Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանային ծառատունկի իմաստը էլ ավելի կիմաստավորվի, եթե…

Մարտ 01,2002 00:00

Գարնանային ծառատունկի իմաստը էլ ավելի կիմաստավորվի, եթե… Ասում են, եթե մարդը իր գոյության ընթացքում գոնե մի տուն է կառուցել, երեխաներ է ունեցել եւ ծառեր է տնկել, կնշանակի իզուր չի ապրել։ Սակավանտառ հայոց աշխարհում ծառատունկը միշտ էլ խրախուսվել է, անկախ նրանից, թե ով է այն կատարել։ Ըստ ՀՀ բնության պահպանության նախարարության հաղորդած նախնական տվյալի, այս տարի նախատեսվում է տնկել չորս միլիոնից ավելի ծառ ու թուփ։ Թե գարնանային այս ծառատունկի ընթացքում կոնկրետ որքանը կտնկվի մայրաքաղաքում, որքանը մարզերում ու ավաններում՝ դա էական չէ, ուրախալին եւ գովելին այն է, որ հանրապետությունում կավելանա ծառերի քանակը։ Սակայն ժողովրդի ուրախությունը ավելի մեծ կլինի եւ ծառատունկն էլ ավելի իմաստալից, եթե այդ տնկված ծառերի ու թփերի կեսը, եթե ոչ երեք քառորդը, լինի պտղատու ծառ ու թուփ (հատկապես բալենի, սալոր, փշատ, պուրակներում՝ թթենի, մասամբ տանձի ու խնձորի ծառեր, իսկ եզրերում՝ հաղարջի թփեր)։ Ինչո՞ւ չզուգակցել գեղեցիկը օգտակարի հետ։ Հասկանալի է, որոշ տնտեսագետներ ու բուսաբաններ կառարկեն, նշելով, որ պտղատու ծառերը ավելի թանկ են, քան դեկորատիվները, բայց որ պտղատու ծառերի նյութական օգուտը մի քանի անգամ մեծ է դեկորատիվից՝ անժխտելի փաստ է։ Ճիշտ է, պտղատու ծառերը, ինչպես պնդում են բուսաբանները, թթվածնի արտադրությամբ մասամբ զիջում են դեկորատիվներին, մաքրության առումով եւս (քանի որ թափվող պտուղները կարող են ժամանակավորապես աղտոտել տեղանքը), այնուամենայնիվ, մենք առավելությունը պետք է տանք պտղատու ծառերին, ինչպես որ հանդուրժում ենք մեղվի խայթոցը հանուն մեղրի։ Չէ՞ որ պտղատու ծառը ոչ միայն օգտակար է, այլեւ շատ գեղեցիկ՝ թե ծաղկած վիճակում եւ թե իր հասուն պտուղներով։ ԺՈՐԱ ՆԱՎՈՅԱՆ Հարկ է նկատել, որ ծառատունկից ոչ պակաս կարեւոր է տնկիները խնամելը, ինչը, որպես կանոն, անուշադրության է մատնվում՝ կատարված աշխատանքի արդյունքը հասցնելով նվազագույնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել