Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգայինը եւ արդիականը միասին

Ապրիլ 04,2002 00:00

Ազգայինը եւ արդիականը միասին Նկարիչ Արկադի Պետրոսյանը ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ 1951-ին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1959-ից ակտիվորեն մասնակցել է հանրապետական եւ արտասահմանյան ցուցահանդեսներին։ 1965-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1969-ին Հայաստանի նկարչի տանը բացվել է անհատական ցուցահանդեսը։ 1970-ից նկարիչների միության անդամ է։ Նույն թվականից դասավանդում է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1971 թ. Ուլան Ուդեում բացվում է Արկադի Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը, իսկ 1977-ին՝ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ 1990-ին՝ Նկարիչների միության ցուցասրահում։ Նրա նկարներից շատերը Հայաստանի, ԱՄՆ-ի եւ այլ պետությունների սեփականությունն են համարվում։ – Ի՞նչ նյութեր եք օգտագործում ձեր նկարներում։ – Ես ուսումնասիրել եմ հայ կերպարվեստը, հայկական մանրանկարչությունը, հայկական որմնանկարչությունը, հայկական տարբեր ժամանակաշրջանների դպրոցները՝ Վանի, Կիլիկիայի եւ այլն։ Շրջան-շրջան պտտվել եմ, հավաքել եմ նյութեր։ Դրա համար էլ իմ կերպարվեստը ավելի շատ հայկական է, թեպետ նաեւ ժամանակակից է։ Բայց թեմատիկան հայկական է՝ սկսած ատրիբուտներից, օրինակ, զուռնան իմ նկարների մեծամասնության մեջ կա։ Հետո օգտագործել եմ մեր հին հայկական գերեզմանաքարերի նկարները, հայկական գորգերը, հարթապատկերային նկարչությունը, մանրանկարչությունը, սակայն այդ բոլորն իմ ձեւով եմ ներկայացրել։ Իմ նկարների մեջ շատ ժամանակ գուշակություններ կան։ Նկարում եմ անկախ ինձանից ինչ-որ բան, մի քանի տարի հետո տեսնում եմ, որ ես գուշակել եմ, թե եկող տասնամյակի ընթացքում ինչ պետք է լինի։ Իմ նկարներում պատկերված են ղարաբաղյան պատերազմը, մեր ժողովրդի արտագաղթը։ Ես դրանք պատահականորեն եմ նկարել, սակայն դրանց մասին ասել եմ։ Օրինակ, 1985-ին արված իմ կտավում նկարել եմ ծովափին ընկած զինվոր, որի ոտքը չկա, մի թեւը ջարդված է, իսկ մյուս ձեռքը ձգում է, որպեսզի վերցնի կոտրված թուրը եւ շարունակի կռիվը, նաեւ մի մեծ թիթեռ եմ նկարել։ Նկարն ավարտելուց հետո ես ասացի, որ մենք ահավոր կռիվ ենք ունենալու, իսկ այդ ժամանակ ղարաբաղյան պատերազմի մասին խոսք անգամ չկար։ – Ձեր նկարներում իշխող գույներն անընդհատ փոփոխվում են եւ դուք ձեր կտավները բաժանում եք շրջանների՝ ըստ այդ փոփոխության («Սպիտակի» շրջան, «Լուսավոր» շրջան եւ այլն)։ Ինչո՞վ է պայմանավորված դա։ – Դա կապված է ե՛ւ տրամադրության, ե՛ւ մտածողության հետ, ե՛ւ փիլիսոփայության յուրօրինակ մոտեցումը արվեստին եւ այլն։ Նմանատիպ թեմաներով նկարները ես կարող եմ նկարել ե՛ւ սառը, ե՛ւ տաք գույներով։ – Իսկ ի՞նչ ոճով եք ավելի շատ նկարում։ – Իմ բոլոր ոճերն էլ ինձ հարազատ են, քանի որ դրանք իմ հորինած տեխնիկաներով են արված։ Ես ոչ ոքից ոչինչ չեմ «գողանում»։ Ինձ հավասարապես հարազատ են թե հարթապատկերային, թե գծային, թե մյուս ոճերի նկարները։ Ես երբեք ոչ ոքից եւ ոչնչից չեմ վախեցել, միշտ նկարել եմ այն, ինչ ցանկացել եմ, թեեւ սովետական շրջանում ամեն ինչ շատ խիստ էր, շատ դժվար։ Ինձ նույնիսկ հեռացրել են ինստիտուտից, սակայն ես երբեք չեմ հուսահատվել եւ շարունակել եմ իմ արվեստը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել