Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԽԱՂԱՏՆԵՐ ՉԵ՞Ն ԳՆՈՒՄ

Փետրվար 02,2002 00:00

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԽԱՂԱՏՆԵՐ ՉԵ՞Ն ԳՆՈՒՄ ՀՀ դատավորների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավար Գարեգին Ավագյանից երեկ փորձեցինք իմանալ, թե մեր սիրասուն դատավորներն արդյոք հանձնե՞լ են իրենց եկամուտների հայտարարագրերը ՊԵՆ։ Նա մեզ հայտնեց, որ դատավորների իրազեկումներն ու անձնական տվյալներն են հավաքվում իրենց մոտ, իսկ երեկվա դրությամբ առկա էր 60-70 «իրազեկում»։ Գործող 169 դատավորներին, ըստ Գ. Ավագյանի, բաժանվել էին ՊԵՆ-ից բերված (7 թերթ) հայտարարագրերի ձեւերը եւ նրանք (մարզերի, մայրաքաղաքի) կարող էին ինչպես անձամբ, այնպես էլ փոստով ուղարկել հայտարարագրերը։ Վերջին ժամկետը փետրվարի 1-ն էր։ Եվ որովհետեւ հայտարարագրերի հրապարակումը պաշտոնապես լինելու է «համազգային» տոնացույցով ընդունված ապրիլի 1-ին՝ «խաբելու» օրը, որոշեցինք որոնումների այլ ճանապարհներ ընտրել։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն ասաց, որ ՍԴ 9 դատավոր առաջիններից է լրացրել վերոնշյալը։ «Լրացնելու քիչ բան ունեի՞ն», հարցրինք նրան։ Ա. Հակոբյանը վկայակոչեց ժամկետը։ Ի դեպ, աշխատակազմի ղեկավարը չի ընդգրկվել հայտարարագիրը լրացնողների ցանկում։ Թեեւ ինչպես մեր զրույցից պարզեցի, ուներ ամենաթանկ մշակութային արժեքը. Պարույր Սեւակի՝ իրեն՝ 8-րդ դասարանցուն գրված նամակը «Առուշան ջանով»։ ՍԴ նախագահն էլ ունի մի արժեքավոր «չհայտարարագրված» իր. Ռուդոլֆ Խաչատրյանի հետ համատեղ արված իրենց նկարը։ 1-ին ատյանի 7 դատավորներից (ինչպես իշխանական դասի ներկայացուցիչները) փորձեցի ճշտել, թե լրացրե՞լ են «խաղատներում շահած գումարները» տողը, պատասխանեցին, որ խաղատներում չեն լինում, ուր մնաց թե ցույց տան շահած գումարները… Հետաքրքիր է, Հայաստանում գոնե կգտնվի՞ մեկը, որը ցույց կտա, թե խաղատներում շահել է կամ թե լինում է ձեռի հետ այնտեղ։ Թե չէ ինչի համար են այն խաղատները, որտեղ դատավոր կամ նախարար չեն այցելում… Մարզերից մեկի դատավորի ամենաարժեքավոր շարժական գույքը… «Բեյբի» անունով կովն է եղել (այնքան ծեր, որ օգտագործում է «Huggies»)։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել