Փաշինյանը օրերս նաև հայտարարեց, թե՝ «պատերազմի քառագլուխ կուսակցությունը ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», թե՝ «Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, որը կառավարվում է դրսից», թե՝ «պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ու իրական ընդդիմություն»։
Ընդդիմության մասին: Փաշինյանը, ինչպես միշտ, անում է մերկապարանոց, որևէ ապացույցով չուղեկցվող հայտարարություն, թե ընդդիմությունը լրտեսական է, կառավարվում է դրսից: Թող այդ դեպքում նշվի իր կալանավորած ընդդիմադիր լիդերներից որևէ մեկին, որին նման մեղադրանք է ներկայացված: Չկա նման բան: Կարծես սովորական բան է դարձել, որ պետության ղեկավարի դիրքից հանդես եկողը կարող է անպատասխանատու և որևէ փաստով չհիմնավորված հայտարարություններ անել, բայց դա իրականում խայտառակություն է ու առնվազն քաղաքական անպատասխանատվություն:
Ամենից կարևորը. ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե ով լինի կամ չլինի ընդդիմություն: Եթե իշխանությունն է որոշում կամ որոշելու, թե ով լինի ընդդիմություն կամ չլինի, ապա դա քաղաքագիտորեն նշանակում է երկու բան. նախ՝ դա արդեն բռնատիրական հասարակարգ է, որտեղ չկա ժողովրդավարություն, երկրորդ՝ իշխանության նշանակած «ընդդիմությունը» ընդդիմություն չէ, այլ նույն իշխանության կցորդ: Չնայած, երկու կետն էլ իրար հետ փոխկապակցված են:
Առհասարակ, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմություն կամ իշխանություն լինելը որոշում են ընտրողները՝ քվեարկությամբ և քվեարկության արդյունքում ձայների բաշխվածությամբ: Պարզ ասած՝ ընտրություններով միայն իշխանություն չէ, որ ձևավորվում է, ձևավորվում է նաև ընդդիմություն: Ուստի, Փաշինյանը չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն, ով չլինի: Կրկնենք՝ ժողովուրդն է որոշում: Ու մի օր էլ կարող է որոշել, որ Փաշինյանն է նորից ընդդիմություն, կարևոր չէ՝ ինչպիսի ընդդիմություն:
Կարդացեք նաև
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































