Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈ՞ՐԾ Է ԿՊՑՐԵԼ

Ապրիլ 04,2002 00:00

ԳՈ՞ՐԾ Է ԿՊՑՐԵԼ Պետական գնումների գործակալության (ՊԳԳ) անցկացրած վերջին մրցույթների արդյունքները ճիշտ հակառակն են այն սպասելիքների, որոնք պետք է լինեին, դատելով ոլորտը կարգավորող օրենքի տրամաբանությունից։ Պաշտոնյաներն էլ էին ասում, որ ՊԳԳ-ի անցկացվող մրցույթների նպատակը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ողջ նպատակն այն է, որ պետական հիմնարկների համար գույքի, սննդի եւ այլնի ձեռքբերումն ավելի ցածր գներով կազմակերպվի, պետությանը էժան նստի եւ խնայվեն հարկատուների, այսինքն հասարակ մարդկանց փողերը։ Բայց այդպես չէ։ Վերջերս գնումների գործակալությունը գիշերօթիկ դպրոցների երեխաների սննդի կարիքների բավարարման համար մրցույթ է անցկացրել, որից հետո, պարզվում է, հաղթած ընկերությունները գիշերօթիկ դպրոցներին զանազան մթերքներ կմատակարարեն ավելի բարձր գներով, քան դպրոցներն իրենք կարող են ձեռք բերել թեկուզ շուկայից։ Այսինքն՝ պետբյուջեն պետական մի օղակի արձանագրած «հաջողությունների շնորհիվ» այսուհետեւ գիշերօթիկների երեխաներին ավելի թանկ գներով պիտի կերակրի, քան նախկինում։ Նկատենք, որ սննդակարգի (ռացիոն) բարելավման մասին խոսք չկա։ Ահա դպրոցներին միավոր սննդի 1 կգ-ի մատակարարման գները, որ ներկայացրեց Հատուկ դաստիարակչական գիշերօթիկ դպրոցի տնօրեն Ժորա Մուրադյանը. որոշակի տեսակի պանիր՝ 1300 դրամ, շուկայից 1100-ով կարելի է ձեռք բերել նույն որակի եւ տեսակի պանիր, կարագ՝ 1425 դրամ, շուկայում՝ 1200, հացը պարտադրում են 200-208 դրամով, Ժ. Մուրադյանը 170-ով կարող է ձեռք բերել, թեյ՝ 3000 դրամ, ավելի էժան՝ հաստատ կճարվի։ Անգամ տեղական թխվածքաբլիթը, վաֆլին, որ 600 դրամից թանկ չես էլ կարող ճարել, գնումների գործակալությունը «հաջողացրել» է 610 թե 800 դրամով մատակարարող ճարել։ Իսկ պոմիդորն ու վարունգը պատրաստվում են դպրոցների վրա «սաղացնել» 185 դրամով։ Անգամ սեզոնին, երբ մեծ քանակության դեպքում այդ մթերքները կարելի է գնել 50-70 դրամով։ Դպրոցի տնօրենն էլ ասում է. «Լավ, համարենք, որ ողջ տարվա համար, երբ դեռ չեն աճել պոմիդորն ու վարունգը կամ արդեն վերջացել են, խելամիտ գին է 185 դրամը։ Բայց եթե 185, ապա հենց այսօր ինձ այդ գնով 200 կգ պոմիդոր է պետք, դե մատակարարիր»։ Նույնը եւ միրգը, որ երեխաները կուտեն այն «հպարտ» զգացումով, որ 300 դրամով է իրենց հասել։ Էլ չթվարկենք, թե որ միրգն ինչ արժե ամռանը շուկայում։ Մնում է տարակուսել, թե արդյոք պետբյուջեի փողերը ինչ-որ ընկերությունների ստեղծման, գոյատեւման համա՞ր են։ Իհարկե, կարելի է մտածել, որ գների մեջ ներառված են նաեւ բենզինի եւ մատակարարման այլ ծախսեր, բայց դրանք այդքան տարբերություն չպետք է տային։ Ավելին, չի ենթադրվում, որ մատակարարող ընկերությունը սննդամթերքը Ֆիրդուսի տոնավաճառից, որն ամենեւին էլ «առաջին ձեռք» չէ, պետք է գնի, դպրոցներին վաճառի, այլ պետք է շփումներ ստեղծի հենց արտադրողների հետ։ Խոստովանենք, ստեղծված վիճակում առաջին միտքը, որ ծագում է՝ կոռուպցիան է։ Չի բացառվում, որ Պետական գնումների գործակալությունը համաձայնության եկած լինի հաղթանակած ընկերությունների հետ՝ շահած գումարները կիսելու պայմանով կամ ընկերներին լավություն անելու նպատակով։ Հնարավոր է նաեւ մեկ այլ տարբերակ, որ, ինչպես բենզինի դեպքում, մատակարարող ընկերությունները պայմանավորված լինեն հատուկ բարձր գին առաջարկելու համար, որպեսզի ստիպված համաձայնի ՊԳԳ-ն։ Բայց սրա հավանականությունը փոքր է, որովհետեւ սննդի մատակարարման դեպքում բենզինի նման մենաշնորհ չկա։ Չի բացառվում նաեւ անփույթ աշխատանքն ու պետական փողերի նկատմամբ անուշադիր, ոչ սրտացավ վերաբերմունքը։ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ պետական գնումների գործակալությունից, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Բացառվում է, որ մրցույթով ձեռք բերված ապրանքի գինը բարձր լինի շուկայականից։ Եթե նման բան կա, ապա նշանակում է՝ գոյություն ունեն որակի հետ կապված խնդիրներ։ Իսկ բարձր գները կապված են սեզոնայնությամբ։ Պայմանագրի պահանջն է՝ եթե անգամ այսօր դպրոցը 185 դրամով պոմիդոր է պահանջում, ապա ընկերությունը պարտավոր է մատակարարել»։ Հակառակ դեպքում, ըստ երեւույթին, դպրոցը կարող է դատի տալ տվյալ ընկերությանը։ Պարզաբանումը համոզիչ չէ։ Կարծում ենք, ասելիք կունենա նաեւ լիազոր մարմինը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել