Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 1 ԵՎՐՈՊԱՑՈՒ ՆԱՄԱԿԸ

Փետրվար 26,2002 00:00

ԹԻՎ 1 ԵՎՐՈՊԱՑՈՒ ՆԱՄԱԿԸ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր պրն Արամ Աբրահամյանին Սույն թվականի փետրվարի 23-ին բավականին ուրախացա, երբ Ձեր թերթում տեսա իմ եւ իմ երկու հարեւանների տների լուսանկարը։ Սակայն ուրախությունս կարճ տեւեց, քանի որ տեքստի եւ լուսանկարի տրամաբանությամբ հարեւաններիցս առնվազն մեկի տունը չգիտես ինչու ինձ էր վերագրվում։ Երեւի ստիպված հայտարարեմ, որ ոչ մեկի սեփականության հանդեպ հավակնություններ չունեմ… Հետո մի ուղղում եւս. այդ տունը իմ եւ իմ ընտանիքի հիմնական եւ միակ բնակավայրն է, որը կառուցվել է ոչ թե այն ժամանակ, երբ ես Կոտայքի մարզպետ էի կամ պատգամավոր, այլ ավելի շուտ։ Պատրաստ եմ տրամադրել տանս ե՛ւ իրական չափերը, ե՛ւ կառուցման որոշումն իր հիմնավորմամբ։ Միեւնույն ժամանակ, ուրախ կլինեմ, եթե Ձեր համապատասխան լրագրողը ժամանակ գտնի մեկ անգամ եւս այցելելու Ձորաղբյուր՝ տանս իրական պատկերը լուսանկարելու եւ մեր ընթերցողներին ներկայացնելու նպատակով։ Հավաստիացնում եմ Ձեզ, որ այն լինելով շատ ավելի փոքր՝ բավականին կոկիկ է եւ գեղեցիկ։ Հարկ եմ համարում նշել նաեւ, որ հարգում եմ մամուլի ազատությունը, ճշմարիտ եմ համարում ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի հետ կապված Ձեր եւ Ձեր կոլեգաների պայքարը, եւ գլխավորը՝ հարգում եմ քաղաքացու ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը… Հարգանքով՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ քաղաքացի, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, թիվ 1 եվրոպացի 25 փետրվարի, 2002թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել