Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 23,2001 00:00

«ԿԱՆ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԻՏԻ ԱՆՓՈՓՈԽ ՄՆԱՆ» Հայաստանի անկախության 10-ամյակի առիթով «Մովսես Խորենացու» մեդալի էր արժանացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, նշանավոր երաժիշտ-մանկավարժ Պետրոս Հայկազյանը: Նրա պատասխանները «Առավոտի» հարցերին հակիրճ էին ու համեստ, զուրկ էին ինքնագովազդի որեւէ երանգից: Այդպիսին են, երեւի, մշակույթի (ինչպես նաեւ որեւէ այլ գործի) ճշմարիտ նվիրյալները: Մտավորականի իրենց կայուն, անփոփոխ կեցվածքով նրանք ապահովում են սերունդների ժառանգականությունը: – Դուք Սայաթ-Նովայի անվան դպրոցում աշխատում եք արդեն կես դարից ավելի: – Այո, ես այստեղ աշխատանքի եմ ընդունվել 1950-ին, իսկ տնօրեն եմ աշխատում 1968-ից: – Միեւնույն աշխատավայրը չի՞ ձանձրացնում, երբեք մտադրություն չե՞ք ունեցել որեւէ այլ հիմնարկ տեղափոխվել: – Պատկերացրեք՝ երբեք: Չնայած առաջարկներ շատ են եղել: Օրինակ, Ուդումյանի /ՀԽՍՀ մշակույթի նախարար – խմբ./ ժամանակ ինձ առաջարկում էին նախարարության բաժնի վարիչի պաշտոն, եւ նախարարը շատ զարմացավ, երբ ես այդ առաջարկը մերժեցի: Պարզապես վարչական կարիերա անելու որեւէ ցանկություն չեմ ունեցել, եւ բացի մանկավարժությունից, իմ կյանքը որեւէ այլ ոլորտում չեմ պատկերացնում: – Եվ 51 տարի շարունակ դուք մտնում եք այս շե՞նքը: – Ոչ, սկզբնական շրջանում դպրոցի ուսուցիչները տարբեր տեղերում էին պարապում, բավականին դժվար պայմաններում: Այս շենքի կառուցումը սկսվեց 1956-ին, իսկ շահագործման հանձնվեց 1959-ին: – Լավ, մի քանի տասնամյակ միեւնույն շենք մտնելը հոգեբանության վրա չի՞ ազդում: – Ընդհակառակը, ես միշտ հաճույքով եմ գալիս աշխատանքի: Եվ, ի դեպ, հաճույքով տուն եմ գնում (ծիծաղում է): – Պայմանների մասին: Համընդ հանուր փլուզման պայմաններում, 90-ականների առաջին կեսին ինչպե՞ս դիմացաք: – Մենք երբեք դասերը չենք ընդհատել: Դպրոցը տաքացնում էինք «տեներով», եւ ժամանակին մուծել էինք էլեկտրաէներգիայի վարձը: – Իսկ արդյոք այս տասնամյակների ընթացքում փոխվե՞լ է վերաբերմունքը երաժշտական կրթության նկատմամբ, փոխվե՞լ են ծնողները կամ աշակերտները: – Կան բաներ, որոնք պիտի անփոփոխ մնան, եւ այդպես էլ մնում են: Դրանց թվում է մեր ժողովրդի սերը արվեստի, երաժշտության հանդեպ: Ոչ մի սոցիալական արհավիրք դրան չի կարող խանգարել: Հայ ծնողների համար ավանդույթ է՝ երեխաներին տալ երաժշտական դպրոց. դա լիարժեք մարդ լինելու բաղադրիչն է: Այդպես էր 50 տարի առաջ, այդպես է նաեւ այսօր: Այդ է պատճառը, որ հիմա էլ մեզ մոտ երեխաները մրցույթով են ընդունվում՝ դաշնամուրային բաժնում դիմորդների թիվն ավելի շատ է, քան մեր ունեցած տեղերը: – Այս տարիների ընթացքում Սայաթ-Նովայի անվան դպրոցը տվել է տարբեր մակարդակի մրցույթների մի քանի տասնյակ դափնեկիրներ, որոնք պատվով ներկայացնում են Հայաստանը, մեր ժողովրդին: Այդպիսի նպատակաուղղվածություն կա՞ ձեր դպրոցում: – Ոչ, մենք կոչված ենք ընդհանուր երաժշտական կրթություն տալու: Բայց միեւնույն ժամանակ շնորհալի երեխաները ցանկություն են ունենում ուսումը շարունակել արդեն մասնագիտացված մակարդակով: Մեր դպրոցի մի շարք դասատուների մակարդակն այնպիսին է, որ նրանք կարող են նախապատրաստել աշակերտներին պրոֆեսիոնալ երաժշտական գործունեության համար: Այստեղից էլ, երեւի, մեր շրջանավարտների թվում դափնեկիրների համեմատաբար մեծ քանակը: – Նրանց թվում են նաեւ ձեր աշակերտները, որոնք դարձել են անվանի ջութակահարներ: – Այո, Վիկտոր Խաչատրյանը հիմա կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Գեւորգ Ղարաբեկյան, Մարտին Յավրյան, Սյուզի Երիցյան, Գեւորգ Բուդաղյան: Կարիք կա՞ բոլորին թվարկելու: – Իսկ տաղանդավոր, շնորհալի պատանիները վերջերս չե՞ն պակասել: – Ոչ, ի՞նչ եք ասում: Այդ առումով էլ ոչինչ չի փոխվել: Նրանք առաջվա պես շատ են: Ո՞վ կկարողանա մեր ժողովրդի մեջ այդ կրակը մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել