Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մոտ շոու կա, բիզնես չկա

Մարտ 01,2002 00:00

Մեզ մոտ շոու կա, բիզնես չկա Անցյալ տարի՝ «Երգ-2001» մրցանակաբաշխությունում, «Երգի լավագույն մեկնաբան» անվանակարգում տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Ռոլան Ռեյը։ – 97 թվականից պրոֆեսիոնալ բեմում եք։ Ունեք կոնսերվատորիական կրթություն եւ, չնայած երիտասարդ տարիքին, 2000 թվականին հիմնել եք պրոդյուսերական կենտրոն, նաեւ «Տորնադո» դիսկո-ակումբի գլխավոր պրոդյուսերն եք։ – Ամեն ինչ ճիշտ է։ Կարիերայիս հենց սկզբից, անցյալում մտերիմ ընկերոջս հետ հիմնեցինք «Էլիտար նոր սերունդ» համերգային կենտրոնը։ Ծավալել էինք լայն համերգային գործունեություն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում։ Բայց, ինչպես հաճախ պատահում է հենց այս ոլորտում, ասեմ պարզ՝ դավաճանության պատճառով չէի կարող շարունակել աշխատել (անունը չեմ ուզում տալ, քանի որ հակառեկլամը, համոզված եմ՝ մեծ ռեկլամ է) եւ 2000 թ., սկսելով զրոյից, հիմնեցի իմ պրոդյուսերական կենտրոնը։ Մեզ մոտ շոու-բիզնեսը կայացած չէ, կամ շոու կա, բիզնես՝ չկա։ Նմանօրինակ վիճակն է բերում այս ոլորտում բախումների, վեճերի։ Երեւանում, իհարկե, գործում են կենտրոններ։ Ես կարող եմ բարձրաձայն տալ միայն մեկ կենտրոնի անուն՝ «Կադանս», տնօրեն՝ Նիկա Բաբայան։ Այս կենտրոնի գործունեությունը հեռվից էլ է երեւում, այսինքն՝ աշխատանքի պտուղները հրամցվում են եւ այն էլ բարձր մակարդակով։ Իմ պրոդյուսերական կենտրոնում աշխատում եմ միայն ես։ Պատրաստում եմ շոումեններ, աջակցում նոր անուններին։ Բոլորովին վերջերս ստեղծվեց «Ոսկե ձայներ» մանկական երգչախումբը։ Իմ նպատակն է մեզ մոտ գործող մշակույթի տներից, դպրոցներից հայտնաբերել շնորհալի, տաղանդավոր երեխաների, պատանիների։ Հիմնականում համագործակցում եմ արտերկրի պրոդյուսերական կենտրոնների հետ։ Այսպես, «Այզենշպիս» կենտրոնի տնօրեն Իվան Շապովալովի, Թբիլիսիից՝ պրն Մամուկայի, Ռուսաստանի Ars Rekords կենտրոնի եւ այլոց հետ։ – Ի՞նչ ծրագրեր կան այդ պրոդյուսերների հետ համագործակցության առումով։ – Իվան Շապովալովի հետ բանակցում ենք «Taty» կանանց խմբին հրավիրելու շուրջ… – Այս խումբը հայտնի է… – Այո, խմբի աղջիկները լեսբուհիներ են, իսկ նրանց հիթերը տարածված են ոչ միայն Ռուսաստանում։ Մենք արդեն Եվրախորհրդի անդամ պետություն ենք եւ նորմալ պետք է նայենք ամեն ինչին, խոսքս «Taty» խմբի աղջիկների անձնական կյանքի մասին է, իսկ երգերի կատարումները իրոք բարձրակարգ են։ Հյուրախաղերը պլանավորել ենք մայիսին։ – Ինչո՞վ է զբաղվում Ռոլան Ռեյ երգիչը։ – Աշխատում եմ երկրորդ CD-ի վրա, որտեղ կլինեն երգեր հայերեն տեքստերով, թեեւ նախկինում միշտ ռուսերեն եմ երգել, քանի որ ծնվել եմ ռուսախոս ընտանիքում։ Պատճառը սա է, որ առաջին CD-ում միայն ռուսերեն լեզվով երգեր են։ Այս CD-ի շնորհանդեսը պլանավորել եմ հունիսին, կլինեն հյուրեր ՌԴ-ից։ – Համերգներից հետո բոլորը խոսում են Ձեր հագուկապի, դիզայնի մասին։ – Կարծում եմ, որ արտիստը ամենայն լրջությամբ պետք է վերաբերվի իր դիզայնին։ Իմ կուռքը Վալերի Լեոնտեւն է։ Ինչպես ինքը, այնպես էլ ես, կարում եմ բեմական հագուստներս, հաճախում մարզումների եւ նախընտրում եմ հագնել ընդգծված զգեստներ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել