Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրայիններին՝ խրախուսանք

Հունիս 26,2002 00:00

Յուրայիններին՝ խրախուսանք Մյուսներին՝ հաթաթա «Ընդհանուր առմամբ, երկրի ներքաղաքական իրավիճակը կայուն է։ Բայց ամեն գնով հասարակության մեջ եւ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր անող մարդկանց առկայությունն իր կնիքն է թողնում մեր իրականության վրա։ Կարծում եմ, այս առումով, մենք, իշխանություններս, կարող էինք ավելի լուրջ վերաբերվել նման մարդկանց, կարող էինք ավելի խստորեն պահպանել երկրի օրենքները։ Եվ, ըստ իս, պարտավոր ենք դա անել»։ Այս միտքը եթե արտահայտեր առողջապահության կամ բնապահպանության նախարարը, կարող էինք անմեղ կանխատեսումներ անել մարդու քաղաքական մտածումների մասին։ Սակայն, եթե երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարն է նման բաներ ասում, ստիպված ես մտածել, թե ի՞նչ կարող է նշանակել, ասենք՝ «երկրի իրավիճակն ապակայունացնելու փորձեր անող մարդկանց առկայությունը» եւ «իշխանությունները կարող էին ավելի լուրջ վերաբերվել նման մարդկանց» արտահայտությունները։ Արդյո՞ք, սա նախագահ Քոչարյանի «ականջը քաշելու ենք» արտահայտության ավելի «քաղաքակիրթ» տարբերակը չէ։ Սակայն Անվտանգության խորհրդի քարտուղարն առավելագույնս ուշադիր է եղել եւ չի ասել, թե իշխանությունները կարող էին ավելի խստորեն պահպանել երկրի անվտանգությունը, ասել է՝ օրենքները։ Եթե օրենքների փոխարեն գործածվեր անվտանգություն բառը, ակամա զուգահեռ կանցկացվեր «Հոկտեմբերի 27»-ին երկրի անտեր մնացած անվտանգության հետ։ Այդ ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը չէր կարող օրենքներից խոսել։ 1999-ի հոկտեմբերի 27-ին երկրի վտանգված անվտանգության մասին ի պաշտոնե պատասխանատուները չեն համարձակվում խոսել, բայց երբ օրինական պահանջ է դրվում, ասենք՝ նախագահի պաշտոնանկության հարցը քննելու մասին, հանկարծ իրար են անցնում, եւ յուրաքանչյուրը, ըստ իր կրթության ընձեռած հնարավորությունների, փորձում է հիշեցնել (հիշելը՝ հաստատ հիշում են), որ իշխանությունն իրենցն է, իրենք են իշխանությունը եւ պատասխանատու են օրենքների կատարման համար։ Պաշտպանության նախարարի ասածների շուրջ զրուցեցինք «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի հետ։ Վերջինիս մեկնաբանությամբ, ավելի կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը երկրի ներքաղաքական իրավիճակը կայուն է գնահատել. «Ես այս գնահատականն ավելի հակված եմ կիսել, քան ավելի ներքեւ ասված միտքը, որովհետեւ երբ ասվում է. «ամեն գնով հասարակության մեջ եւ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր անող մարդկանց առկայությունն իր կնիքն է թողնում մեր իրականության վրա», ես լուրջ հարցադրում ունեմ՝ դա ո՞ւմ է վերաբերում։ Վերաբերում է իրեն եւ հանրապետության նախագահին ատամներով պաշտպանող եւ պաշտպանության միջոցների միջեւ ընտրություն չկատարող մարդկա՞նց, թե՞ այն մարդկանց, ովքեր քննադատական խոսք են ասում։ Ես ավելի հակված եմ անհավասարակշիռ նախագահական պաշտպաններին որակել այս որակումներով, որոնք հնչեցնում է մեր պաշտպանության նախարարը։ Հետեւում է մեկ ուրիշ հետաքրքիր արտահայտություն եւս՝ «Կարծում եմ, այս առումով, մենք՝ իշխանություններս»։ Սա արդեն մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ սեփական անձերն իշխանությունների հետ համեմատելը կամ շփոթելը չի բխում ժողովրդավարական Հայաստանի հայտարարած սկզբունքներից։ Եվ երբեք իշխանությունն իրականացնողները չեն կարող համարվել իշխանություն։ Ես կուզեի, որ մեր բազմափորձ նախարարը նման շփոթվածությունների մեջ չընկներ, որովհետեւ իր նախորդները նման փորձ ունեին՝ սեփական անձը իշխանության հետ շփոթելու»։ Աղասի Արշակյանը խորհուրդ տվեց չկրկնել նախորդների սխալները, այլ՝ դասեր քաղել դրանցից։ Աղասի Արշակյանը միանգամայն համաձայն է Սերժ Սարգսյանի հետ նաեւ հետեւյալում. «Հասարակության ճնշող մեծամասնությունը համոզված պիտի լինի, որ երկրում օրենք կա, իշխանություն կա, եւ որ իշխանությունները հաստատակամ են օրենքի եւ օրինականության պահպանության հարցերում»։ Պարզապես Աղասի Արշակյանը խնդրում է, որ պաշտպանության նախարարի կողմից հրապարակված այս դրույթն անշեղորեն կատարվի առաջին հերթին հանրապետության նախագահի կողմից հովանավորվող եւ օրինազանց կլանների նկատմամբ. «Հարգելի օրենք կիրառողներ, դուք ավելի մեծ լծակներ ունեք, քան մենք, բայց մի արեք այնպես, որ դա ցցուն երեւա՝ յուրայիններին խրախուսում եք, մյուսներին հաթաթա եք տալիս»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930