Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, հայկական առաջին պլաստիկ քարտը՝ «ԱրՔա»-ն պետք է գործածության մ

Հոկտեմբեր 27,2001 00:00

«ԱրՔա»-ն թագադրվեց Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, հայկական առաջին պլաստիկ քարտը՝ «ԱրՔա»-ն պետք է գործածության մեջ մտներ անցյալ տարվա վերջին, բայց դրա հնարավորությունը ստեղծվեց միայն մեկ տարի անց։ Երեկ «ԱրՔա»-ի «օծման» արարողությունն էր։ «Մոսկվա» կինոթատրոնի բակից սկսած, այդ մասին տեղեկացնում էին գովազդային վահանակները, ներսում՝ տեսահոլովակներ էին պտտվում, իսկ 2-րդ հարկում՝ ներկայացված էր հայկական «ԱրՔա»-ի «շքախումբը»՝ 11 առեւտրային խոշոր բանկեր՝ իրենց բուկլետներով, ծանուցագրերով, նվերներով։ Շնորհանդեսի պաշտոնական մասը սկսվեց եւ ավարտվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով. – Սա հեղափոխական քայլ է մեր տնտեսության զարգացման համար, եւ տարածաշրջանում առաջինը մենք ունեինք դրա կարիքը՝ կապված Քրիստոնեության 1700-ամյակի ու զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ։ Անշուշտ ու անկասկած, արտերկրից ժամանած հյուրերը սովոր են պլաստիկ քարտերով սպասարկմանը եւ «քյաշ» փողով Երեւանում այնքան էլ գրավիչ չէ։ Սակայն զբոսաշրջիկների գլխավոր հոսքից «ԱրՔա»-ն փոքր-ինչ ուշացավ եւ քարտի գնորդներ, այնուամենայնիվ, պետք է փնտրի տեղացիների մեջ։ Ի դեպ, «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգի բոլոր՝ 11 բանկերն էլ առաջարկում են քարտի տրամադրման ու սպասարկման բավականին մատչելի սակագներ՝ մեկ տարվա համար՝ միջինը 1500-2000 դրամ (բացառությամբ «Հայէկոնոմբանկի»՝ 8 հազար դրամ)։ Միակ խնդիրն այն է, որ առայժմ երկրի առեւտրի եւ սպասարկման ցանցից «ԱրՔա»-ն կսպասարկվի 11 խանութ-բար-սրճարաններում, 2 հյուրանոցում ու բենզալցման կայաններում։ Այդ կետերը մինչ այդ սպասարկում էին եվրոպական մի շարք քարտերով, այնպես որ, ե՛ւ մեխանիզմը նրանց համար նոր չէ, ե՛ւ «տերմինալ» կոչվող սարքը։ Ուրեմն, արժե՞ր սպասարկման այս փոքրիկ ցանկի համար ներմուծել քարտային համակարգ, որքան էլ ընդունենք, որ այն վճարման քաղաքակիրթ եղանակ է։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանի կարծիքով՝ «արժեր, քանի որ բոլոր երկրներում էլ սկսել են այդ քանակից, հետո այն ճյուղավորվել է ու զարգացել»։ Նրա տվյալներով, շատ շուտով «ԱրՔա»-ն սպասարկող հասցեների ցանկը կդառնա 200 կետ, կտեղադրվեն եւս 7 բանկոմատներ (հիմա 3-ն են), միաժամանակ աշխատանք է տարվում հայկական պլաստիկ քարտի «աշխարհագրական հասցեն» ընդլայնել, ողջ Հայաստանով ու Արցախով մեկ։ Իսկ թե որքանով են դրանք այսօր կիրառելի, ԿԲ նախագահի խոսքերով՝ իրենց բանկի շուրջ 500 աշխատողներն առաջինը ձեռք բերեցին «ԱրՔա» քարտեր եւ գոհ են։ Նկատի ունենանք, որ «ԱրՔա»-ով սպասարկվելը պարտադրանք չէ (ու, երբեւէ չի կարող լինել), եւ անցնենք այլ հարցերի։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի 55 բաժնետոմսերից 44-ի տերը ԿԲ-ն է, մնացած 11 բանկերից յուրաքանչյուրն ունի մեկական բաժնետոմս։ Բոլոր բանկերն էլ ներդրումներ արել են հավասարաչափ։ Այժմ նրանց խնդիրն է՝ հնարավորինս գրավիչ պայմաններ ստեղծելով՝ իրենց կողմը գրավել «ԱրՔա» քարտ ձեռք բերել ցանկացողներին։ Մրցակցությունն ընթանում է քարտի տրամադրման, վերականգնման, թարմացման ժամանակ սահմանված սակագների եւ այլ առումներով։ Մի շարք բանկեր տրամադրում են տարբեր առավելություններով «ԱրՔա»-ներ, մյուսների ցանկը նեղ է։ Բանկ կա, որ իրավունք է տալիս որպես մնացորդ ունենալ 0 դրամ (այսինքն՝ այդ դեպքում էլ քարտը չի կորցնում իր ուժը, իսկ շատերը սահմանել են մնացորդային որոշակի գումար եւ այլն)։ Բացի «ԱրՔա»-ից, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն 2002-ից հնարավորություն կտա տրամադրել եւ սպասարկել նաեւ «Eurocard», «Mastercard», «Maestro» եւ «Cirrus» քարտեր այն բանկերին, որոնք անդամակցում են «Europay» համակարգին, քանի որ այդ ժամանակ ընկերությունը սերտիֆիկացվելու է «Europay»-ի կողմից։ Դա նշանակում է, որ վերոհիշյալ 4 անուն քարտեր ունեցողները կարող են օգտվել «Արմենիան Քարդ» սպասարկման կետերից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել