Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «բաեւիկն» ուրիշ է

Փետրվար 11,2003 00:00

Մեր «բաեւիկն» ուրիշ է Փետրվարի 8-ից մեծ էկրանին ցուցադրվում է Գոռ Վարդանյանի երրորդ՝ «Չգրված օրենք» մարտաֆիլմը, որը նախորդ երկուսի («Խավարման օրը», «Ընտրություն») անհաջող տարբերակն է։ Այս ֆիլմում եւս չկա կոնկրետ սյուժե, դարձյալ մի խումբ բացասական հերոսներ, ու ֆիլմի վերջում նույն անվեհեր Գոռը, որ միայնակ հաղթում է վերջիններիս ու հաշվեհարդար տեսնում չգրված օրենքներով ապրող, տառապյալ հայաստանցիների հոգս ու ցավին անտեղյակ մյուս բացասական հերոսների հետ։ Ինչպես նախորդ ֆիլմում, «Չգրված օրենքում» կրկին գլխավոր հերոսի կինը զոհվում է «բանդիտական գնդակներից»՝ այդպես էլ լույս աշխարհ չբերելով ապագա երեխային։ Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյանը հպարտորեն «Չգրված օրենքը» ներկայացրեց իբրեւ ֆիլմ, որը «հին ու նոր հանցագործ սերունդների փոխհարաբերությունների մասին է, միայն փորձել են ավելի զարգացնել ժանրը»։ Մնացածն ասվում էր ֆիլմի մասին պատմող բուկլետում, այստեղ իբր «նոր կազմավորվող ու կյանք մտնող սերնդի ուշադրությունը փորձ է արվում բեւեռել երիտասարդության մեջ օրեցօր տարածվող թմրամոլության եւ դրանից ծնվող ողբերգության վրա»։ Նշենք, սակայն, որ ֆիլմում գույները բավականին խտացված են։ Օրինակ, երեւանցիները բոլորովին էլ սովոր չեն փողոցներում պայթող մեքենաներ տեսնել, թմրամոլությունն էլ, կարծում ենք, այնպիսի տարածում չունի, ինչպես ֆիլմում են գուժում։ Ավելին, մարդասպանության, բռնության, թմրամոլության մասին կադրերը, ստացվում է, հակառակ՝ ուսուցողական նշանակություն են ձեռք բերում։ Ի դեպ, հեղինակների, ավելի շուտ, ամենահեղինակի՝ Գոռ Վարդանյանի մասին։ Նա ե՛ւ մտահղացման, ե՛ւ երաժշտական ձեւավորման հեղինակն է, ե՛ւ մարտական տեսարանների բեմադրիչը, ե՛ւ պրոդյուսերը, ե՛ւ գլխավոր դերակատարը։ Ինչպես հայտնի ֆիլմի հերոսի մասին էին ասում, այստեղ եւս շատ տեղին կլիներ ասել. «Կվ Ջպ թՏչՈ, Տվ Ջպ թՏՔՈ…»։ Մի նկատառում եւս. նախագահական ընտրությունների նախաշեմին ցուցադրվող ֆիլմի գլխավոր դերակատարը, որը նաեւ ՀՀ նախագահի անվտանգության ծառայության ֆիզիկական-մարտական գծով գլխավոր ինստրուկտորն է, ոչ պատահականորեն նման միտք է հայտնում. «Ախպեր, ղարաբաղցին որն ա, երեւանցին որն ա, լեննականցին որն ա, հայ չե՞նք սաղս»։ Ուշադրության արժանի է նաեւ ֆիլմի մասին պատմող բուկլետը, որի վրա 40 անձանց եւ մի քանի գերատեսչությունների՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման ու էներգետիկայի նախարարություններին ուղղված շնորհակալություն կա։ Ուշագրավ է նաեւ նրանում եղած հետեւյալ միտքը. «Ֆիլմը զերծ չէ պարզ փոխհարաբերություններից, ջերմությունից եւ սիրուց»։ Բուկլետը զարդարում են ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Լոգինովի եւ հոլիվուդյան կինոդերասան Դոն Դրագոն Վիլսոնի կարծիքները Գոռ Վարդանյանի տաղանդի ու դրա յուրօրինակ դրսեւորման՝ ֆիլմի մասին։ Նշենք, որ մեր մշակույթի եւ սպորտի նախարարը ոչ միայն փառաբանել է Գոռի հաջողությունները սպորտում եւ կինոյում, այլեւ եկել այն համոզման, որ վերջինս «հայկական կինոյում հիմնադրել է նոր ոլորտ՝ մարտադետեկտիվային, եւ հաստատուն քայլերով գնում է դեպի համաշխարհային կինո»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել