Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աթանեսյան․ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է միավորվի․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2026 10:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ

– Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու թեման դրեց շրջանառության մեջ։ Սահմանադրությունը փոխելու նպատակով պատրաստ է անգամ արտահերթի գնալ։ Սակայն ակնհայտ է, որ հանրությունն ընտրություններից հետո հիասթափված է՝ թե՛ ընդդիմադիր ուժերից, թե՛ իշխանական: Ի՞նչ պատկեր կունենանք, եթե առաջիկայում ընտրություններ լինեն: Երբ ընդդիմադիր 3 առաջնորդներից երկուսը կալանավորված են, երկրում վախի մթնոլորտ է տիրում:

– Ես կարծում եմ, որ, ելնելով ընտրություններին մեր բնակչության մասնակցությունից եւ ընտրությունների արդյունքներից, հասարակությունն ավելի քիչ քաղաքական ուժերի կարիքն ունի: Եթե նորից ընտրություններ լինեն, ավելի շատ ուժեր դժվար թե աջակցություն ստանան, ուստի մեզ շատ ավելի քիչ քաղաքական ուժեր են հարկավոր: Մյուս եզրակացությունն այն է, որ նրանք, ովքեր այսքան հորդորներից, խնդրանքներից, կոչերից հետո ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին, նոր ընտրություններին, ամենայն հավանականությամբ, նույնպես չեն գնա: Ավելին. հաճախակի ընտրություններ կազմակերպելը հանգեցնելու է նրան, որ մասնակցության թիվն է՛լ ավելի փոքրանա: Ինչպես հայկական ասացվածքն է ասում` խաղուպար չէ այս ամենը: Եթե մոտակա ժամանակներում նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն, ապա կստացվի, որ նախորդներում մարդիկ իրենց ձայնը տվել են ինչ-որ քաղաքական ուժի ընդամենը մի քանի ամսով կամ մեկ տարով: Մեր պետության քաղաքական դինամիկան հունիսի 7-ի ընտրություններից հետո, մեղմ ասած, այնքան էլ մեծ չէր, որի հիմքով մենք կարողանայինք ասել, որ քաղաքական ուժերի վերաբաշխում պետք է տեղի ունենա: Արտահերթ ընտրությունները պետք է ենթադրեն ներքաղաքական լուրջ փոփոխություններ, ուժերի հանդեպ վստահության լուրջ փոփոխություն, ինչը կարող է արտացոլվել քվեարկությամբ: Հայաստանում հետընտրական փուլում որեւէ զգալի ներքաղաքական գործընթացներ տեղի չեն ունեցել: Ի՞նչ կարող է տեսականորեն լինել, եթե մոտ ժամանակ նոր խորհրդարանական ընտրություններ լինեն։ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է հարցին ավելի ռացիոնալ կերպով մոտենա եւ միավորվի, հանդես գա միացյալ դաշինքով:

Պետք է համախմբվել, պետք է հանդես գալ առավել փոքրածավալ տեսականիով, միեւնույն ժամանակ` կոնսոլիդացված: Բացի այդ, ընդդիմադիր ուժերին ձայն տված ընտրազանգվածն այնքան էլ կազմակերպված չէր, որքան իշխող ուժի ընտրազանգվածը, եւ այս ամենը գիտակցելով՝ ընդդիմադիրները պետք է համապատասխան եզրակացություններ անեն: Հունիսի 7-ի ընտրություններում ամրագրվել են նաեւ ընտրակեղծիքներ: Սովորաբար, սահմանադրության հաճախակի փոփոխությունը, հաճախակի ընտրությունների գնալը պետության համբավի վրա բացասական ազդեցություն է թողնում: Այն քաղաքական անկայունության ցուցանիշ է, այլ ոչ թե կայունության: Որպես կայուն պետություն, մենք հաճախ բերում ենք ԱՄՆ-ի օրինակը, որտեղ սահմանադրությունն առանձին լրացումներով գրեթե անփոփոխ է, մինչդեռ Հայաստանում պարբերաբար սահմանադրություն է փոխվում, վերանայվում են նույն օրենքները: Այսպես առաջ գնալ հնարավոր չէ: Ի դեպ, մեր պետության փոքր բյուջեի համար ցանկացած նոր ընտրության կազմակերպում նույնպես լրացուցիչ ֆինանսական եւ կազմակերպական բեռ է: Ընտրությունը թանկ հաճույք է, թեպետ հարց է` հաճո՞ւյք է արդյոք: Արդյո՞ք մենք կարող ենք որպես պետություն մեզ նման շռայլություններ թույլ տալ: Սա եւս խնդիր է: Ես կարծում եմ, որ եթե իսկապես իշխանությունը որեւէ զգալի փոփոխություններ իրականացնելու ցանկություն ունի, ապա դա կարող է անել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ընդդիմության հետ մեկտեղ ազգային պրոյեկտներ իրականացնելով: Համազգային ծրագրեր հայտարարել եւ դրանց մասնակցությունը բաց դարձնել Հայաստանում գործող ցանկացած քաղաքական ուժի համար, եթե այն ցանկանում է եւ կարող է դրանում ներդրում ունենալ: Այսպիսին պետք է լինի պետական մտածողությունը եւ ոչ թե յուրային-բարեկամ-թշնամի խաղալու մեջ: Մեզ կոնստրուկտիվ եւ ազգային պրոյեկտներ են հարկավոր, այլ ոչ թե քաղաքական, կուսակցական:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031