Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՑՎՈՒՄ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբեր 25,2002 00:00

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՑՎՈՒՄ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՄԲ Միքայել Պողոսյանը սպասում է լավ ռեժիսորի «Կենտրոնական փողոցներն այսօր սկսել են ասֆալտապատել, բայց մնացած փողոցներն ինձ համար ավելի հարազատ են՝ անտեսված լինելու պատճառով»,- ասում է Միքայել Պողոսյանը։ Ցավում է, որ Լինսի հիմնադրամի միջոցներով միայն թատրոնների շենքերն են վերանորոգվում ու հնարավոր չէ դրանցով թատրոնը հոգեբանորեն վերականգնել. «Այսօր թատրոնում լիդերների բացակայություն կա, այդ պատճառով էլ չեմ ուզում խաղալ որեւէ թատրոնում»։ «Իսկ հանդիսատեսը Ձեզ սպասում է» հարցին պատասխանում է. «Ես էլ լավ ռեժիսորի եմ սպասում»։ Ուզում է այստեղ ստեղծագործել, որովհետեւ Երեւանից դուրս մուսաները փախչում են, թեեւ Երեւանից դուրս էլ սպասողներ ունի. «Սփյուռքում լավ հանդիսատես ունենք, հատկապես Լոսում։ Նայում եմ նրանց աչքերին ու կարոտս Երեւանից առնում»։ Լավագույն տղերքը հեռանում են՝ տանելով իրենց հետ Երեւանի համն ու հոտը։ Լոս Անջելեսում իրենց «յան»-ը քիչ թե շատ պահպանած հայերի համար վերջերս ներկայացրել է Աղասի Այվազյանի սցենարի հիման վրա բեմադրած «Anniversarios» ներկայացումը, որ լատիներեն նշանակում է ամեն անգամ կրկնվող։ Հայի տեսակի տարբեր դրսեւորումների մասին է խոսքը, որն իր մեջ պարունակում է ե՛ւ Տրդատին, ե՛ւ Նարեկացուն, ե՛ւ Չարենցին. «Դա մի փնտրտուք էր, թե դեպի ուր է գնում հայը։ Ներկայացումն ավարտվում է այն գաղափարով, որ հայի փրկության միակ անհրաժեշտ միջոցը հավատն է, որ քեզանից պահանջում է ամենօրյա աշխատանք՝ մտքի, հոգու մաքրման»։ Սա՝ հեռվում գտնվող հայերի համար։ Իսկ երեւանցիներին մարտին սպասվում է մի նոր ֆիլմ՝ «Երեւան ջան»։ Նա հայտնվել է անսպասելի, միանգամից, խոսել նորովի, բայց հին բարեկամի պես։ Առաջին լուրջ դերը կինոյում եղել է Գենադի Մելքոնյանի (որին իր կնքահայրն է համարում) «Վերջին կիրակի» ֆիլմում։ Ու թեեւ հայ կինեմատոգրաֆն այժմ ճգնաժամ է ապրում, նույնիսկ այսպիսի պայմաններում հասցրել է 2000 թվականին նկարահանվել 3 ֆիլմում՝ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը», Սուրեն Բաբայանի «Խենթ հրեշտակը» եւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան»։ Իսկ մենք խաղում ենք մեր դերերը «Ինչ-որ մի կարեւոր բան չի աշխատում»,- ասում է «Խաթաբալադայի» գլխավոր հերոս Համազասպը։ Նրան մարմնավորած դերասանը իր դերերով փորձում է այդ «կարեւորը» աշխատեցնել. «Էականը՝ թե դու որպես մարդ ի՞նչ պարտավորություն ես վերցրել քեզ վրա, հետո նոր օգնության է գալիս մասնագիտությունը»։ Իսկ դերեր խաղալը նրա համար ինքնանպատակ չէ։ Դերերը նրա մարդկային տեսակի շարունակությունն են, որոնց հետապնդումից երկար ժամանակ չի կարողանում ազատվել. «Մինչեւ նոր դեր խաղալս, Գժոն մեջս գժություններ էր անում»։ Քրեյզիի կերպարը տարբերվում է Մ. Պողոսյանի մարմնավորած մյուս հերոսներից՝ խեղկատակ, շատախոս ու շարժուն Թոմազոն, խեղճ ու սոված բանաստեղծ Համազասպը եւ այլն։ Ու հանկարծ մի դերի կերպավորում, որի էությունն ու հոգեվիճակն արտահայտելու համար դերասանն ապավինել է աչքերի արտահայտությանն ու դիմախաղին՝ ներկայանալով խորհրդավոր ու խոսուն լռությամբ։ Միքայել Պողոսյանը, սակայն, կարծում է, որ Գժոն չկայացած կերպար է (չնայած այդ դերի համար «Լիստոպադ-2002»-ից մրցանակ է ստացել), որովհետեւ. «Հնարավոր չէ այդ աչքերով եւ ուրիշի ձայնով կերպար ստեղծել»։ Իր կյանքի ամենամեծ աբսուրդը համարում է այն, որ Գժոն խոսում է Վիգեն Չալդրանյանի ձայնով։ «Փակ աչքերով էլ կարելի է տեսնել գեղեցկությունը»,- այս միտքը հնչում է նաեւ գյումրեցի կույր երաժիշտ Խորենի շուրթերով։ Իր հերոսի պես Մ. Պողոսյանն էլ տիրապետում է փակ աչքերով գեղեցկությունը տեսնելու շնորհին։ Նա չի ուզում հնարովի ու երեւակայական աշխարհ ստեղծել, այլ փորձում է գեղեցիկը տեսնել իրականության մեջ։ Ըստ նրա, երբեմն դերերից նաեւ նոր բան է սովորում։ Այսօր – Շատերը սպասում էին եւ ուզում էին Ձեզ տեսնել «Իմ մեղքը» ներկայացման մեջ։ Արդյոք «Լռության սիմֆոնիայից» հետո չե՞ք ուզում կամ չե՞ք կարող խաղալ նմանատիպ շոու-ներկայացումներում։ – Ժանրը այստեղ կարեւոր չէ՝ շոու եք անվանում, թե ինչ։ Կարեւորն այն է, թե որքանով է տվյալ կերպարը համահունչ իմ այսօրվա եսին։ Ուղղակի ի սկզբանե այդ նյութն ինձ չհետաքրքրեց։ – «Ալֆրեդի սենյակ»-ները, «իՈ րՑպՍսՏՎ»-ները եւ նմանատիպ այլ հեռուստածրագրեր այսօր գրավել են ամբողջ աշխարհը ու կարծես գալիս են փոխարինելու ֆիլմերին ու ներկայացումներին… – Նման պրոյեկտները երբեք չեն կարող փոխարինել իսկական արվեստի գործերին։ Ուղղակի մարդիկ դրանց հակակշիռ-արժեք չունեն, դրա համար էլ դատարկությունը լցվում է անհեթեթություններով։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել