Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող լավ աշխատեն ու հավաքագրեն»

Նոյեմբեր 05,2002 00:00

«Թող լավ աշխատեն ու հավաքագրեն» Ութ ամիս շարունակ Մեծ Մանթաշ գյուղում առկա է էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր։ Մինչդեռ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, բարձրլեռնային գոտում, Արագածի հյուսիս-արեւմտյան լերկ լանջին եւ հոկտեմբերի կեսերից գյուղում սկսվում է ձմեռը։ Երկու-երեք տարի շարունակ մանթաշցիները համակերպվել էին գրաֆիկով հոսանք ստանալուն։ Առավոտյան 8-11-ը եւ երեկոյան 5-6-ից մինչեւ 24-ը։ 8-9 ամիս է, ինչ գյուղը պարբերաբար եւ շաբաթներով հոսանքազրկվում է։ Մեկնաբանենք այդ «հոսանքազրկումը», վերլուծենք հետեւանքները։ Գյուղը հոսանքազրկվում է պարզ պատճառով. ծախսված կամ գողացված էներգիայի արժեքը չի վճարվում։ Հոսանքազրկելու փոխարեն, կարծում ենք, հարկավոր է այնպես անել, որ չգողանան։ Բայց եթե գողը տնից է՝ եզը երդիկից են գողանում։ Գյուղի հսկիչների աշխատանքը համակարգված չէ, ամեն օր հսկիչ են փոխում։ Հսկողությունը շատ թույլ է, հաշվիչները կազմակերպված չեն մոնտաժվել կամ ընդհանրապես մոնտաժված չեն։ Այժմ Մեծ Մանթաշում բերքահավաք է, կարկուտից կես ընկած բերքը պետք է հավաքել ու մինչեւ ձյան նստելը ավարտել։ Գյուղի 550 աշակերտները զբաղված են բերքահավաքով, իսկ դասերով չեն զբաղվում, որովհետեւ քնի հաշվին է, գիշերները խավար են, լույս չկա։ Սա հետեւանքներից, թերեւս, ամենապարզը։ 700 տնտեսություն ունեցող գյուղը (որը մարզի մասշտաբով տալիս է պետական բուհերում ամենաշատ սովորողներ) այսօր կտրված է աշխարհից, ինֆորմացիա չի ստանում։ Զավեշտակա՞ն է, թե՞ ողբերգական, երբ գյուղում մարդ է մահանում, այդ վիշտը նաեւ թաքուն ուրախություն է պարգեւում. մեկ օր էներգիա կունենան։ Շուտով գյուղում խիստ ձմեռ է լինելու՝ անտառանյութ չկա (Արագածի լանջերը մերկ են), փայտ չեն բերում, քանի որ արգելված է, ածուխ չկա, գյուղը գազիֆիկացված չէ։ Պատճառաբանվում է, թե գյուղը ծախսված էներգիայի 40%-ն է վճարում (որքան է ճշգրիտ՝ խիստ կասկածելի է), բայց այդպիսի մատակարարման դիմաց դա գերբարձր ցուցանիշ է։ Դեպքեր են եղել, երբ էներգիայի բացակայության պատճառով տեղի են ունեցել դժբախտ պատահարներ։ Ցերեկը գյուղը բարեկարգ է, հպարտորեն շարված են տուֆակերտ տները, իսկ գիշերը աթարի թանձրացած ծուխը հիշեցնում է 20-րդ դարասկզբի հայկական գյուղ։ Մենք հիմա հետադարձ հայացքով գնահատականներ ենք տալիս 1990-ական թթ. խավարին, բայց անտեսում ենք մեր օրերում խավարի մեջ թաղված հարյուրավոր ընտանիքների վիճակը։ Գյուղապետարանում այս հարցը համեմատեցին. «Եթե հարկերը չեն տալիս, մենք չենք վազում մարզպետի մոտ, որ գանգատվենք։ Հավաքում ենք։ Ինչո՞ւ են խավարի մեջ պահում, թող լա՛վ աշխատեն ու հավաքագրեն»։ Եվ, վերջապես, ինչո՞վ են մեղավոր բարեխիղճ վճարողները, ինչո՞ւ են թացը չորի հետ վառում։ Իսկ Ալագյազից Մեծ Մանթաշ ձգվող միջմարզային ճանապարհով երթեւեկողները հերոսություն են անում։ ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՅԱՆ Շիրակի մարզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել