Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչեւիցե

Հուլիս 06,2002 00:00

Ինչեւիցե Երկդիմի գովազդների երեսները չեչոտվել են երկնային կարկուտից, քանի որ երբ կոմունիստները նորից գան իշխանության գլուխ, հենք են դառնալու նոր առաջնորդների դիմանկարների համար։ Սատանան վնասում է մարդուն ու նրան հուշում է, որ դա Աստծո կամքն է, որպեսզի մարդը դառնա աստվածամերժ։ Սատանայի գործունեությանը տրված Աստծո թողտվությունը մարդու մեղքերից է։ Մարդն առաջին հերթին պետք է դժգոհի սեփական մեղքերից որպես զղջում, հետո սատանայից՝ ընդդեմ նրա գայթակղության եւ ապա արդեն ուժասպառ, նոր՝ իր Աստծուց, ինչպես Հոր Երանելու պարագան էր՝ ուշացող ողորմածությունից տագնապահար։ Ապրում ես քեզ համար, զավակներիդ համար, հարազատներիդ համար, մարդկության համար, հարստություն կուտակելու համար, հոգիներ փրկելու համար, քաղաքացիական պարտքդ կատարելու համար, վայելելու համար, հենց այնպես ապրելու համար, նվաճելու համար, որովհետեւ մարմինդ ուզում է ապրել, չնայած հոգիդ չի ուզում, հետաքրքրությունից դրդված դեպի գալիքը, որովհետեւ մահից ես վախենում, իշխանությունդ բանեցնելու համար, մի խոսքով, ում թե ինչի համար ես ապրում, հարցը տուր ինքդ քեզ եւ կիմանաս՝ ով ես դու։ Ասա ինչին ես հավատում կամ չես հավատում՝ կասեմ, թե քեզ ինչն է տանջում։ Հավն ինչո՞ւ օրական մի ձվից ավելի չի ածում… որովհետեւ քուն թե արթուն, ժամը մեկ նրան 24 հարց է մտահոգում։ Մորթելո՞ւ են, նախքան ինքը կածի։ Ձուն թողնելո՞ւ են նրան, որ վրան թուխս նստի։ Քսանմեկօրյա թուխսը ապահո՞վ է անցնելու։ Ճուտը ձվից դուրս գալուց հետո մորը հիշելո՞ւ է։ Մեծանալով հա՞վ է դառնալու, թե՞ աքլոր։ Նրան իր մո՞տ են թողնելու, թե՞ տանելու են այլուր։ Ե՞րբ ու որտե՞ղ են մորթելու նրան։ Արդյոք նախքան այդ՝ հիվանդանալո՞ւ է։ Տնեցինե՞րն են ուտելու, թե՞ տանելու են շուկայական հարաբերությունների։ Հո՞ւմ են կուլ տալու։ Խաշելո՞ւ են։ Նրանով ձվածե՞ղ են պատրաստելու։ Բոզբաշի մե՞ջ են գցելու։ Նրանով խմորեղե՞ն են պատրաստելու։ Գոգլի-մոգլի՞ են անելու։ Թողնելու են փչանա՞։ Գնալո՞ւ է բանակ։ Գնալո՞ւ է որբանոց կամ ծերանոց։ Ընկնելու է գետնին, հենց այնպես ջարդվի՞։ Արժանանալո՞ւ է Զատկի օրը ներկվելու։ Ի՞նչ գույնի է ներկվելու։ Ո՞ր մի աքլորի կանանոցն է մտնելու կամ ինչպիսի՞ կանանոցի է արժանանալու։ Ծանոթանալո՞ւ է արդյոք ձվերի համակենտրոնացման ճամբարում ծնված իր ցեղակիցների հետ։ Աքլոր դառնալու դեպքում նրան մի աքլորի հետ կռվեցնելո՞ւ են։ Կռվելու դեպքում հաղթելո՞ւ է։ Հավի խելք ունենալուց դժգոհելո՞ւ է։ Մի խելքը լավ է, քան այն, ինչին պիտի գումարվի անխելքի խորհուրդներից։ Մի անխելքությունը՝ նույնպես։ Եթե գիտակցում ես քո արժեքը, պարտադիր չէ, որ բարձր գին պահանջես։ Պահանջելու դեպքում մի ակնկալիր բարեմիտ վերաբերմունք։ Ապրանքը ինքնարժեքով զիջելը նվիրատվության աղքատ ազգականն է։ Իրարանցած մարդիկ հիշեցնում են միջատներին եւ հուշում են խոնարհություն նրանց նման լինելուց կամ արհամարհանք՝ նրանցից տարբերվելուց։ Ինչեւիցե, իմ ասածներն ընդունեք որպես երկդիմի փնովազդներ։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել