Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած Նոր տարի

Հունվար 21,2003 00:00

Ուշացած Նոր տարի Թեեւ Ամանորից ու Սուրբ ծննդյան տոներից անցել է բավականին ժամանակ, սակայն տոնական կրքերը դեռ չեն մարում։ Ասվածի ապացույցն է հունվարի 17-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացած «Գիշերային իրարանցում» մանկական ներկայացումը, որը կազմակերպել էր Հայ ավետարանչական ընկերակցությունը։ Դերերը կատարում էին վերոհիշյալ ընկերակցության Երեւանի գրասենյակի թատրոնի խմբի սաները, որոնցից մի քանիսն այնպես էին մարմնավորում իրենց հերոսներին, որ անգամ այսօրվա մեր երիտասարդ, իրենց աստղ համարող դերասաններից շատերը նրանցից հաստատ սովորելու շատ բան ունեն։ Իսկ ներկայացումը Հիսուսի ծննդյան մասին էր՝ ժամանակակից ներմուծումներով, ասենք, օրինակ, գլխավոր հերոսը՝ պարոն Կառավարիչը, բարի գործեր էր անում, բայց ոչ մարդկանց օգնելու համար, այլ որպեսզի լավ ու բարի անուն ունենա, ճիշտ այնպես, ինչպես մերօրյա շատ քաղաքական գործիչներ, միայն մի տարբերությամբ. ներկայացման մեջ խաբեբա Կառավարիչը Հիսուսի ծննդյան օրը բարիանում է։ Հենց սա էլ ներկայացման հեղինակների գլխավոր նպատակն է, որ Աստված մեզ սիրում է եւ ուզում, որ մենք ճանաչենք իրեն, այդ դեպքում բարին կիշխի աշխարհին։ Ըստ Հայ ավետարանչական ընկերակցության մշակույթի բաժնի պատասխանատու Հարութ Ներսիսյանի, «այս տարի նմանատիպ միջոցառումներ կայացան Հայաստանի ու Արցախի շուրջ հիսուն քաղաքներում ու գյուղերում եւ 15.800 երեխա պարգեւատրվեց ամանորյա նվերներով»։ Ձմեռ պապիկը նրանց նվիրեց «Բարեկենդանը» պատկերազարդ գիրք, «Շողիկ» թերթ, մատիտներ ու քաղցրեղեն։ Ըստ Հ. Ներսիսյանի, «Հայ ավետարանչական ընկերակցությունը վերջին տասը տարիներին մշտապես կազմակերպում է Սուրբ ծննդին նվիրված ցերեկույթներ, իսկ այս տարի, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի խնդրանքով, մեր ընկերակցությունը եւ Արցախի թեմը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղանի աջակցությամբ, Արցախի 1-4-րդ դասարաններում սովորող մոտ տասը հազար աշակերտների համար պատրաստել էր ամանորյա նվերներ, իսկ արդեն ավանդույթ դարձած ամենամյա տոնական միջոցառումները այս տարի իրականացվել են սփյուռքահայ բարերարների աջակցությամբ»։ Երեւանում այն կայացավ հունվարի 17-ին, քանզի մայրաքաղաքի բոլոր թատրոնները վերանորոգվում են, իսկ այս թատրոնն էլ մշտապես ծանրաբեռնված էր եւ անգամ Ձմեռ պապիկը խոստովանեց, որ ինքը ուշացած Ձմեռ պապիկ է։ Ինչեւէ, «Գիշերային իրարանցում» ներկայացումը (բեմադրող՝ Նունե Աբրահամյան) հիանալի էր, պարզապես այն վայելելու համար պետք է դիմանայիր եղանակի սառնությանը, որը դահլիճում եւ դրսում գրեթե նույնն էր։ Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ հանդիսատեսի համար երկար սպասված ու ամենահաճելի պահը նվերներ ստանալն էր։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031