Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱԽՏՎԱԾ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ»

Փետրվար 26,2002 00:00

«ԽԱԽՏՎԱԾ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ» ԱԺ պատգամավոր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Սերգեյ Իսրայելյանի համար միանշանակ մերժելի է Եվրախորհրդի պահանջը՝ մահապատժի վերացման մասին. «Մահապատժի վերացումը միայն չափազանց քաղաքակիրթ երկրների համար է ընդունելի։ Մեր հայկական մենթալիտետը դեռ երկար չի հասկանա մահապատժի վերացման անհրաժեշտությունը։ Մենք դեռ պատրաստ չենք դրան, ինչպես պատրաստ չենք եվրոպական ուրիշ շատ բաներին։ Եթե պետք է կուրորեն, թութակի պես կրկնենք այն, ինչ մեզ թելադրում են Եվրոպան կամ Ամերիկան, այդ դեպքում՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մեզնից ներկայացնում։ Մենք պետք է հաստատակամորեն պայքարենք մահապատժի պահպանման համար։ Ինձ համար բոլորովին անհասկանալի են այն մարդիկ, ովքեր ուզում ենք «Հոկտեմբերի 27»-ը մտցնել ընդհանուր դրույթների մեջ։ «27»-ը մեր պատմության եզակի դեպքերից է, եւ այս դատը համազգային, համահայկական պետք է լինի։ «27»-ին գլխատվել է ազգը, եւ դատավճիռը պետք է դրան համարժեք լինի, անկախ որեւէ եվրոպական պահանջից։ Եթե մեր ազգը սա ներեց, լռեց, ուրեմն ինչ-որ մի վատ բան է կատարվում այս ժողովրդի հետ»։ Սերգեյ Իսրայելյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարության մոտ 15 դատական նիստերի է մասնակցել, սակայն այժմ չի գնում դատարան. «Ես չկարողացա դիմանալ։ Չկարողացա տեսնել այն ցինիզմը, այն անմարդկային պահվածքը, որ դրսեւորում են դատարանում Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը։ Դատավորն էլ սուս-փուս նստած… Ես սա չկարողացա դիտել։ Ես իրավաբան չեմ։ Չեմ կարող ասել՝ իրավաբանորեն ամեն ինչ ճի՞շտ է, թե՞ սխալ։ Բայց հարյուրավոր դատեր ենք տեսնում հեռուստատեսությամբ, եւ այն, ինչ կատարվում է մեր դատարանում, պարզապես անհամեմատելի է դրանց։ Հետեւել եմ Ռադոեւի դատին։ Բոլորս տեսանք, թե դատավորն ինչպես է խոսում, դատապաշտպանը՝ ինչպես, մեղադրողը՝ ինչպես է իրեն պահում։ Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում՝ դատը վարում է Նաիրի Հունանյանը։ Ո՞նց կարելի է հանգիստ նայել։ Ո՞նց կարող է խոսք չգնալ մահապատժի կիրառման մասին։ Ես որեւէ երաշխիք չունեմ, որ եթե Հունանյանին եւ մյուսներին ցմահ բանտարկեն, ապա վաղը նրանք չեն փախչի, կամ նրանց չեն փախցնի, կամ էլ՝ վաղը մի ուրիշ նախագահ չի գա եւ սրանց ազատ չի արձակի, կամ էլ՝ համաներում չի կիրառվի։ Եթե նման բաներն արդեն այսօր են կատարվում, ինչ երաշխիք ունենամ, որ վաղը ավելի վատը չի կատարվի։ Հետեւաբար, համոզված եմ, որ Կարեն Դեմիրճյանին սպանողին (հատուկ շեշտում եմ սա) պետք է խստագույնս պատժել։ Պետք է խստագույնս պատժել Վազգեն Սարգսյանին եւ բոլոր մյուս զոհերին սպանողներին։ Սա է մեր դիրքորոշումը»։ Մահապատժի հարցը, ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանը ստիպված կլինի քննարկել։ Սերգեյ Իսրայելյանին խնդրեցի արվեստագետի, պրոֆեսիոնալի աչքով զննել խորհրդարանը եւ գնահատել։ Պրն Իսրայելյանն ասաց, թե չի ուզում փնովել Ազգային ժողովը, քանի որ համամիտ է ժողովրդական այն խոսքին, թե չի կարելի պղտորել այն աղբյուրը, որից ջուր ես խմում, բայց եւ չկարողացավ հաստատել, թե «այդ աղբյուրը չտեսնված լավ աղբյուր է, զուլալ ջրով»։ Ըստ պատգամավորի, խորհրդարանում խախտված է ամենակարեւորը՝ բարոյական մթնոլորտը. «Այս պարագայում դժվարանում եմ ասել, թե ինչ տեղի կունենա։ Այնուամենայնիվ, կարծում եմ, շատերը դեմ կլինեն մահապատժի վերացմանը։ Ով մի քիչ նամուս ունի, ով մի քիչ արժանապատվություն ունի, դեմ կլինի։ Չէ՞ որ վաղը կանգնելու է ժողովրդի առաջ»։ Չէինք կարող հարցազրույցի ընթացքում չանդրադառնալ մի հարցի եւս։ Վերջերս պատգամավոր Գագիկ Ոսկանյանը խորհրդարանում հանդես եկավ Սերգեյ Իսրայելյանի դեմ հայտարարությամբ, որում վերջինիս հասցեին մի շարք մեղադրանքներ հնչեցին։ Հիշեցնեմ, որ պրն Իսրայելյանը իր հերթին, դրանից առաջ, առաջարկ էր արել այն մասին, որ եթե ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը ինչ-ինչ խնդիրներ ունի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ, ճիշտ կանի՝ դրանք լուծի դատական կարգով։ Սերգեյ Իսրայելյանը երեկ կրկնեց իր խորհուրդը. «Եթե կառավարության անդամը լուրջ մեղադրանք է ներկայացնում Գագիկ Ասլանյանին, ապա ես՝ իբրեւ պատգամավոր, պահանջում եմ՝ Գագի՛կ Ասլանյան, խնդրում եմ քեզ, մաքրվի՛ր։ Եթե Անդրանիկ Մանուկյանը սխալ է՝ դատի տուր։ Եթե Գագիկ Ասլանյանը չանի այդ բանը, եւ հարցը չկարգավորվի համապատասխան մարմինների միջոցով, ուրեմն, համոզված եմ, որ Անդրանիկ Մանուկյանը ճիշտ էր։ Իսկ ես չէի ուզի ունենալ այդպիսի մեղադրանքներից չմաքրված փոխխոսնակ։ Ընդ որում, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա, ընդամենը խորհուրդ տվեցի, եթե չեն ուզում ընդունել, ի՞նչ կարող եմ անել»։ Իր հերթին Գագիկ Ոսկանյանը (այժմ ԺԴԿ անդամ) ասել էր, որ եթե Սերգեյ Իսրայելյանը մաքրվելու կարիք ունի, ապա հարկ չկա այդ ամենը կապել կուսակցական խնդիրների հետ։ Սերգեյ Իսրայելյանը պատասխանեց. «Ինչի՞ց պետք է մաքրվի Սերգեյ Իսրայելյանը՝ իր «Եռանկյունի» ֆիլմի՞ց, իր «Նահապետի՞ց», «Կտոր մը երկինքի՞ց», «Գիքորի՞ց»։ Կարող եմ թվարկել մոտ 3 տասնյակ ֆիլմ, որ նկարել եմ։ Սրանցի՞ց պետք է մաքրվեմ։ Սա իմ կենսագրությունն է։ Այ, ովքեր ինձ նման բաներ են ասում, իրենք պետք է մաքրվեն, սակայն նրանք տեղ չունեն մաքրվելու, որովհետեւ դավաճանությունը չի մաքրվում»։ Գագիկ Ոսկանյանի՝ «պատվեր կատարելու» մասին ակնարկը եւս հակադարձելով, պրն Իսրայելյանն ասաց, որ ինքը երբեք ոչ մեկի պատվերը չի կատարել, չի կատարում եւ չի կատարելու. «Ես ունեմ իմ սկզբունքները, որոնց երբեք չեմ դավաճանում։ Իսկ իմ մարդկային վերաբերմունքը Կարեն Դեմիրճյանի, այսօր՝ Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ (որովհետեւ նա շարունակում է Կարեն Դեմիրճյանի գործը եւ ինքը այսօր շատ ավելի կարիք ունի, որ մենք իր կողքին լինենք), երբեք չի՛ փոխվել եւ չի՛ փոխվելու։ Ես երբեք չեմ դավաճանել եւ չեմ պատրաստվում դավաճանել նրանց, ում նվիրված եմ։ Իսկ նրանք, ովքեր ինձ մեղադրում են պատվեր կատարելու մեջ, իրենք են այդպիսին։ Նրանք դավաճանեցին իրենց սկզբունքներին եւ արժանապատվությանը։ Գագիկ Ոսկանյանն ինքն է պատվեր կատարողը, որովհետեւ ես գիտեմ, թե ով է նրա համար գրել վերոհիշյալ հայտարարության տեքստը եւ ով է ասել՝ կարդա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե իրենք դա չեն տեսնում, չի նշանակում, թե ուրիշներն էլ չեն տեսնում»։ Սերգեյ Իսրայելյանը հիշեցրեց իր երբեմնի կուսակցին, թե վերջինս ինչպես եւ ում շնորհիվ է պատգամավոր դարձել եւ ինչի գնով է դարձել խմբակցության քարտուղար. «Ես տեսնում եմ, թե ոնց է սեւ, գեղեցիկ մեքենայից իջնում՝ կարծես իր կյանքի նպատակը դա էր։ Գագիկին գիտեմ դեռ այն ժամանակվանից, երբ Կենտկոմի հրահանգիչ էր։ Դրանից բարձր բան չի եղել։ Եթե դա է նրա շնորհակալությունը, Աստված իր հետ»։ Եթե դա էր նրա հասկացած երջանկությունը, ուրեմն ինչքան քիչ բան է հարկավոր մարդուն եւ ի՞նչ գնով»։ Ի դեպ, պրն Իսրայելյանը ՀԺԿ անդամ չէ, սակայն վստահ է, որ ինքը ամենաիսկական կուսակցական է. «Անպայման չէ տոմսը ձեռքս լինի։ Ես Դեմիրճյանի առաջարկով եմ պատգամավոր դարձել, եւ նրա անձը, սկզբունքներն ու գաղափարախոսությունն ինձ համար հարազատ են եւ սուրբ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել