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների հանդիսավոր փակումը։ Այդ օրերին եռօրյա այցով Հայաստանում կլինի Օրթոդոքս Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն։ Տոնակատարությունների հանդիսավոր փակման ծրագիրը դեռ վերջնականապես հաստատված չէ, քանի որ համաձայնեցվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության հետ։ Երեկ ասուլիս էր հրավիրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը՝ 1700-ամյակի տոնակատարությունների միջանկյալ ամփոփման, տոնակատարությունների գագաթնակետ հանդիսացած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման, Մյուռոնօրհնեքի, Էկումենիկ արարողության եւ Հռոմի պապի այցելության արդյունքների գնահատման եւ ամփոփման եւ, ինչպես վերջում պարզվեց՝ որոշ լրագրողների (այդ թվում եւ առաջին հերթին՝ տողերիս հեղինակին) «դաս տալու», եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ անհրաժեշտ հարգանք ու երկյուղածություն պարտադրելու նպատակով։ Եզնիկ Սրբազանի կարծիքով, Հռոմի պապի այցը վկայությունն էր Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ եղած ջերմ քույրական հարաբերությունների։ Այդ այցը Հռոմի պապի երբեւէ կատարած այցերից առանձնանում էր նրանով, որ հովվապետական չէր։ Ըստ Սրբազանի, այդ դարակազմիկ այցը նպաստեց երկու եկեղեցիների հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։ Բացի այդ, այս բոլոր արարողությունները «բավական դրական ազդեցություն ունեցան հայ եկեղեցու իմիջի բարձրացման վրա»։ Հայ եկեղեցու «իմիջի» բարձրացմանը մասնավորապես նպաստել են 24 եկեղեցիների պատվիրակությունների (որոնցից 6-ը՝ գահակալների մակարդակով) այցերը Հայաստան։ Եզնիկ Սրբազանը բավարար տեղեկություններ հաղորդեց նաեւ անգլիկանական, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների ընդհանուր կազմության վերաբերյալ, հույս հայտնեց, որ այս բարձրակարգ արարողությունները «բավարար չափով սերմեր ցանեցին ժողովրդի սրտերում» եւ առաջիկայում «դրանք կծլարձակեն»։ Նա նաեւ բացատրեց, թե ինչու Հռոմի պապի այցելության ժամանակ ներկա չէր Արամ Ա կաթողիկոսը. «Իր պատճառաբանությունն այն էր, որ Հայաստան է ժամանել Լիբանանի վարչապետի ինքնաթիռով, որը տրամադրված էր մեկ օրով միայն»։ Վրաց պատրիարք Իլյա Բ-ն եւս չէր եկել Հայաստան, բայց. «Դա իր իմանալիքն է։ Մենք սպասում էինք, բայց նա երեւի ավելի կարեւոր գործեր ուներ, մասնավորապես՝ պաշտոնական այցը Կոստանդնուպոլիս»։ «Առավոտի» հարցին՝ «ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ ռուսական թերթերում գրեցին այն մասին, որ Հռոմի պապի այցելությամբ հիմք դրվեց Հայ Առաքելական եկեղեցու ձուլմանը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետ։ Ինչպե՞ս կհերքեիք այս տեղեկատվությունը», Եզնիկ Սրբազանը պատասխանեց. «Հերքելու կարիք չկա։ Հայ Առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, բազմաթիվ փորձանքներ է անցել, այդ թվում՝ ձուլման, երբեք նման վտանգ չենք ունեցել, առավել եւս այսօր, երբ ազատ, անկախ երկրի եկեղեցի ենք, որեւէ վտանգ չկա»։ Բայց երբ «Ազգի» թղթակիցը կոնկրետ օրինակ բերեց կոնկրետ թերթից (ընդ որում՝ կաթոլիկ ուղղվածության), որում նույն բաներն էին ասվում, Սրբազան Եզնիկը ստիպված էր ավելի մանրամասնել իր խոսքը. «Ի՞նչ է նշանակում եկեղեցիների միավորում։ Բոլորի նպատակն է, որ Քրիստոսի եկեղեցին, որը մինչեւ 5-րդ դարը մեկ էր, կրկին միավորվի»։ Եվ նա մեջբերեց հայ հայտնի վարդապետներից մեկին, որը 12-րդ դարում ասել է. «5-րդ դարում Աստծո տունը քանդվեց»։ Ըստ վերջինիս, Սատանայի գայթակղությանը չդիմանալով, Քրիստոսի եկեղեցին քանդվեց, բաժանվեց մասերի։ Հետեւաբար, բոլոր եկեղեցականների սրբազան պարտքն է Քրիստոսի եկեղեցու միավորումը։ Տեր Եզնիկը բացատրեց, թե ինչ է հասկանում եկեղեցիների միավորում ասելով, դա ամենեւին չի նշանակում մի եկեղեցու ենթակայությունը մյուսին. «Եթե եկեղեցիների միություն ասելով, Հայ եկեղեցին հասկանում է այն ձեւը, որ ունենք Արեւելյան ուղղափառ եկեղեցիների հետ (այսինքն՝ հավասարը հավասարի սկզբունքով, ինչը չի ենթադրում մեկի ենթակայությունը մյուսին, այս եկեղեցիները ունեն մի գլուխ՝ Քրիստոսը- Մ. Բ.), անշուշտ պիտի քաջալերենք եւ ձգտենք դրան։ Սակայն, եթե կաթոլիկները հասկանում են այն ձեւով, ինչպես իրենց մոտ է, որ Հայ եկեղեցին կարող է ենթակա լինել Հռոմի Աթոռին, բնական է, որ դա աներեւակայելի եւ անիրականանալի բան է, որը երբեք չի լինի, եթե անգամ ամբողջ կաթոլիկ աշխարհն այդ մասին գրի»։ Երբ լրագրողների հարցերը սպառվեցին, Եզնիկ Սրբազանը նրանց դիմեց «խնդրանքով», որն, ինչպես քիչ անց պարզվեց, ընդամենը լրագրողներին «կարգի հրավիրելու» փորձ էր. «Երբեմն մամուլում լինում են հոդվածներ, որոնք վայել չեն մեր հայ մամուլին, գրվում է եկեղեցական նյութերի կամ վերջին հանդիսությունների մասին ծաղրական ոճով, հարգանքի բացարձակ բացակայությամբ»։ Եվ նա մեջբերեց Հռոմի պապի այցելության «Առավոտ» օրաթերթի լուսաբանությունից մի հատված։ Մասնավորապես, ըստ Սրբազանի, խիստ ծաղրական է հետեւյալ նախադասությունը. «Մեր եկեղեցու Մայր Աթոռում պիտի լսենք նրա (Հռոմի պապի) հռոմեական ծեսերով, լատիներենով տրվելիք պատարագը»։ Չգիտեմ, գուցե իմ հումորի զգացողությունն այնքան զարգացած չէ, որքան Եզնիկ Սրբազանինը, սակայն ԱԳՆ-ի տրամադրած Հովհաննես Պողոս Բ-ի այցի ծրագրում սեւով սպիտակի վրա գրված է. «27 սեպտեմբերի, հինգշաբթի։ Ժամանում Սբ. Էջմիածնի Բաց խորան։ Միջոցառումը. Սուրբ պատարագ՝ հռոմեական ծեսով (լատիներեն)»։ Ինչ վերաբերում է «անհարգալից տոնին»։ Հռոմի պապի այցելությանը վերաբերող հոդվածաշարում այս միտքը կա եւ չեմ երկնչում մեկ անգամ եւս այն կրկնել հատուկ տեր Եզնիկ Սրբազան եպիսկոպոս Պետրոսյանի համար. «Մեր կաթողիկոսի (ավելացնեմ՝ եկեղեցու բոլոր բարձրաստիճան ու ցածրաստիճան հոգեւորականների) նկատմամբ հարգանքն ու երկյուղածությունը ուղիղ համեմատական են մեր եկեղեցու հովիվների՝ առ Աստվածն ունեցած հավատքին, ժողովրդի՝ քահանաների հանդեպ ունեցած հարգանքին եւ, ընդհանրապես՝ ժողովրդի բարեպաշտության եւ աստվածավախության ընդհանուր մակարդակին»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031