Լրահոս
Օրվա լրահոսը

Օդից կախված ճակատագիր

Փետրվար 16,2002 00:00

Օդից կախված ճակատագիր Ադրբեջանի խորհրդարանում ընդունված «Պատմական եւ մշակութային կոթողների պաշտպանության մասին» օրենքի լույսի ներքո այդ հանրապետության լրատվական միջոցները մի շարք հոդվածներ են տպագրել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու մասին։ Այդ հոդվածագրերը բազմապիսի ու բազմաբնույթ առաջարկություններ են անում, որ «անցանկալի» կոթողներն ու շենքերը, որոնց տեսքը միայն ցավ ու տխրություն է պատճառում, չպետք է գոյություն ունենան։ Նրանք նման անցանկալի կոթողների շարքին են դասում Բաքվի կենտրոնում վեր խոյացած հայկական եկեղեցին։ Բաքվում հրատարակվող «Զերկալո» թերթում տպագրված Մ. Շիրինզադեի հոդվածում գրված է՝ «Բաքուն 19-րդ դարում համարյա ադրբեջանական քաղաք չէր։ Տեղացիների (ադրբեջանցիների) թիվը, ներառյալ արվարձանների միատարր բնակչությունը, հազիվ էր հասնում 40%-ի։ Մնացյալները ռուսներ էին, հայեր, հրեաներ եւ այլն։ Գուցե դա՞ է պատճառը, որ քաղաքի կենտրոնական ամենաշքեղ մասում (այսպես կոչված՝ «հին կենտրոնում») չկային մահմեդական մզկիթներ, բացառությամբ Իչարի Շիհար մզկիթի։ Բայց կային բողոքականների եկեղեցին, ուղղափառների Ալեքսանդր Նեւսկի մայր տաճարը (որն ականահարվեց Խորհրդային Միության առաջին տարիներին եւ փոխարինվեց դպրոցով, որը, սակայն, երբեք չհարմարվեց իր նախորդի ճարտարապետական տեսքին) եւ, անշուշտ, հայկական եկեղեցին, որն արժանի է առանձին հիշատակման»։ Այնուհետեւ հոդվածագիրը նշում է, թե հայկական եկեղեցին կարողացել է որպես կրոնական սրբատեղի իր կարգավիճակը պահպանել ավելի երկար (մինչեւ 1990թ.), քան «հարեւան» կառույցները։ Սակայն առ այսօր հայկական այդ եկեղեցու ճակատագիրը մնացել է «օդից կախված»։ Այնուհետեւ «Զերկալո» թերթը տպագրել է նաեւ ճարտարապետության միջազգային ակադեմիայի նախագահ Շամիլ Ֆաթուլլայի հոդվածը, ուր ասվում է՝ «Քսաներորդ դարի սկզբին Բաքուն դեռեւս չուներ ճարտարապետական հստակ դիմագիծ։ 1903-ից հայկական համայնքը համապատասխան հողաշերտեր գնելով, սկսում է շինարարական աշխատանքները»։ Բաքվի հայկական եկեղեցու հետագա ճակատագրի մասին այսօր շատ տարբեր առաջարկություններ, կարծիքներ են տպագրվում Բաքվում հրատարակվող մյուս թերթերում։ Ճարտարապետ եւ ադրբեջանական ճարտարապետության պատմության վերաբերյալ մի շարք գործերի հեղինակ, գիտությունների դոկտոր Դավուդ Ախունդովը առաջարկում է հայկական եկեղեցին օգտագործել որպես «Արվեստի թանգարանի մասնաճյուղ կամ ցուցասրահ»։ Դավուդ Ախունդովը դեմ է արտահայտվում նրանց, ովքեր առաջարկում են հայկական այդ եկեղեցին մզկիթի վերածել։ «Այդպիսի բան չի կարելի անել։ Կան մարդկային օրենքներ, որոնք վերաբերում են ազգային կրոնը հարգելուն։ Նման բանը սրբապղծություն կլիներ»,- ասում է նա։ Իսկ ճարտարապետական կոթողների պաշտպանության հանձնախմբի նախագահ Ֆահրադդին Միրալաեւը մյուս կողմից համաձայն է, որ եկեղեցին հատկացվի մի այլ քրիստոնյա համայնքի կամ խաղաղություն եւ համաձայնություն քարոզող ինչ-որ կրոնական հաստատության։ «Կա նաեւ եկեղեցին մզկիթի վերածելու առաջարկ։ Կարծում եմ, դրա կարիքը չկա»,- նշում է նա։ Իսկ այդ առաջարկությունների եւ կարծիքների մասին Բաքվի ռուսական եկեղեցու Հայր Ալեքսանդրը լռում է։ Ինչպես երեւում է՝ հայկական եկեղեցու ճակատագիրը նրան այնքան էլ չի հետաքրքրում։ Իսկ սբ. Միքայել հրեշտակապետի եւ սբ. Աստվածամոր ծնունդը ուղղափառ եկեղեցիների համայնքի անդամները ցավ են հայտնել, որ նման գեղեցիկ մի տաճար կարող է հանձնվել որեւէ աղանդի կամ որպես գրասենյակ օգտագործվել որեւէ միջազգային բանկի կողմից։ Իսկ Բաքու եկող զբոսաշրջիկները շարունակում են լուսանկարել հայկական այս եկեղեցու այրված ու սեւացած պատերը եւ այդ պատերի տակ թափված աղբը։ Եվ ի՞նչ… Ամենազարմանալին եւ ցավալին այն է, որ առ այսօր լուռ են մնում Հայաստանում։ Բաքվի հայկական եկեղեցու հետագա ճակատագրի մասին իրենց խոսքը չեն ասում մեր հոգեւոր հայրերը, հնությունների եւ հայկական կոթողների պաշտպանության ընկերությունը։ Այսօր անտեր ու միայնակ մնացած Բաքվի հայկական եկեղեցին իր թախծոտ հայացքը բեւեռել է դեպի Հռոմի պապը, որը իր հոգեւոր ներկայացուցիչներն է կարգել Անդրկովկասի հանրապետություններում։ Հուսանք, որ նրանք իրենց հովանու տակ կառնեն Բաքվի հայկական եկեղեցին։ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽՈՒՆՑ գրող-հրապարակախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել