Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-Ը ԴԵՌԵՎՍ ԱՌԱՆՑ ՎԱՌԵԼԻՔԻ Է

Դեկտեմբեր 19,2002 00:00

ՀԱԷԿ-Ը ԴԵՌԵՎՍ ԱՌԱՆՑ ՎԱՌԵԼԻՔԻ Է Ատոմակայանը ներկայացվում է որպես հանրապետությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40%-ը տվող հզորություն, նրա աշխատանքի չնախատեսված դադարի ընթացքում հաշվվում են համակարգին հասցվող վնասները եւ այլն։ Էներգետիկները ընդգծված հետաքրքրությամբ են նշում այս օրերին վառելիքի հերթական խմբաքանակի ուշացման արդյունքում իրենց կրած վնասները՝ առանձին հաշվարկներով, օրական 100 հազար դոլար։ Եթե կայանն ի վիճակի է տարեկան արտադրել 2 մլրդ 850 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որպիսին իրականացվել է, ասենք, 1985 թվականին, ինչու է 1996-ի վերաշահագործումից հետո այն արտադրում 1,8-2,2 մլրդ կվտ/ժամ։ Եղել են, չէ՞, տարիներ, երբ վերալիցքավորումը ընթացել է ըստ ժամանակացույցի, իսկ տարվա արդյունքում ստացվել է ընդամենը 2 մլրդ կվտ/ժամ. ինչո՞ւ ահազանգ չի հնչեցվել այս պարագայում, երբ խոսքը 1985-ի համեմատ հազիվ 60-65% արդյունքի ապահովման մասին է։ Ինչի հետեւանք է այս իրողությունը. էներգետիկները չեն նշում, ուստի մեզ մնում է ենթադրել, որ հարցը կապված կարող է լինել վառելիքի պակաս կարողունակության հետ։ Մի այլ տարբերակ է անվտանգության նպատակով կայանի առավելագույն հզորությամբ շահագործման աննպատակահարմարությունը։ ԽՍՀՄ տարիների վիճակագրությունը հաստատում է, որ երկրի ատոմակայանները յուրաքանչյուր տարվա ավարտին աշխատում էին իրենց առավելագույն հզորության մոտ 60-65%-ի սահմաններում։ 2002 թվականի աշխատած շրջանում արտադրելով 2.282 մլն կվտ/ժամ, կայանն ապահովել է 62%-անոց ցուցանիշ։ Ժամանակացույցով վերագործարկվելուց հետո այն կբարձրանա մինչեւ 75%-ի, որի նպատակահարմարությունը ոչ այնքան շահագործողների խնդիրն է, որքան նախագծողների։ Գուցե հենց սրանով է պայմանավորված վառելիքի ուշացման խնդիրը. նախագծող կողմը գիտի իր ստեղծած կայանի կարողունակությունը եւ փորձում է պարզապես իր հաստատած չափորոշիչների մեջ մնալ։ Իսկ թե ինչքանով էր հիմնավորված 1985 թվականին կայանի շահագործումը իր առավելագույն հզորության 80%-ի չափով, նեղ մասնագիտական խնդիր է ու թեեւ ուշացումով, սակայն պատասխանի կարոտ։ ԱԷԿ-եր ունեցող շատ երկրներում, ուր դրանք առավել հուսալի են գնահատվում, օգտվում են 65-75% ցուցանիշներից։ Ատոմակայանը մեր առօրյայի բաղկացուցիչ մասն է, որի որոշ բաղկացուցիչների մասին մարդիկ հարկ է, որ լավագույնը տեղեկացված լինեն։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Այս պահին առավել արդիական է մնում Ատոմակայանի համար ձեռք բերվող վառելիքի ձգձգումը, որի վերաբերյալ վերջին նորությունը, որ ստացանք նախարարությունից, նույնն է, ինչ շաբաթներ առաջ. «Բանակցությունները նորմալ են ընթանում, մոտ ժամանակներս վառելիքը կլինի»։ Ինչպես հայտնի է, ՀԱԷԿ-ի «պարապուրդի» ժամանակ հանրապետությունը ծախսում է «Հրազդան» ՋԷԿ-ի արտադրած, ինքնարժեքով թանկ էլեկտրաէներգիան։ Այս ՋԷԿ-ը, ինչպես հայտնի է, պարտքի դիմաց հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ տեսակետ կար, թե մեր ռուս գործընկերները ձգձգում են միջուկային վառելիքի տրամադրումը, ելնելով սեփական շահերից։ Էներգետիկայի նախարարությունից սա հերքեցին, նշելով, որ վառելիքի ձգձգումը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հետ կապ չունի, քանի որ փաստացի դեռեւս հանձնված չէ ՋԷԿ-ը եւ առայժմ ՀՀ-ն է շահագործում այն։ Լրատվական ծառայությունը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ միջուկային վառելիքի մատակարարումը ձգձգվում է մեր հանրապետության ունեցած շուրջ 28 մլն դոլարի պարտքի պատճառով, որ կուտակվել է 1995 թվականից ի վեր, միջուկային վառելիքի դիմաց։ Մինչ այդ մեր պետությունը շարունակում է վնասներ կրել։ Բացի թանկ էլեկտրաէներգիա օգտագործելը, երբեմն-երբեմն տեղի են ունենում նաեւ համակարգային վթարներ, քանի որ ցանցերը, ըստ որոշ տեսակետների, չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ ՀԱԷԿ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ «Առավոտին» էին դիմել, բողոքելով առ այն, որ աշխատավարձի համար նախատեսված գումարները «բանկից ստացվել են ամբողջությամբ, սակայն 40 մլն դրամը ծախսվել է այլ նպատակների համար, ինչի հետեւանքով էլ առայսօր 2001թ. դեկտեմբերի աշխատավարձը չի վճարվում»։ Նախկին աշխատակիցները նշում են, որ դեռեւս վերջնահաշվարկ էլ չեն ստացել։ Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունը հայտնեց, որ իրոք, երեք ամսվա աշխատավարձի պարտք կա։ Երբ նախարարությունը հատկացումներ է անում, չի հետեւում, թե աշխատավարձերի հատկապես որ ամսվա պարտքերն են մարվում։ Նույն աղբյուրը հայտնեց, որ ընթացիկ պարտքեր չեն կուտակվում եւ խոստացավ, որ գումարներ լինելու դեպքում աշխատավարձի պարտքն անմիջապես կմարվի։ Իսկ ՀԱԷԿ-ից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել