Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժումը արգելված երգով սկսեցին

Հուլիս 19,2002 00:00

Շարժումը արգելված երգով սկսեցին Տարիներ շարունակ արգելված էին հայ ազգային-հայրենասիրական երգերը եւ միայն անցյալ դարի 80-ականների վերջին դրանք մեր ժողովրդի հետ զարթոնք ապրեցին։ Այդ երգերի առաջին կատարողներից ու տարածողներից մեկը երգիչ Ներսիկ Իսպիրյանն էր, որը կարճատեւ այցով հայրենիքում է։ – Ձեր ավանդական ու ավանդապահ ընտանիքում հաց ու ջրի արժեք են ունեցել ազգային-հայրենասիրական երգերը։ – Իրավացի եք։ Էրգրի երգերով եմ «սնվել» ու մեծացել։ Առաջինը հորիցս եմ լսել «Անդրանիկ զորավարի երգը», «Արդյոք ովքե՞ր են», «Գեւորգ Չաուշի հիշատակին», «Աղբյուր Սերոբի երգը» եւ մեր մյուս երգերը։ Ղարաբաղյան շարժման տարիներից մինչեւ հիմա իմ երգացանկում միայն ազգային-հայրենասիրական երգեր են։ Երգել եմ ու կերգեմ. «Դեմից Անդրանիկ կիգա, ուր քառասուն քաջերով։ Զարկե՛ք , տղերք, մեռնի՛մ ձեզի, թուրքի վերջ կիգա մի օր»։ – Դա ձեր՝ «Առաջ, հայոց կտրիճներ» երգի տողն է։ Ինչու՝ ձեր, որովհետեւ ազգային զարթոնքի տարիներին հեռուստատեսությամբ, ռադիոյով, հրապարակներում՝ միտինգների ժամանակ այդ երգերը այնքան են հնչել, որ այսօր էլ որոշ հայրենասիրական երգեր լսելիս ասում ենք. «Սա Ներսիկի երգն է…»։ Իսկ արդեն 1995 թվականից… – Այո, այժմ ապրում ու ստեղծագործում եմ Ամերիկայում։ Այնտեղ (Եվրոպայում նույնպես) պրոպագանդում ու տարածում եմ մեր ազգային-հայրենասիրական երգերը։ Պիտի այնքան երգեմ, որ օտար ազգերն էլ հասկանան ու սիրեն էս երգերը։ Սրանք մեր պատմությունն են։ Հանրահայտ ճշմարտություն է՝ մարդ, որ մոռանում է իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու։ Ամերիկայում կան եւ հայեր, եւ «հայեր»։ Կան նաեւ տարբեր կուսակցություններ։ Հարգում եմ հատկապես այն հայերին ու կուսակցություններին, որոնք հայապահպան, հայանպաստ քաղաքականություն են վարում։ – Ձեր երգացանկի հանրահայտ «Մուրադի երգը» սկսվում է հետեւյալ տողերով. «Հայաստանեն եկած զինվոր, պատմե ինձի հայրենիքեն…»։ – Հարցի ենթատեքստը հասկացա։ Պատասխանեմ, շարունակելով երգի տողերը. «Ուրա՜խ եղիր, հայ ժողովուրդ, ունիս պաշտպան քաջ Անդրանիկ։ Մուրադի պես քաջ ֆիդայի, էլ ի՞նչ է ուզում հայրենիք»։ Քաջ տղերք հիմա էլ ունենք ե՛ւ հայրենիքում, ե՛ւ Սփյուռքում, ունենք եւ խելացի, հեռատես քաղաքական գործիչներ։ Միշտ աչալուրջ պետք է լինել, քանզի ծովից ծով, բայց այսօր մեր մի բուռ Հայաստանը եղել ու մնում է կռվախնձոր։ Երգել ու երգում եմ. «Հայ ֆիդայիք, ջան ֆիդայիք, մենք ձեզի մեռնինք։ Դուք եք հույսը մեր հայ ազգի, ձեր հույսով կապրինք»։ – Էրգրի կանչը ձեր մեջ վայրկյան անգամ չի լռում։ – Իսկ ո՞ր հայը չի երազում «Էրթանք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան» կամ ո՞ր հայն է վայրկյան անգամ մոռանում «Սուրմալուի ողբը»։ – Փաստորեն դուք դրսում զբաղվում եք ազգային-հայրենասիրական երգերի տարածմամբ։ – Այո, աշնանը պլանավորված են իմ մենահամերգները Ավստրալիայում։ Իսկ դրսում կաշխատեմ մինչեւ 2005 թվականը։ Եկեք գործենք ու հավատանք, որ մի օր էլ կիրականանա «Պաշտպան հայրենյաց» երգի տողերը՝ համայն հայության երազանքը՝ «Ցնծա՛, մայր իմ, ով Հայաստա՜ն, որդիքդ միացան…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել