Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ խեղդեք ազատ մամուլը

Փետրվար 20,2002 00:00

Մի՛ խեղդեք ազատ մամուլը Հայաստանի իշխանական շրջանակներում ոմանք՝ եվրոպական չափանիշներին հասնելը եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարումը հասկանում են սոսկ մահապատժի վերացման եւ հոմոսեքսուալիստներին ազատություն տալու մեջ։ Իսկ մամուլի եւ խոսքի ազատությունը նրանց համար միայն իրենց անկարողությունը եւ մութ գործերը քողածածկելուն խանգարող հանգամանք է։ Հենց այս միտումն ունի կառավարության կողմից ներկայացվող «Մամուլի օրենքի» նախագիծը։ Ո՞ւմ է ձեռնտու փակել մամուլի բերանը, լռեցնել ազատ խոսքը։ Նրանց՝ ում համար մեծ վտանգ է պարունակում սեփական գործունեությունը հասարակության դատին դնելը։ Վախենում են նրանք, ովքեր թաքցնելու, քողարկելու բան ունեն։ Վախենում են այն պաշտոնյաները, ում դղյակները եւ ճոխ մեքենաները ոչ մի համեմատության մեջ չեն մտնում իրենց համեստ, չինովնիկական աշխատավարձերի հետ։ Մամուլից վախենալու բան ունեն թալանչիները եւ կաշառակերները, մարդասպանները եւ կեղծարարները։ Իշխանավորներին քիչ է թվում այն, որ մամուլում բարձրացված հարցերը, որպես կանոն, մնում են անհետեւանք։ Իսկ լուսանկարված դղյակները պաշտպանության տակ են վերցվում ՀՀ նախագահի կողմից, տրեստների կառավարիչների մասին նոր վարկածներ առաջ քաշելու ձեւով։ Այժմ խնդիր է դրված ընդհանրապես լռեցնել մամուլը։ Ավելին։ Արդարադատության նախարարն, ի պատասխան վերոհիշյալ նախագծի վերաբերյալ լրագրողների բողոքների, նրանց համեմատում է գողերի ու հանցագործների հետ, որոնց, հասկանում ես, դուր չի գալիս Քրեական օրենսգիրքը։ Պարոն Դավիթ Հարությունյան, գողեր եւ հանցագործներ փնտրեք ոչ թե ձեր բացթողումները, ձախողումները, սին խոստումները եւ առնվազն բացատրություն պահանջող գործարքները ներկայացնող լրագրողների մեջ, այլ նայեք ձեր իսկ ղեկավարած արդարադատության համակարգին, հարցրեք ժողովրդին՝ քանի՞ լումա արժե այդ ձեր ստեղծած արդարադատությունը։ Նայեք ձեր նախարարների եւ փոխնախարարների դղյակներին։ Ժողովուրդը փախչում է Հայաստանից ոչ թե մամուլի հրապարակումների հետեւանքով, այլ ձեր իշխանության ստեղծած պայմանների։ Ժողովրդի գլխին «ԱրմենՏել» բերողը պետք է առնվազն զգույշ լիներ արտահայտությունների մեջ։ Ուստի, ես պահանջում եմ, որ պրն նախարարը ներողություն խնդրի լրագրողներից, իսկ խայտառակ նախագիծը հանվի շրջանառությունից։ Նաեւ մեր պատգամավորների ուշադրությունն եմ հրավիրում, որ նման նախագիծը վտանգում է ժողովրդավարությունը Հայաստանում։ Մամուլն ընդամենն այն հայելին է, որը ցույց է տալիս դառը իրականությունը։ Եթե ոմանց դուր չի գալիս հայելու մեջ սեփական դեմքի արտահայտությունը, ապա ոչ թե պետք է ջարդել հայելին, այլ զբաղվել սեփական դեմքով։ Այն ազգը, որը չի կարող պահպանել ազատ մամուլը, դատապարտված է սովի։ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Երեկ խորհրդարանում ԱԺ պատգամավորի, «Իրավունքի» խմբագրական խորհրդի նախագահի այս հայտարարությունից հետո լրագրողական օթյակից լսվեցին ծափահարություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել