Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվել է նախաքննություն՝ նախօրոք հայտնի մեղադրյալով

Փետրվար 20,2002 00:00

Կատարվել է նախաքննություն՝ նախօրոք հայտնի մեղադրյալով Նման եզրակացության հանգեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդը» երեկ հրավիրած հերթական սեմինարում։ Թեման, ի դեպ, քրեական դատավարության օրինականության սկզբունքի պահպանումն էր Մուշեղ Սաղաթելյանի գործով։ Մնալով հասարակական խորհրդի իրավասության շրջանակներում, խորհրդի նախագահ Ա. Բլեյանը քրեական գործի նյութերի եւ մեղադրական եզրակացության հիման վրա արձանագրեց, որ նախաքննական մարմնի կողմից «նախաքննական պեղումների» առարկա են դարձել ոչ թե Մուշեղ Սաղաթելյանի կատարած հնարավոր հանցագործությունները, այլ մարդու աշխատանքային գործունեությունը. «10 տարի ՆԳՆ համակարգում տարբեր փողոտ, կրիմինալ ենթադրող պաշտոններ զբաղեցրած մարդը չէր կարող մի բան արած չլինել ու… գործը սկսում են»։ Նախկին քաղբանտարկյալ Ա. Բլեյանը խոստովանեց, որ գործին ծանոթանալու ընթացքում իր մեջ բազում հուշեր են արթնացել։ Նա համարում է, որ նման գործելակերպն արդեն ձեռագիր է դարձել «այս» իշխանությունների կողմից, եւ ցավով արձանագրում, որ անձանց կենսագրությունների վերաշարադրումը կեղծում է Երրորդ Հանրապետության պատմությունը։ Մանրամասնելով Մ. Սաղաթելյանի գործով նախաքննության մարմնի թույլ տված դատավարական խախտումները, մասնավորապես վկայակոչվեցին քննիչ Հ. Բաբայանի 27.09.01 եւ 10.05.01 որոշումները քրեական գործեր հարուցելու եւ դրանք վարույթ ընդունելու մասին։ Առաջին գործի հիմքը քաղաքացի Ա. Գրիգորյանի 29.08.01 դիմումն է, երկրորդը՝ «Հայոց աշխարհ» թերթի 20.06.01 համարի հրապարակումը։ Իրավապաշտպանները երկու դեպքում էլ հիմքերն անբավարար են համարում։ Ծայրահեղ դեպքում դրանք պետք է լուծվեին 10 օրվա ընթացքում։ Մինչդեռ, առանց քրեական գործ հարուցելու, մոտ մեկ ամիս (առաջին դեպքում) եւ 3 ամիս (երկրորդ դեպքում) նախաքննություն է կատարվել։ Անօրինական են համարում նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ Ա. Միրզոյանի 08.10.01թ. որոշումը 62206401 քրգործով քննչական խումբ ստեղծելու մասին։ Ըստ Ա. Բլեյանի, քննչական խմբի ստեղծումով կազմակերպական հիմք է ստեղծվում՝ նախօրոք հայտնի մեղադրյալով, Մ. Սաղաթելյանին նոր մեղքեր հայտարարելու համար։ Այնուհետեւ՝ քննիչ Հ. Բաբայանի 09.10.01թ. որոշումները 62206901 քրգործը հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին եւ 62206901 քրգործը թիվ 62206401 քրգործին միացնելու մասին։ Այս դեպքում գործի առիթ է ծառայել Միսակ Մկրտչյանի հայտարարությունը ԱԱ նախարարության քննչական մեկուսարանում 5.11.99թ. իրեն ծեծողի մասին։ Քրեական գործի մեկ վարույթում քննիչի որոշումն, ըստ իրավապաշտպանների, ապօրինի է։ Ի դեպ, Մ. Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում քննիչը կայացնում է 15.10.2001թ.։ Քրեական գործի միացման որոշման մեջ Քրդատօրի հոդված 184-ի հղումը Ա. Բլեյանին ենթադրել է տալիս, որ Մ. Մկրտչյանին ծեծի ենթարկելու հիմքով քննիչը քրգործը անջատել է «Հոկտեմբերի 27»-ի գործից։ Սրանց հետեւում է անձին ձերբակալելու մասին 12.10.01թ. քննիչի որոշումը, որից հանկարծ պարզ է դառնում, որ չնայած Մ. Սաղաթելյանը «որպես մեղադրյալ ներգրավված չէ, ոչ միայն կատարել է հիշյալ հանցավոր արարքները, այլեւ ծառայական առաջխաղացման նպատակով, չբավարարվելով մեկուսարանի պետի պաշտոնով, ներկայացրել է կեղծ դիպլոմ եւ կասկածվում է մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ»։ Չնայած Սաղաթելյանը քրգործով ոչ կասկածյալ է, ոչ մեղադրյալ, պարզվել է, որ նա «կատարել է ՀՀ քրօրենսգրքի 15-195 հոդվածի 2-րդ, 183 հոդվածի 2-րդ եւ 213 հոդվ. 1-ին մասերով հանցագործություններ…»։ 15.10.01 որոշմամբ առաջադրվում է մեղադրանք Քրօր. 70 հոդվածի 1-ին, 213 հոդվ. 1-ին եւ 222 հոդվ. 1-ին մասերով, չնայած այդ հիմքերով գործ հարուցելու մասին որոշում քննիչը չի կայացրել, իսկ գործերի հարուցման առիթների մասին պետք է ենթադրություններ անել։ Ապօրինությունների այս ցանկն առավել ընդարձակ է։ Ի դեպ, Մ. Սաղաթելյանին ՀՀ ՆԳՆ համակարգից հեռացնելու մասին հրամանի կարեւոր հիմնավորումը նախաքննությամբ հերքվել է։ Նմանօրինակ փաստերի գոյությունը Ա. Բլեյանը պատճառաբանում է Մուշեղ Սաղաթելյանին պատժելու առաջադրանքի գոյությամբ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել