Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՇԱՌՈՅԱՆԸ «ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ»

Ապրիլ 04,2002 00:00

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՇԱՌՈՅԱՆԸ «ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ» ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը չի ուզում վաստակել հայ մշակույթի մեծերին «հնձողի» ոչ այնքան պատվաբեր համբավը։ Թերեւս միայն սրանով կարելի էր բացատրել նախարարի պիղատոսյան դիրքորոշումը՝ ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի երգիչների բողոքին ի պատասխան։ Հիշեցնենք, որ 90 հոգանոց երգչախմբի հիմնական կորիզը վերջերս բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին՝ ներկայացնելով երգչախմբում ստեղծված իրավիճակն այն բանից հետո, ինչ երգիչները պատահաբար բացահայտել էին իրենց մաեստրոյի՝ մեծանուն դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի «մեքենայությունները»։ Ըստ երգիչների, մաեստրո Չեքիջյանը 2000-ից սկսած, պարբերաբար ստանալով երգչախմբի հովանավոր Սենիկ Գեւորգյանի հատկացրած գումարները (յուրաքանչյուր երգչի համար՝ ամսական 100$), գրպանել է դրանց մի մասը, նրանց տրամադրելով ընդամենը 20-30-ական դոլար։ Երգչախմբի անդամների պաշտոնական աշխատավարձը ծիծաղաշարժ գումար է՝ 6700 դրամ, որը նրանք ստանում են մի քանի ամիսը մեկ անգամ։ Եվ, բնականաբար, առանց հովանավորչական գումարների նրանք չէին կարող աշխատել։ Սակայն մինչեւ 2001թ. ձմեռը նրանք տեղյակ էլ չեն եղել, որ ունեն հովանավոր՝ հանձին Սենիկ Գեւորգյանի, որն ամեն ամիս երգչախմբի հաշվին փոխանցել է 8300$՝ երգիչներին բաժանելու համար։ Պրն Չեքիջյանը, «Պրոմեթեւս» բանկից ստանալով այդ գումարները (ընդհանուր հաշվով՝ 192 հազար դոլար), երգիչներին հատկացրել է դրա 1/5-ը միայն՝ 40 հազար դոլար (ամսական 20$)։ Մնացած գումարները, ըստ նվագախմբի տնօրենի, ծախսվել են այլ նպատակների համար՝ շինարարություն, ուղեւորություններ եւ այլն։ Սակայն դրանք նախատեսված են եղել հատկապես մի նպատակի՝ երգիչներին բաժանվելու համար։ Ամիսներ առաջ այս առիթով բարձրացրած մեծ աղմուկը կարծես որեւէ արդյունք չտվեց։ Երգչախումբը իր գումարները չստացավ (յուրաքանչյուրին՝ մոտ 1500$)։ Եվ երգիչները բաց նամակով դիմեցին նախագահին։ Իսկ երեկ նրանց ընդունեց նախարար Ռոլանդ Շառոյանը։ Անշուշտ, վերջինիս դրությունը կարեկցանքի արժանի է։ Իր պաշտոնավարման ընթացքում նախարարը ստիպված եղավ ստորագրել այս կամ այն պատճառներով տարբեր մշակութային գործիչների՝ աշխատանքից ազատվելու հրամանները։ Խոսքը մասնավորապես Տիգրան Լեւոնյանի, Լորիս Ճգնավորյանի, Օհան Դուրյանի մասին է։ Հերթական ստորագրությունը՝ Չեքիջյանի դեմ, կարող էր շահարկումների տեղիք տալ, թե նախարարը ոչ թե պատահաբար, այլ օրինաչափորեն է ազատվում մշակութային կյանքում այս կամ այն չափով արժեք ներկայացնող անձերից։ Եվ նախարարը նախընտրեց «ձեռքերը լվալ»։ Երգիչներին ասվեց, որ նախարարությունն այստեղ խնդիր չունի։ Խնդիրը ձեր եւ հովանավորի մեջ է, ինքներդ լուծեք ձեր հարցերը ե՛ւ Չեքիջյանի, ե՛ւ Սենիկ Գեւորգյանի հետ։ Ի դեպ, վերջինս, բարձրացված աղմուկից հետո, այս տարվա սկզբից դադարեցրել է ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի հովանավորությունը։ Երգիչներն էլ որոշեցին դիմել դատարան։ Համենայնդեպս, երեկ նրանց տրամադրվածությունն այդպիսին էր։ «Մենք, անտարակույս, դիմելու ենք դատարան»,- ասում էին վրդովված երգիչները։ Ի դեպ, երեկ արդեն նրանք խոսում էին Չեքիջյանի ոչ միայն ֆինանսական «անմաքրությունից», այլեւ խիստ կասկածի տակ էին առնում նրա դիրիժորական ունակությունները։ Սա արդեն նորություն էր։ Երգիչները ի պատասխան նախարարության աշխատակիցների՝ «բա ինչի՞ մինչեւ հիմա չէիք դժգոհում Չեքիջյանի պրոֆեսիոնալությունից», պատասխանում էին, թե չէին ցանկանում մարդուն, որ որոշակի դեր ու կշիռ ուներ այս երկրի մշակութային կյանքում, սեւացնել, սակայն հիմա ստիպված են գնալ «վա բանկ» եւ բացել բոլոր խաղաքարտերը։ Իսկ այս դեպքում նրանք ստիպված են պնդել, որ Չեքիջյանն արդեն որպես պրոֆեսիոնալ եւս բավականին զիջել է իր դիրքերը։ Մաեստրո Չեքիջյանի՝ որպես երաժշտի, մեծության լինել-չլինելու մասին դատել՝ մեզ իրավունք չենք վերապահում։ Այսպես թե այնպես, Հովհաննես Չեքիջյանն այն քչերից մեկն է, որոնցով մեր հասարակությունը դեռ կարող է հպարտանալ։ Սակայն այս կարգի մեծությունը չպիտի թույլ տար իր անունը խառնել ֆինանսական խարդախությունների եւ չարաշահումների հետ։ Առավել եւս՝ հայտնվեր այդ մեքենայությունների կենտրոնում։ Այսպես ժողովուրդը կկորցնի իր հավատը ոչ միայն այս կամ այն տրամաչափի իշխանավորների նկատմամբ (ինչն արդեն վաղուց կորած է), այլեւ՝ մտավորականության, մշակույթի մարդկանց նկատմամբ։ Չի մնում որեւէ բացարձակ արժեք։ Իսկ դա արդեն վերջի սկիզբն է։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել