Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ

Հոկտեմբեր 23,2001 00:00

ՏԵՍԱԵՐԻԶԸ «ՉԳՈՐԾՈՒՂՎԵՑ» Նախորդ դատական նիստին «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը դիմել էր Կենտրոն, Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանին իր ատամանաշարը փոխելու եւ մեկուսարան այդ կապակցությամբ իր բժշկին ուղարկելու համար։ Երեկ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը պահանջեց իր ձայնագրիչը, քանի որ նկատել էր, որ «բոլորը ձայնագրիչներ ունեն»։ Դատավոր Սամվել Ուզունյանը ռեպլիկի կարգով նկատեց, թե բոլորը բջջային հեռախոս էլ ունեն, հետեւաբար, բջջայի՞ն պիտի տան իրենց, ինչը, որքան նկատեցինք, անհամոզիչ թվաց ոչ միայն այս ամբաստանյալի համար։ Առայժմ խմբի մնացյալ անդամների մոտ իրենց փորձում են չընկճված ձեւացնել Հունանյան եղբայրները։ Մասնավորապես Կարեն Հունանյանը, որը (մեզ համար նկատելի) փորձում է իրեն ինքնուրույն պահել անգամ Նաիրիից։ Վերջինս մի քանի անգամ տեղից անհանգիստ շարժումներ արեց, ինչ-որ բան ասաց (մեզ անլսելի), սակայն Կարենը չլսելու տվեց՝ չարձագանքեց։ Իրեն հատուկ հազով նա հասկացրեց, որ փոխում է «գիժ խաղալու» սցենարը, եւ, որ իրականում վերցնում է «առանցքային կերպարի» իր դերը։ Չէ որ Ն. Հունանյանն ասել է, որ իրենց ծրագիրը խափանվել է Կարենի պատճառով եւ, ուրեմն, հարցերի հարցը մնում է սա, թե ով է առանցքային կերպարը «27»-ի գործում, իրականում Կարենը խափանե՞լ է ծրագիրը, թե՞ առաջնորդել։ Ուժերի վերափորձարկում նկատվեց նաեւ տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների, մասնավորապես, Օլեգ Յունոշեւի եւ Տիգրան Ջանոյանի մոտ։ Ռուս փաստաբանը պնդեց, որ տեսաերիզը (հոկտեմբերի 27-ի ԱԺ դեպքերի) պետք է տրամադրվի ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոնին, իսկ պրն Ջանոյանը գտնում էր, որ ՌԴ Փորձագիտական կենտրոնի տեխնիկական հնարավորությունների եւ փորձագետների մասին որոշակիացված չէ «դատավարության մասնակցի» տված ինֆորմացիան։ Նա ասաց. «Ամբողջ ինֆորմացիան դատավարության մասնակցի սուբյեկտիվ կարծիքն է»։ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչների միջեւ առկա «լուռ» վեճը տեղափոխվեց դատարան, ինչը նկատեց, ընդամենը մի քանի նիստի մասնակցած, ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Բենիկ Մինասյանը, երբ ակնարկեց «ինչ-որ ստվերոտ բան է անցնում»։ Այդ ակնարկը վերաբերում էր մեր փաստաբանական գործելակերպին, մասնավորապես, տեսաերիզի գործուղման տեղը ճշտելուն, նրանց կարծիքներին։ Հենրիկ Աբրահամյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը հարցրեց Օ. Յունոշեւին. «Ինչպե՞ս եք տեսնում իրեղեն ապացույցի տեղափոխման հարցը, երաշխիք կա՞, որ իրեղեն ապացույցը չի կորչելու կամ վնասվելու»։ «Հոկտեմբերի 27» քրգործով ներգրավված մի քանի փաստաբանների մենք խնդրեցինք հիշել. նախադեպ եղե՞լ է, երբ իրեղեն ապացույցը դուրս տարվի հանրապետությունից։ Նրանցից շատերը դժվարացան հիշել նման դեպք։ Ավելին, ասում էին, թե հնարավոր խախտման դեպքում ոչինչ չի տա մեզ, մեր պետությանը, անգամ դրսի փորձագետին քրեական պատասխանատվության ենթարկելը… Օ. Յունոշեւը վկայակոչեց վերոնշյալ Փորձագիտական կենտրոնի հեղինակությունը, նա դատարան էր բերել անգամ այդ կենտրոնի ճանաչված փորձագետի՝ Ելենա Գալյաշինայի «Դատական ֆոնոսկոպիկ փորձաքննություն» վերջերս Մոսկվայում լույս տեսած գիրքը։ Սակայն դա էլ համոզիչ չթվաց մեկ այլ տուժողի շահերի ներկայացուցչին՝ փաստաբան Ռուբեն Սահակյանին։ Փաստաբանն ասաց, որ կասկածներ կան ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոնի ինչպես սարքավորումների (արտերկրից բերված), այնպես էլ մասնագետների նկատմամբ եւ այն, ինչ պետական գաղտնիք է համարվում, անհնար է դարձնում փորձաքննություն այնտեղ անցկացնելը։ Օ. Յունոշեւին պաշտպանեց միայն… ամբաստանյալ Կարեն Հունանյանը, կարծիք հայտնելով, որ Հայաստանում հնարավոր չէ փորձաքննություն անցկացնել եւ կողմ էր, որ տեսաերիզը տարվի Մոսկվա։ Նա մի անգամ եւս շեշտեց, որ ինքը տեսաերիզը տեսել է երկու անգամ՝ 1999թ. նոյեմբերին, ապա 2000-ի փետրվարին եւ, որ շատ գործողություններ իրականությանը չեն համապատասխանում։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հայտնեց, որ քրգործին կցված, իրեղեն ապացույց ճանաչված տեսաերիզը պատճեն է եւ, որ այն, 2 ժամով բացակայել է «հանրային հեռուստատեսության տարածքից»։ Նա կողմ էր, որ Մոսկվայում փորձաքննությանը ներգրավվի հայ փորձագետ եւ առաջարկեց նրան տրամադրել եւս մեկ տեսաերիզ՝ համեմատելու համար։ Բախշյանների փաստաբանը՝ Էդիկ Աղաջանյանն ասաց, որ փորձաքննությունը պետք է լինի այն ժամանակ, երբ այն զննության ենթարկվի այլ ապացույցների հետ։ Մեղադրող Արմեն Հարությունյանը հիշեցրեց ապացույցների հետազոտման կարգը։ «Կարծում ենք, որ դատավարական այս փուլերն անցնելուց, իրեղեն ապացույցը հետազոտելուց հետո մեզ մոտ լրացուցիչ հարցեր կծագեն»,- ասաց նա։ Դատավոր Ս. Ուզունյանը մերժեց միջնորդությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել