Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԿՏՈՒԺԵՆ ՌԵՊԵՏԻՏՈՐՆԵՐԸ

Դեկտեմբեր 25,2002 00:00

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԿՏՈՒԺԵՆ ՌԵՊԵՏԻՏՈՐՆԵՐԸ Կրթական համակարգում կրեդիտային նոր համակարգի ներմուծման հետ ռեպետիտոր-դասախոսները կզրկվեն իրենց եկամտաբեր աշխատանքից: Այսօր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում կան դասախոսներ, որ 80-100 աշակերտ են պահում: Նրանք սովորաբար վարձով տուն են վերցնում, 2 ասիստենտների հետ փոքր դպրոց բացում: Եվ սկսում են բառի բուն իմաստով վարժեցնել երեխաներին: Դա է պատճառը, որ հաճախ դժվարն անգիր արած երեխաները հեշտ վարժությունները չեն կարողանում գրել: Ի դեպ, դա ապացուցվեց այս տարվա մաթեմատիկայի քննությունների ժամանակ: Ըստ պաշտոնական տվյալների, այժմ արդեն լուծման բանալին գտնվել է. նոր շտեմարանները պետք է ներառեն եղած 4-5 շտեմարանների առաջադրանքները՝ բնականաբար դասագրքերի սահմաններում: Իսկ 4-5-ին վարժեցնելը հեշտ գործ չէ, եւ դասախոսներն ստիպված են լինելու երեխային գրագիտություն սովորեցնել, բացատրել նյութի սկզբունքները: Մինչ այժմ միայն հայոց լեզվի շտեմարանի հարցը չի լուծվել, այն էլ՝ որոշ դասախոսների ամբիցիաների պատճառով: Այս ամենին վերջ կդնի հենց սպասվող կրեդիտային համակարգը: Բայց մինչ դրան անցնելը, պետք է մշակվեն առարկայական չափորոշիչներ եւ ձեւավորվի թեստային համակարգ: 2003-ին վարկային ծրագրով նախ մշակվելու են ընդհանուր չափորոշիչներ, այսինքն՝ հանրակրթական դպրոցի անձնագրավորում՝ յուրաքանչյուր խմբի (բնագիտական, հումանիտար եւ այլն) համար, հետո հատուկ հանձնախմբերով՝ թեստային եւ չափորոշիչների անձնագրավորում: Առաջին փորձը կլինի 2004-ին՝ մաթեմատիկա, հայոց լեզու եւ ինֆորմատիկա առարկաներից: 2005-ին կմտնի բնագիտության բլոկը, 2006-2007-ին՝ հումանիտարը: Դրա հետ միաժամանակ կսկսվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, կոմպյուտերիզացիայի ծրագիրը եւ գիտելիքների գնահատման կենտրոնի հիմնումը: Ընդ որում, որպեսզի ժողովրդի մեջ ցնցումներ չլինեն, որովհետեւ ամեն մի նորարարության դեպքում գործ ունենք երեխայի ճակատագրի հետ, ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն առաջարկում է հետեւել Մերձբալթիկայի օրինակին, այսինքն՝ կրեդիտային ձեւով ընդունելությունը մի քանի տարի թողնել կամավորության սկզբունքով. «կպահենք կենտրոնացված կարգով քննությունը, զուգահեռ կլինի սա, եւ երեխան կընտրի իր ուզածը»: Աշակերտն իր դպրոցական իմացությամբ, գիտելիքների գնահատման կենտրոնում (որտեղ օրական 500 դիմորդ պետք է կարողանա մտնել), կոմպյուտերային լսարաններում յուրաքանչյուր առարկայից իրավունք պիտի ունենա 3 անգամ իր գիտելիքները գնահատել. ստանում է իր հարցերը, լուծում է, միանգամից համակարգչից ստանում է պատասխանը, ստանում է միավորը, եթե գոհ է, պահում է, եթե ոչ՝ 2-րդ եւ 3-րդ անգամ էլ կարող է փորձել: Դա կտեւի հունվար ամսից մինչեւ օգոստոսը: Մեր հարեւան Իրանը եւ Թուրքիան, որտեղ ընդունելության քննությունները նույն խնդիրներն ունեին թե կոռուպցիայի, թե ռեպետիտորության իմաստով, այս համակարգերի ներդրմամբ ամբողջապես այդ հարցերը լուծել են: Ի դեպ, Իրանը 30 միլիոն դոլար է ծախսել այս համակարգի վրա, սակայն այստեղ 1 շաբաթվա ընթացքում 1 միլիոն մարդ է մտնում քննության, ու «առանց մարդու երես տեսնելու» հարցը լուծվում է: Մեզ մոտ համակարգի գինը մոտավորապես 3-4 միլիոն դոլար է, որ վարկային ծրագրով արդեն ունենք: Եթե մի պարզ հաշվարկ կատարենք, կտեսնենք, թե այս դեպքում ինչ գումարներից կզրկվեն մեր ռեպետիտորները: Ամեն տարի Հայաստանն ունենում է 12 հազար դիմորդ. եթե դրանցից միայն 6 հազարն էլ մասնավոր պարապի՝ յուրաքանչյուր առարկայական բլոկի համար վճարելով 1500 դոլար, կստացվի, որ 9 միլիոն դոլար ամեն տարի ժողովուրդը հենց այնպես տալիս է, որ միայն պարապի, այն դեպքում, երբ դեռ համոզված չես, որ երեխան կընդունվի: Եթե այդ 9 միլիոնը գոնե հավասարապես բաշխես դասախոսների միջեւ, էլի սոցիալական խնդիր կլուծվի, բայց բաշխումն էլ հավասար չէ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել